Մայիսի 16-ին՝ ժամը 22:55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Արտաշատ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապ օգնության խումբը «թոքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ երիտասարդի է բուժօգնության տեղափոխում։
Ժամը 23:00-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արտաշատի բաժին երկրորդ հաղորդումն է ստացվել. ՊԾ կարգախմբից հայտնում էին, որ Ոստան գյուղում հրազենային վնասվածքով տղամարդու դիակ կա:
Արտաշատի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված անձը Ոստան գյուղի 24-ամյա բնակիչ է, իսկ սպանվածը Արտաշատ քաղաքի բնակիչ 27-ամյա Վահագն Վարդանյանն է։ Պարզվել է նաեւ, որ դեպքը տեղի էր ունեցել Ոստան գյուղի գերեզմանատան հարակից տարածքում։
Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի հինգ հոդվածների հատկանիշներով։
Հանցագործությունը բացահայտվեց քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Արարատի մարզային վարչության, Արտաշատի, Արարատի, Տաշիրի բաժինների եւ Արարատի մարզային քննչական վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում։
Պարզվել է, որ մայիսի 16-ին Արտաշատ քաղաքի շուկայի տարածքում գտնվող հացի փռում Ոստան գյուղի բնակիչ 24-ամյա երիտասարդը բարեւելու հարցի շուրջ վիճաբանության է բռնվել 30-ամյա համագյուղացու հետ։ Հետագա պարզաբանումների համար ժամը 22:30-ին մի կողմից՝ 30-ամյա երիտասարդն իր ՎԱԶ-2106 մեքենայով, 35-ամյա հորեղբորորդու հետ, մյուս կողմից՝ 24-ամյա երիտասարդն իր ՎԱԶ-2121-ով, չորս համագյուղացիներով, այդ թվում՝ 27-ամյա երիտասարդը, որը հետագայում սպանվել էր, հանդիպում են գյուղի գերեզմանատան հարակից՝ էլցանցի ենթակայանին կից տարածքում: 24-ամյա երիտասարդը, իջնելով մեքենայից, իր մոտ ապօրինի պահվող որսորդական հրացանից կրակում է 30-ամյա համագյուղացու ուղղությամբ՝ պատճառելով վնասվածքներ, ինչին ի պատասխան՝ վերջինիս 35-ամյա հորեղբորորդին իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից կրակում եւ մարմնական վնասվածքներ է պատճառում նրան եւ 27-ամյա Վահագն Վարդանյանին՝ վերջինիս պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածք։
Հետագա ձեռնարկված միջոցառումների արդյունքում երկրի սահմանը լքել պատրաստվող 35-ամյա տղամարդը մայիսի 17-ին՝ ժամը 6:45-ին, Գոգավանի մաքսային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել եւ տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժին, ապա ներկայացվել է մարզային քննչական վարչություն: Նա կալանավորվել է: Ձերբակալվել է նաեւ 24-ամյա երիտասարդը։ Հայտնաբերվել եւ մարզային քննչական վարչություն են ներկայացվել նաեւ երկու մասնակից։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են տրանսպորտային միջոցները, մահակ, 9 մմ տրամաչափի պարկուճ, 12 մմ տրամաչափի որսորդական հրացանի 4 պարկուճ, 12 մմ տրամաչափի 3 փամփուշտ եւ արնանման հետքեր:
Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական եւ դատահետքաբանական փորձաքննություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք հրազենները եւ 30-ամյա երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ, ԱՄՆ թմրանյութերի դեմ պայքարի եւ իրավապահ հարցերով միջազգային բյուրոյի քարտուղարի տեղակալ Բրենդոն Յոդերին, որին ուղեկցել են ԱՄՆ թմրանյութերի դեմ պայքարի եւ իրավապահ հարցերով միջազգային բյուրոյի Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի թիմի ղեկավար Մարի Կուրթը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության (ԹԻՀ) գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆտվանին։
