ԿԱ ԸՆԴՀԱՆՈՒՐ՝ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր այս շարժման բուն նպատակը իրական խաղաղություն ունենալն է՝ թե՛ մտքի, թե՛ ֆիզիկական:

Այս մասին արցախցի պատգամավորների ու կառավարության անդամների հետ հանդիպմանը ասել է Բագրատ Սրբազանը։
«Շատ ուղիղ եմ ասում՝ պատերազմը իրենք են բերել՝ իրենց ապաշնորհ լինելու պատճառով։ Հիմա մենք շատ փխրուն ու անպատրաստ ենք ու ստիպված ենք լինում մեր հայրենիքը կտոր-կտոր, պատերազմի սպառնալիքի ներքո, ուղղակի զիջելու. թե հետո ինչ կլինի, դրա հետեւանքը, կարծես, ոչ մեկին չի հետաքրքրում։
Հարցի բարոյական մասը մեզ համար կրկնակի կարեւոր է։ Գործընթացը սկսել է ստով, ու սուտը սկսել է դեռ 2018 թվականից, գիտենք, թե ստախոսն ով է, ստի արտաբերողն ով է։ Այս ստի մշակույթը պետք է կանգնեցվի։ Սա ավելի կարեւոր է, քան իրավական ու մնացած կետերը. սա ստի ու ճշմարտության պայքար է, այլընտրանք չկա. ճշմարտությունը պետք է հաղթի, եթե ուզում ենք կյանքի շարունակականություն ունենալ։
Հրապարակի վրա դրված տեսանյութը դեռեւս ոչ ոք չի հերքել, որովհետեւ մենք ճշմարությամբ խոսել ենք ստի մասին: Ես ամեն օր սպասելու եմ, որ ինչ-որ մեկը հերքի, բայց չեն հերքելու. այս շարժումը հաշտության մասին է, բայց ոչ ոք չկարծի, որ այդ հաշտությունը ենթադրում է լղոզված հարաբերություններ։
Հաշտության հիմքը եթե արդարությունը կամ արդարադատությունը չէ, այդ հաշտությունը իմաստ չունի։ Մեր երկիրը պետք է մեղսալիցներից, մեղավոր հասարակությունից վերացվի ու դառնա արդարների հասարակություն։ Հետեւաբար՝ հաշտության օրակարգը չի ենթադրում չարդարադատություն», – ասաց նա։
Անդրադառնալով Արցախի հարցին՝ Սրբազանն ասաց. «Մենք սխալվելու ենք այնքան ժամանակ, ինչքան Արցախի հարցը կառանձնացնենք ընդհանուր համահայկական փաթեթից։ Արցախի հարցը ոչ մի բանով պակաս չէ Ցեղասպանության հարցից ու ավելին՝ Ցեղասպանության հետեւանքով առաջացած խնդիր է այն։
Այն չպետք է դառնա Արցախյան պատերազմ, Արցախյան հարց, պետք է դառնա հայրենական ու տարանջատված չլինի, արցախցին ոչ մի բանով տարբեր չէ տավուշեցուց, շեշտադրումը պետք է լինի ոչ թե Արցախը, այլ հայությունը։
Իմ պատկերացմամբ՝ Արցախյան խնդիրը պետությունից պետք է տեղափոխեն մարդուն։ Արցախցիները այսօր տանն են ու այստեղ են տանտիրոջ իրավունքով, օտար ու տարբեր լինելու զգացում չպետք է մտցվի, մեր ամբողջ ջանքերը ուղղված են լինելու սրանք վերացնելուն»:
ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՏԱՐՎԻ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
Ավիաաղետի հետեւանքով՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի եւ այլ պաշտոնյաների մահվան հետաքննությունը կտարվի մինչեւ վերջ: LIVE-ի եթերում հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Մեր բոլոր ղեկավարներն իրենց ջանքերը կենտրոնացրել են հուղարկավորության արարողությունն իրականացնելու համար, բնականաբար մենք ավարտին կհասցնենք հետաքննությունը: Անկասկած, Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ համապատասխան նախարարություններն ու իշխանությունները հետաքննություն են սկսել, եւ, իհարկե, նրանք կունենան հստակ զեկույց, եւ այս զեկույցը կհանձնվի Գերագույն առաջնորդին, ինչպես նաեւ Իրանի ժողովրդին», – ասել է Ջալալին։
Իրանի դեսպանը նաեւ վստահեցրել է, որ Թեհրանի արտաքին քաղաքականությունը չի փոխվի։ Նրա խոսքով՝ այդ ոլորտը գտնվում է Գերագույն առաջնորդի իրավասության ներքո:
Մայիսի 20-ին դեսպանը հայտարարել է, որ ոչինչ չգիտի նախագահի ուղղաթիռի դեմ «ահաբեկչական հարձակման» վարկածի մասին։
Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը մայիսի 19-ին, կոշտ վայրէջք է կատարել Իրանի Արեւելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետեւանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղեւորները, այդ թվում՝ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են։

ՎԱՅՐ Է ԴՐԵԼ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Փարաքար համայնքի ավագանու անդամ Էմին Երիցյանը սոցցանցի իկր էջում գրում է.
«Հարգելի՛ բարեկամներ,
Փարաքար համայնքի հարգելի բնակիչներ,
Տեղեկացնում եմ, որ դեռեւս մեկ շաբաթ առաջ վայր եմ դրել համայնքի ավագանու «Դավիթ Մինասյան» խմբակցության ղեկավարի լիազորություններս՝ միաժամանակ, դադարեցնելով խմբակցությանն իմ անդամակցությունը։
Ավագանու իմ գործունեությունը շարունակում եմ խմբակցությունից դուրս՝ գործելով անհատական պատասխանատվության տիրույթում, ավելի անկաշկանդ եւ ակտիվ՝ հանուն համայնքի զարգացման։
Որակական փոփոխությունների հասնելու ջանքերը հաջողություն չեն արձանագրել, ուստի խմբակցությունից դուրս ավագանու կարգավիճակով տեսնում եմ փոփոխությունների հասնելու հնարավորություններ։
Թե՛ ավագանին, թե՛ համայնքապետարանն էապես պետք է բարելավեն իրենց աշխատանքի որակը, ինչը հնարավոր է միայն բոլոր ավագանիների, աշխատակազմի ներդաշնակ ու ներգրավված աշխատանքով, համայնքի բնակիչների ակտիվ մասնակցությամբ»։

ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ՝ Վ. ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԻՆ
Երեկ՝ մայիսի 21-ին, խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, պատասխանելով հարցին՝ ինչ կարծիք ունի խմբակցությունը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին, ասաց. «Թե՛ խմբակցությունը, թե՛ քաղաքական թիմն առհասարակ, մշտապես քննարկում է ներքաղաքական, արտաքին քաղաքական իրավիճակը: Ռոբերտ Քոչարյանի հերթական քաղաքական պայքարը «սրբազան» կոչելն ինչքանո՞վ է օգնում այդ պայքարին. բայց եթե իմ տեսակետն եք ցանկանում լսել, խորհուրդ կտամ Քոչարյանի հերթական քաղաքական պայքարը «սրբազան» չանվանել: Դա ավելի շատ կոմիկ դաշտ է տեղափոխում այս ամենը»:
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց շարժման աջակից, «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի փոխնախագահ Դավիթ Խաժակյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով. «Իշխանականները ինչքան ասես կարող են նման հայտարարություններով հանդես գալ, իմ՝ երեկ չէ առաջին օրը արած հայտարարությունում եմ ասել՝ եթե շարժումը տարանջատվի նախկին իշխանություններից, ապա միայն կշահի, իսկ մնացյալ բոլոր զազրախոսություններին, որոնք արվում են շարժման հասցեին, կարծում եմ իմաստ չունի ուշադրություն դարձնել»:
Նրա խոսքով՝ պետք է կենտրոնանալ շարժումը էլ ավելի մեծացնելու եւ հանրությունից էլ ավելի մեծ աջակցություն ստանալու վրա:
Վահագն Ալեքսանյանի՝ լրագրողներին տված նույն պատասխանին մեկ այլ արձագանք եւս հնչեց:
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց շարժման աջակից երգիչ, երգահան, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանի հետ՝ հասկանալու համար՝ ինչպես է նա վերաբերվում այս հայտարարությանը, վերջինս պատասխանեց. «Իսկ եթե Վահագն Ալեքսանյանը վերջում տեսնի, որ Քոչարյանը չի, ի՞նչ է ասելու: Ինձ համար քիչ է հետաքրքիր Քոչարյանը կա, թե չկա, ես գիտեմ, որ չկա, գիտեմ, որ սրբազանն է. հարցը այն է, որ մենք ունենք ադրբեջանական իշխանություն, իրենց բլոգերները ադրբեջանական դրոշով են հանդես գալիս արդեն, Նատալի Ալեքսանյանը՝ նույն Վահագնի ազգանվանակից բլոգերը, իր հետեւի պատին Նիկոլ Փաշինյանի, Ալիեւի, իր եւ Ադրբեջանի ու Ուկրանիայի դրոշն է փակցրել, եթե իրենք չեն թաքցնում, որ ադրբեջանամետ են, ապա Քոչարյանը կապ ունի, թե չունի, ինձ չի հետաքրքրում. իսկ ես գիտեմ, որ չունի:
Ինձ հետաքրքիր է, երբ սրբազանը ի վերջո հայտարարի, որ վարչապետի թեկնածուն մի մարդ է, որը որեւէ կապ չունի Քոչարյանի հետ, այդ ժամանակ ի՞նչ է անելու»:
Է. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս