ՖՈՏՈ․ Նոր մանրամասներ Աբովյանի բանկերից մեկի մասնաճյուղում ահաբեկչություն կատարելու դեպքից․ դատարան միջնորդություն է ներկայացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվել են մայիսի 25-ին բանկի մասնաճյուղում Բյուրեղավան քաղաքի 49-ամյա բնակչի կողմից կատարած ահաբեկչության դեպքի մի շարք հանգամանքներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:

«ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված անհրաժեշտ և ահետաձգելի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2024 թ․ մայիսի 25-ին՝ ժամը 16։25-ի սահմաններում, 49-ամյա տղամարդը, ահաբեկչություն կատարելու դիտավորությամբ, մուտք է գործել ՀՀ-ում գործող բանկերից մեկի՝ Աբովյան քաղաքում տեղակայված մասնաճյուղ։

Այնտեղ գտնվող բանկի աշխատակիցներին, ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակցին և հաճախորդներին ահաբեկելու, ինչպես նաև բանկի աշխատակիցներին իր պահանջները կատարելուն հարկադրելու նպատակով, նա ապօրինի կերպով ձեռք բերած և իր մոտ պահվող «Ֆ-1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակը բերել է մարտական վիճակի՝ ստեղծելով պայթյուն կատարելու իրական սպառնալիք։ Տեղում գտնվող անձանց կյանքից զրկելու վտանգ ստեղծելով՝ նա զավթել և պահել է բանկի մասնաճյուղի շենքը՝ պահանջելով հրավիրել լրագրողներ։ Սակայն անվտանգության ազդանշանի միանալու արդյունքում դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցներ։ 49-ամյա տղամարդու հետ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության պետի կողմից, Ոստիկանության մարզային վարչության աշխատակիցների մասնակցությամբ, տեղի ունեցած բանակցությունների արդյունքում, ժամը 17։54-ին, տղամարդը իրավապահներին է հանձնել մարտական նռնակը, վնասազերծվել և ձերբակալվել։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 49-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։




Լրահոս