Ողջունելով հյուրերին՝ Արգիշտի Քյարամյանը բարձր է գնահատել ՀՀ քննչական կոմիտեի եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, մասնավորապես՝ ԹԻՀ գրասենյակի միջեւ ծավալված համագործակցությունը։ Դրա շրջանակներում իրականացված վերապատրաստման ծրագրերը դրական մեծ ազդեցություն են ունեցել ՀՀ ՔԿ մարդկային ռեսուրսների մասնագիտական զարգացման վրա, իսկ ցուցաբերված տեխնիկական, ծրագրային, մեթոդական աջակցությունը նպաստել է քննչական մարմնի գործունեության շարունակական լավարկմանը։ ԱՄՆ իրավապահ մարմինների հետ գործակցության սերտացման տեսանկյունից ընդգծելով մեկ տարվա ընթացքում ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) եւ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության հետ ստորագրված համագործակցության հուշագրերի կարեւոր նշանակությունը՝ Քյարամյանը վերահաստատել է համագործակցությունն ավելի խորացնելու՝ քննչական կոմիտեի պատրաստակամությունը։
ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը եւս բարձր է գնահատել փոխվստահության, համագործակցության մակարդակն ու որակը։ Նա ողջունել է պրոֆեսիոնալիզմի եւ արդյունավետության բարձրացմանը, ներուժի արդիականացմանը եւ ինստիտուցիոն հզորացմանը միտված՝ ՀՀ քննչական կոմիտեում իրականացվող բարեփոխումները։ Պարոն Յոդերը նաեւ նշել է, որ այդ ուղղություններով, ՀՀ քննչական կոմիտեի կարիքների հիման վրա, փոխգործակցության ընդլայնման նոր հնարավորություններ կան։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ՔԿ կարողությունների զարգացմանը, ինչպես նաեւ անդրազգային բնույթի առանձին հանցագործությունների, մասնավորապես՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կիբերհանցագործությունների, փողերի լվացման, եւ գենդերային հիմքով բռնությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված հնարավորությունները։
ԳՈՐԾԱԴՈՒԼԻՆ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ
Երեկ՝ մայիսի 21-ին, տեղի է ունեցել փաստաբանների գործադուլ՝ ի նշան փաստաբանությանը վերաբերող օրենսդրական խայտառակ փոփոխությունների դեմ բողոքի: «Ի թիվս այլ անընդունելի «չարեփոխումների»՝ իշխող ուժը ցանկանում է հարկ սահմանել փաստաբանների կողմից անվճար ծառայությունների մատուցման վրա։ Դա լրացուցիչ խոչընդոտ կստեղծի քաղաքական ճնշումների ենթարկվող մեր հայրենակիցներին անշահախնդիր իրավական օգնության կազմակերպման համար։ Ամբողջությամբ կիսելով թե՛ գործադուլի նպատակը եւ թե՛ ընտրված միջոցը՝ մենք հայտարարում ենք, որ գործադուլին միանալու ենք մասնակիորեն։ Բացառություն են կազմելու քաղբանտարկյալների ու քաղաքական ճնշումների ենթարկվող այլ անձանց գործերը, որոնցով մենք չենք հրաժարվելու աշխատանքից»։ Նշել է «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը:
ՄԻՋՆՈՐԴԵՑ՝ ԿԱԼԱՆՔԸ ԵՐԿԱՐԵՑՆԵԼՈՒ
Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի գործով նախնական դատալսումների ընթացքում մեղադրող կողմը միջնորդեց երկու ամսով երկարաձգելու նրանց կալանքի ժամկետը։
Մեղադրողը Վազգեն Սաղաթելյանի դեպքում մասնավարոպես նշեց, որ բարձր է փախուստի հավանականությունը, քանի որ նա ՌԴ քաղաքացի է։ Մեղադրողը նշեց, որ կալանքի իրավաչափությունը թե՛ Սամսոնյանի, թե՛ Սաղաթելյանի դեպքում առկա է։ Պաշտպանական կողմի ներկայացուցիչ, Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը նշեց, որ իր պաշտպանյալին վերագրում են մի արարք, երբ մի քանի ամիս առաջ որեւէ մեկը չգիտեր, որ դա հանցագործություն է։
«Հիմքեր կան պնդելու, որ այն օրից, երբ մեր երկրում ապաքրեականացվեց վիրավորանքը, քաղաքական խոսք արտահայտելիս կոշտ քննադատություն իրականացնելը քրեական իրավունքի տեսակետից լիովին թույլատրելի վարքագիծ է», – ասաց Մելիքյանը։
Նարեկ Մալյանն ու Վազգեն Սաղաթելյանը ազատ արձակվեցին:
ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵՑ
Ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 20-ին Կոտայքի մարզի Գառնի գյուղի Մուրադյան Եղբայրների փողոցում հայտնաբերել եւ բաժին են տեղափոխել 42-ամյա Ծովինար Ս. -ին: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) մեղադրանքով:
Ծովինար Ս.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: