Արցախի ամբողջական հայաթափումից հետո, 2023 թվականի նոյեմբերի 23-ին Իլհամ Ալիևի հրամանագրով ստեղծվեց «Ղարաբաղի համալսարանը», որը պետք է գործի 2024 թվականի սեպտեմբերից Ստեփանակերտ քաղաքում՝ Արցախի Պետական Համալսարանի շենքում: Ներկայումս Արցախի Պետական Համալսարանի տարածքում ընթանում են շինարարական աշխատանքներ․ շենքի ամբողջ ճակատը պատած է տախտակամածերով, հեռացվել է շենքի ամբողջ երեսպատումը, որն արվել էր շենքի վերջին վերանորոգման ժամանակ: Գրում է Monument Watch-ը:
Գլխավոր ճակատից արդեն իսկ հեռացվել է հայերեն «Արցախի Պետական Համալսարան» գրությունը։ Հավանական է, կհեռացվի նաև քիչ ավելի ներքև գտնվող «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» գրությունը: Արցախի Պետական Համալսարանը հիմնադրվել է 1969 թվականին և սկզբնապես եղել է «Բաքվի Վ. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճյուղը», իսկ 1973 թվականին՝ ստացել ինքնուրույն կարգավիճակ և վերանվանվել Ստեփանակերտի Պետական Մանկավարժական ինստիտուտ: Վերջին տարիներին համալսարանի շենքը Հայաստան Համահայկական Հիմնադրամի կողմից վերակառուցվել էր, ամրակայվել, կառուցվել էին նոր մասնաշենքեր:
Նախքան Արցախի ամբողջական բռնազավթումը՝ համալսարանն ուներ 5 ֆակուլտետ, 15 ամբիոն, շուրջ 3000 ուսանող և 200 դասախոս։ Համալսարանի գրադարանն ուներ ավելի քան 100 հազար կտոր գրականություն, հրատարակչություն, որտեղ հրատարակվում էին «Գիտական տեղեկագիր», «Հայագիտական հանդես», «Արցախի համալսարան» պարբերականները: Համալսարանի բակում էր տեղադրված Արցախյան առաջին պատերազմում զոհված 75 ուսանողների հիշատակին կանգնեցված հուշարձանը: