«Կանանց կենտրոն. Շուշի» ՀԿ-ն վերջերս այց է կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար Մասիս քաղաքում գործող կացարաններից մեկը։ Այցի արդյունքում արձանագրվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման խնդիրներ։
Ստորեւ ներկայացնում ենք ՀԿ-ի հայտարարությունը.
«2023 թ.-ին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք մինչ օրս բախվում են արժանապատիվ կացարանով ապահովված լինելու խնդրին։
Կացարանի իրավունքը սերտորեն կապված է մարդու արժանապատվության, նրա հիմնարար իրավունքների եւ ազատությունների հետ։
Իրենց տները ստիպված լքած անձինք Հայաստանում հայտնվել են ծայրահեղ ծանր եւ արժանապատվության հետ անհամատեղելի պայմաններում։ Ոմանք գտել են ժամանակավոր բնակարան, սակայն առավել խոցելի խմբերը մինչ այժմ բնակվում են պետական եւ ոչ պետական միջոցների հաշվին գործող կացարաններում։
Բռնի տեղահանված անձինք այսօր ստիպված են լինելու լքել այդ կացարանները՝ չունենալով ապրուստի միջոց եւ ապրելու տեղ։
Այսպես, Արարարատ մարզի Մասիս քաղաքի 4-րդ մանկապարտեզում ապաստան գտած Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից պահանջում են լքել կացարանը, քանի որ այն պետք է հիմնովին քանդվի եւ հետագայում շահագործվի որպես մանկապարտեզ։
2023 թ. սեպտեմբերից մանկապարտեզը ծառայել է որպես ժամանակավոր կացարան բռնի տեղահանված անձանց համար, չնայած, որ շենքը եղել է վթարային։
Մանկապարտեզում բնակվում է 29 անձ (15 ընտանիք), որոնցից 1-ն ունի հաշմանդամություն, 7-ը միայնակ են, 7-ը՝ տարեց եւ 4-ը՝ երեխա:
Պետությունը պարտավորություն ունի երաշխավորելու բռնի տեղահանված անձանց իրավունքները՝ ապրելու արժանապատիվ պայմաններում, օգտվելու կացարանից, որը կբավարարի անձի հիմնական եւ հատուկ կարիքները։
Առաջնահերթ պետք է հաշվի առնել բռնի տեղահանված անձանց հատուկ կարիքները, հատկապես կանանց եւ երեխանների, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, որոնք խոցելիության պատճառով բախվում են լրացուցիչ դժվարությունների եւ խոչընդոտների՝ ապահովելու իրենց կենսական պայմանները։
Նվազագույն կենսական պայմանների բացակայությունը կարող է խաթարել անձի ֆիզիկական եւ հոգեկան առողջությունը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կացության իրավունքը համարել է անձի ամենահիմնական կարիքը, ինչից զրկելը կարող է հանգեցնել մարդու արժանապատվության հետ անհամատեղելի վատթարացման վիճակի:
Հետեւաբար, պահանջում ենք ՀՀ կառավարությունից ապահովել Արարարատ մարզի Մասիս քաղաքի 4-րդ մանկապարտեզում ժամանակավոր բնակություն հաստատած բռնի տեղահանված անձանց անվտանգ եւ նրանց կարիքներին համապատասխան կացարանով։
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
«ՎՏԲ-Հայաստան» բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավոր Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Բանկի աջակցությամբ տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրի հարյուրամյակին։ Ծրագրում ընդգրկված էին արտիստի երգացանկի լավագույն ստեղծագործությունները՝ OG վոկալային խմբի մեներգչուհիների կատարմամբ:
Միջոցառման հյուրերն էին Շառլ Ազնավուր հիմնադրամի ներկայացուցիչները, կառավարության անդամներ եւ մշակույթի անվանի գործիչներ։
«Ազնավուրն ամբողջ աշխարհի համար մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշ է։ Այս տարի աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյեի հարյուրամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվում բազմաթիվ երկրներում։ Ազնավուրը մեր ժողովրդի համար միշտ եղել է եւ կլինի առանձնահատուկ հպարտություն։ Ուրախ ենք, որ կարողացանք մասնակցություն ունենալ այս հիշարժան օրվան», – նշել է «ՎՏԲ-Հայաստան» բանկի գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ Արա Ավագյանը:
«Սա առաջին համերգը չէ, որ մենք նվիրում ենք Շառլ Ազնավուրին։ Այս տարի մենք փորձեցինք վերստեղծել վիրտուալ ճամփորդության մթնոլորտ՝ լեգենդար երաժշտի բազմամյա ստեղծագործական կյանքով։ Մենք շնորհակալ ենք «ՎՏԲ- Հայաստան» բանկին, որն աջակցեց մեզ նման կարեւոր ծրագրի իրականացման գործում։ Շնորհակալություն ենք հայտնում նաեւ մեր ունկնդիրներին, որոնք համերգի ողջ ընթացքում հուզմունքով վերապրեցին մեծն երգչի յուրաքանչյուր ստեղծագործությունը», – նշեց OG վոկալային խմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նաիրա Գյուրջինյանը։
ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Հայաստանում 2-րդ անգամ անցկացվել է Չինաստանի առաջատար համալսարանների ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը կազմակերպվել էր «Չինաստանի միջազգային թեստավորում» (Chinese Testing International) ՍՊԸ-ի կողմից եւ իրականացվում էր «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի Կոնֆուցիուսի ինստիտուտի կողմից։ Միջոցառման նպատակն էր խթանել փոխանակումներն ու համագործակցությունը կրթության ոլորտում։ Այս տարի ցուցահանդեսին մասնակցում էին 20 առաջատար չինական բուհեր։
Միջոցառման բացման արարողությանը մանսակցել են ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ եւ Լիազոր դեսպան Ֆան Յոնը, «Չինաստանի միջազգային թեստավորում» կենտրոնի ղեկավարը, Բրյուսովի պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը եւ այլ պատվավոր հյուրեր:
Իր ողջույնի խոսքում դեսպան Ֆան Յոնը նշել է, որ շատ հաճելի է ցուցահանդեսին տեսնել բազմաթիվ հայ երիտասարդ ուսանողների, որոնք հետաքրքրություն են ցուցաբերում չինարեն ուսումնասիրելու եւ Չինաստանում ուսում ստանալու հանդեպ։
Ցուցահադեսին մասնակցել են շուրջ 2000 աշակերտներ եւ ուսանողներ, որոնք ստացել են իրենց հետարքրող հարցերի պատասխաննները, ծանոթացել բուհերի երկարաժամկետ եւ կարճաժամկետ ծրագրերին:
ԽԱՆՈՒԹԻ ԶԵՂՉԵՐ՝ ՀԱՆՁՆՄԱՆ ՖՈՆԻՆ
Մայիսի 17-ին Իջեւանի շուկայի տարածքում գործող «Ֆրեշ» սուպերմարկետը սննդամթերքի գների զեղչեր էր հայտարարել։ Իջեւան քաղաքի բնակիչների վկայությամբ՝ այդ սուպերմարկետը պարբերաբար մթերքների գների զեղչեր է հայտարարում, ինչը խթանում է հանրախանութի վաճառքի ցուցանիշները։ Իջեւանցիների խոսքերով՝ զեղչերի պատճառով այդ օրը՝ առավոտից մինչ իրիկուն, «Ֆրեշ» սուպերմարկետում անընդհատ հերթ էր։ Հազարավոր իջեւանցիներ շտապում էին զեղչով մթերքներ գնել։ Իջեւան համայնքի Կիրանց գյուղը Իջեւան քաղաքից մոտ 25 կմ է հեոու։ Կիրանցում սահմանազատման անվան տակ տարածքներ, գյուղի տներ են հանձնվում Ադրբեջանին, Կիրանցի բնակչությունը համառորեն պայքարում է, պայքարի այս բազում օրերի ընթացքում 20 հազար բնակիչ ունեցող Իջեւան քաղաքից Կիրանցի բնակիչներին սատարելու համար գոնե 50-100 մարդ Կիրանց չի գնացել։
ՆՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ, ՆՈՐ ԿԱՄՈՒՐՋ
Մայիսի 20-ի առավոտյան Կիրանցում սահմանային սյուներ են տեղադրվել։ Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանն ասաց, որ Ադրբեջանին են անցնելու Մհեր Սիմոնյանի, Խանում Թամրազյանի տները, ավտովերանորոգման գործող կետ, 3 վագոն-տնակ, նորակառույց դպրոցը հայտնվելու է ադրբեջանական սահմանապահներին շատ մոտ։ Կ. Շահինյանն ասաց, որ բոլոր այդ տների եւ օբյեկտների համար առկա են կադաստրից ստացած սեփականության վկայականներ: Նոր սահմանը անցննելու է Կիրանցի 7-8 առանձնատների կողքով. այդ տներում բնակվելն անհնար է լինելու։ Կ. Շահինյանը գյուղի բնակիչների վիճակը բնութագրեց կարճ. «Մեռած ենք, թաղած չենք»: Միակողմանի սահմանազատման հետեւանքով միջպետական ավտոճանապարհի Կիրանցի կամուրջն անցնելու է Ադրբեջանին, Կիրանց շինտեխնիկա են տարել, գյուղից ներքեւ եւ Աճարկուտ գյուղի կողմից այժմ այլընտրանքային ավտոճանապարհ են բացում, գետի վրա նոր կամուրջ են կառուցելու։
ԱՆՏԵՂՅԱ՞Կ Է, ԹԵ՞ ԹԱՔՑՆՈՒՄ Է
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարց ենք ուղարկել՝ ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը սկսվելուց հետո՝ մինչեւ այժմ, Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների քանի՞ ուսուցիչ է մասնակցել դրան, նրանցից քանի՞սը ի՞նչ արդյունքներ են ունեցել։ Մարզետը հերթական անգամ չի հայտնել իր ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցների այն ուսուցիչների թիվը, որոնք մասնակցել են կամավոր ատեստավորմանը: Նա պատասխանել է. «ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմը չունի տեղեկատվություն, թե քանի ուսուցիչ է ներկայացրել հայտ՝ մասնակցելու կամավոր ատեստավորմանը, քանի որ այդ գործընթացը պարտադիր գործընթաց չէ (կամավորության սկզբունքով է), իսկ արդյունքների վերաբերյալ նախկինում տրամադրել ենք տեղեկատվություն. կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների թվի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել ԳԹԿ»:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