Երեկ «Անի Գրանդ» հյուրանոցում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում է ունեցել Արցախի կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների եւ համայնքի ղեկավարների հետ։
Հանդիպման մի մասն անցել է դռնփակ կերպով։
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արցախի ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցի հետ։ Անդրադարձել ենք սպասվող հանրահավաքին, դրանից ակնկալիքներին եւ արդի այլ հարցերի։
-Բագրատ սրբազանն ասել է, որ հնարավոր է Ոսկեպարով վերադարձ՝ Արցախ: Այս միտքը իրատեսական համարու՞մ եք:
-Իմ երիտասարդության տարիները համընկել են Արցախյան շարժման հետ, որից հետո մի քանի տարի ծառայել եմ Արցախի բանակում, ընդհուպ՝ գունդ եմ ղեկավարել, եւ ամբողջ կյանքս համարել եմ, որ պայքարում եմ Արցախի անկախության, Արցախը հայկական պահելու համար, ինչը ողջ հայության խնդիրների միայն մի մասն է: Անկախ նրանից, թե ինչ ճակատում ենք պայքարում, մեր համար մեկ խնդիրը պիտի լինի ողջ հայության հարցը՝ անկախ ճակատից: Յուրաքանչյուրը պիտի իր պատասխանատվության բաժինն ունենա հայ ազգի ճակատագրում:
-Պարո՛ն Բաղունց, իշխանության ներկայացուցիչները հաճախ ծաղրով են վերաբերվում այս շարժմանը: Ասում են, որ իմպիչմենտն անհնար է, եւ չեն հրաժարվելու իշխանությունից: Ասում են, որ շարժումը հնարավոր է՝ մարի:
-Ամեն մարդու, հատկապես՝ պայքարի մեջ մտած մարդու համար, դատավոր պիտի լինի իր խիղճն ու Աստված. թե ով կողքից ինչ կխոսի, էական չէ, թող ինքն իր գործով ապացուցի, որ հայանպաստ գործունեությամբ է զբաղվում:
-Բագրատ սրբազանն ասել է, որ կիրակի օրը մեծ հանրահավաք է լինելու, եւ հրապարակվելու է հստակ գործողությունների ծրագիր: Ըստ Ձեզ՝ ի՞նչ է սպասվում:
-Իրենից պիտի ճշտեք: Նախ՝ չեմ տիրապետում բոլոր մանրամասներին, եւ հետո՝ իրավասու չեմ ներկայացնել: Հնարավոր է՝ քայլեր կան, որոնց մասին այս պահին խոսելը ճիշտ չի լինի:
-Իսկ դուք ի՞նչ սպասելիքներ ունեք հանրահավաքից:
-Սպասելիքները մեծ են Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման, հայության հավաքական՝ Արցախ վերադարձի հարցում, ինչը յուրաքանչյուր հայի պիտի մտահոգի. խնդիրներ շատ կան: Յուրաքանչյուրս պիտի ներդրում ունենա, որպեսզի հետ չմնանք, քանի որ հետ մնալը անվտանգության թուլացման հիմքն է: Մենք տեսնում ենք, թե ինչպես են տնտեսության զարգացման հետ մեկտեղ բազմաթիվ երկրներ հասնում մի կետի, երբ իրենց դերակատարությունը կրկին աճում է, եւ իրենք են թելադրում: Ականատեսն եք մեր հարեւան պետության ղեկավարի՝ սպառնալիքներով լի հայտարարություններին, եւ դրա հիմքում այն է, որ մենք ազգովի վերջին 30 տարիների ընթացքում ոչինչ չարեցինք, որ մեզ հետ ուժի սպառնալիքների տեսանկյունից չխոսեն, եւ այժմ դրա դասերն ենք քաղում՝ թեկուզ ժամանակավորապես, սակայն կորցնելով Արցախը: Համախմբման շնորհիվ պետք է հասնենք թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ հայկական աշխարհի ամրապնդմանը, որպեսզի մեզ հետ ուժի սպառնալիքով խոսակցություններ չվարեն:
Նշենք, որ երեկ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ սրբազանը հանդիպել է Արցախի քաղաքական եւ պետական ղեկավարության հետ:
Զրուցեց ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԸ
ՄԱՐԴԻԿ, ՄԻԵՎՆՈՒՅՆՆ Է, ԹՇՎԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ
Հայաստանի Հանրապետության հրապարակում 01.05.2018թ., ելույթ ունենալով՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Հայաստանը պետք է ջնջի իր երեսին դաջված ամենաամոթալի խարանը՝ շուրջ 30 տոկոսանոց աղքատությունը, որը երկար տարիներ մեր ժողովրդին զրկում է ապագայից ու հայրենիքից»:
21.11.2018թ. Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր. «Իմ խորին համոզմամբ՝ երկար տարիներ ՀՀ-ում խրախուսվել է աղքատությունը, քանի որ գործող քաղաքական համակարգին ձեռնտու է եղել, որ մարդիկ լինեն աղքատ, քանի որ աղքատ մարդկանց ընտրակաշառքով շատ ավելի հեշտ է ուղղորդել կոնկրետ ընտրության: Մենք ուզում ենք, որ ՀՀ-ում լինեն հարուստ մարդիկ»։
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է իրական պատկեր:
Աղքատության թվային պատկերը հետեւյալն է՝
l 2018թ. – 23.5%
l 2019թ. – 26.4%
l 2020թ. – 27%
l 2021թ. – 24.8%
l 2022թ. – 24.8 %
2023 թվականի ցուցանիշը դեռ հրապարակված չէ։
Աղքատության մակարդակը, ըստ աղքատության վերին գծի, հետեւյալն է՝
l 2019թ. – 43,8%
l 2020թ. – 47,6%
l 2021թ. – 45,7%
l 2022թ. – 41,3%
Ծայրահեղ աղքատությունը 2022թ. կազմում է 1.2 տոկոս, այնինչ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր վերացնել։
Ի՞ՆՉ ՈՒՆԵՑՎԱԾՔ ՈՒՆԻ Հ. ԱՍԼԱՆՅԱՆԸ
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրած պաշտոնատար անձի՝ 2023 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագիրը։
Այսպիսով՝ պարզ դարձավ, որ Հակոբ Ասլանյանը Ազգային ժողովի աշխատակազմից որպես աշխատանքի վարձատրություն ստանում է տարեկան 10 մլն 751 հազար դրամ։ Ասլանյանը ֆինանսական միջոցներ է ստանում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, որպես կենսաթոշակ, տարեկան 825 հազար դրամ. այն ամսական կազմում է գրեթե 68 հազար դրամ։ Ասլանյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 1 մլն դրամ, բանկային ավանդները՝ 1 մլն դրամ եւ 6 հազար ԱՄՆ դոլար` նախորդ տարվա համեմատ ավելանալով գրեթե 3 հազար ԱՄՆ դոլարով։
Ասլանյանը, համեմատած մյուս ՔՊ-ականների, համեստ կյանքով է ապրում։ Պատգամավորն ունի 1 բնակարան Երեւանում` ձեռք բերված դեռ 1986 թվականի հուլիսի 1-ին, նույն բնակարանի համասեփականատեր է նաեւ պատգամավորի կինը՝ Ալվարդ Խաչատրյանը։
Բնակարանը, որը գտնվում է Նոր Նորք վարչական շրջանում, նախորդ տարվա հայտարարագրում ձեռք էր բերվել 1987 թվականի օգոստոսի 28-ին։ Սա վրիպակ է, թե սխալմունք՝ չենք կարող ասել։
Պատգամավորի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 400 հազար դրամ։
Ասլանյանի կնոջ բանկային ավանդները կազմել են 1 մլն 200 հազար դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 500 հազար դրամ, հաշվետու տարվա եկամուտները կազմել են 612 հազար դրամ, որը կենսաթոշակ է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։ Կնոջ բանկային ավանդները 2022 թվականից հետո ավելացել են, եւ 2023 թվականին՝ զրոյից դարձել 1 մլն 200 հազար դրամ։
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին հանրային տրանսպորտում երիտասարդ Սամվել Վարդանյանը, տեսնելով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին, նրան թիրախավորել էր՝ անվանելով «ժեխ բիձա», «դավաճան»: Դեպքից հետո նրան ձերբակալեցին, իսկ քննչականից ձերբակալվածների պահման վայր տեղափոխելու ճանապարհին երիտասարդին դիմակավորված բանդան ծեծել էր, խոշտանգել, սեռական նվաստացման ենթարկել: Սկզբում Հակոբ Ասլանյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշել էր, որ Սամվել Վարդանյանի դեմ բողոք չի ներկայացնի, սակայն մեկ օր անց՝ ակնհայտ քաղաքական որոշման արդյունքում, կայացված որոշումից հետո Հակոբ Ասլանյանը հաղորդում ներկայացրեց Սամվել Վարդանյանի դեմ։