ՄՓՄՁ-ՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024 թվականի մայիսի 16-ին Երեւանում կայացած ՎԶԵԲ 33-րդ գործնական համաժողովի շրջանակում «Արդշինբանկը», Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի («ՎԶԵԲ») ու Եվրոպական միության («ԵՄ») հետ համագործակցությամբ կնքեց երկրորդ տրանշը ստանալու պայմանագիրը, որով հնարավորություն կունենա վարկ տրամադրել միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններին: Այս վարկավորումն իրականացվում է «Արեւելյան գործընկերությունում (EaP SMEC) ՄՓՄՁ մրցունակության ծրագրի» շրջանակում:

Ըսկ կնքված պայմանագրի՝ «Արդշինբանկի» վարկավորումն աջակցելու է ՄՓՄՁ-ների կողմից կատարվող ներդրումներին կայուն տեխնոլոգիաների, ինչպես նաեւ առողջության եւ անվտանգության ուղղությամբ: Ակնկալվում է, որ բոլոր ֆինանսավորվող ենթավարկերը կհամապատասխանեն ՎԶԵԲ-ի Կանաչ տնտեսության անցումային («GET») մոտեցմանը: Բացի երկարաժամկետ ֆինանսավորումից, ենթավարկառուները կստանան նաեւ դրամաշնորհներ՝ իրենց ներդրումային ծրագրերի հաջող ավարտից հետո:
«Հայաստանի ամենամեծ բանկի հետ պայմանագրի կնքումը լավագույն տարբերակն է ՎԶԵԲ 33-րդ գործնական համաժողովի ավարտն ազդարարելու համար: Այս համագործակցությունը երկու ֆինանսական ինստիտուտների եւ Եվրամիության միջեւ ես համարում եմ ստացված եւ անչափ ուրախ եմ այդ առիթով, քանի որ ՄՓՄՁ վարկավորումը կնպաստի այդ սեկտորում մրցունակության բարձրացմանը, հատկապես՝ մարզերում գործող բիզնեսների դեպքում»,- իր խոսքում նշեց Ֆինանսական հաստատությունների գծով ՎԶԵԲ-ի գործադիր տնօրեն Ֆրենսիս Մալիժը:
«Արդշինբանկի» վարչության նախագահ Արտակ Անանյանը շնորհակալություն հայտնեց ՎԶԵԲ-ին եւ Եվրամիությանն արդյունավետ համագործակցության եւ «Արդշինբանկին» վստահելու համար՝ մասնավորապես նշելով. «Մեզ համար մեծ պատիվ եւ պատասխանատվություն էր ստանձնել ՎԶԵԲ 33-րդ գործնական համաժողովի ռազմավարական գործընկերությունը եւ շարունակել համագործակցությունը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ու Եվրամիության հետ: ՄՓՄՁ հատվածը չափազանց կարեւոր է Հայաստանի տնտեսության զարգացման, արտահանման առաջխաղացման եւ աշխատատեղերի ստեղծման համար: Մեր լայնամասշտաբ տարածաշրջանային ցանցի շնորհիվ այս միջոցների զգալի մասը ռազմավարական իմաստով կուղղվի շատ շրջաններում ՄՓՄՁ-ների ուժեղացմանը»։
«Արդշինբանկը» Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաեւ «փրայվիթ բանկինգի» ու ակտիվների կառավարման ոլորտներում։ «Արդշինբանկն» ունի ավելի քան 380.000 հաճախորդ, որոնց սպասարկում են բանկի 1.700-ից ավելի աշխատակիցներ։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 65 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ եւ օնլայն բանկինգի համակարգերով։ Բանկն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը, ինչպես նաեւ ներկայացուցչություն՝ Փարիզում։
«Արդշինբանկը» Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor’s (BB- (Stable)), Moody’s (Ba3 (Stable)) եւ Fitch (BB- (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է:
ՎԶԵԲ-ը հիմնադրվել է 1991 թվականին եւ ունի 39 անդամ երկիր Միջին Եվրոպայից մինչեւ Միջին Ասիա։
Բանկի առաքելությունը հետխորհրդային ազդեցության երկրներին իրենց մասնավոր հատվածները հաստատելու աջակցությունն է։
Հայաստանը ՎԶԵԲ-ի անդամ է դարձել 1992 թվականի դեկտեմբերի 7-ին եւ ՎԶԵԲ-ի կապիտալում վերջինիս բաժնեմասը կազմում է 10 մլն եվրո:
ՎԶԵԲ-ի հետ համագործակցության հիմնական ոլորտներն են էներգետիկան, տրանսպորտը, ֆինանսական հատվածը։

«ԿԱՍՊԵՐՍԿԻԻ» ԴԱՍԸՆԹԱՑԸ՝ ԻՆՏԵՐՊՈԼԻ ՀԱՄԱՐ
«Կասպերսկի» ընկերությունն Ինտերպոլի աշխատակիցների համար անցկացրել է կիբերանվտանգության փորձագիտական առցանց թրեյնինգների շարք: Բոլոր դասընթացները հեղինակել են իրենց ոլորտի պրակտիկ փորձագետները, այդ թվում՝ Սպառնալիքների հետազոտությունների եւ վերլուծության գլոբալ կենտրոնի (GReAT) եւ Կիբերմիջադեպերին արձագանքման գլոբալ թիմի (Kaspersky Global Emergency Response Team – GERT) մասնագետները:

Ընկերությունը հայտնում է, որ 2023-ի սեպտեմբեր-դեկտեմբերին Ինտերպոլի աշխատակիցներն անցել են «Ռեվերս-ինժինիրինգ 101», «Թիրախավորված վնասաբեր ԾԱ-ի ռեվերս ինժիներինգ» եւ «Արձագանք Windows-ում միջադեպերին» թրեյնինգները՝ «Կասպերսկի» ընկերության եւ Ինտերպոլի միջեւ 2019-ին ստորագրված համագործակցության համաձայնագրի շրջանակում: Ուսուցումն ուղեկցվում էր GReAT-ի եւ GERT-ի փորձագետների հետ հարցուպատասխանի նիստերով։ Ամբողջ դասընթացը կառուցվել է վիրտուալ լաբորատորիայում՝ անվտանգ օնլայն տարածքում պարապմունքների վրա։
Ինտերպոլի աշխատակիցների շրջանում ամենասիրված թրեյնինգը դարձել է «Թիրախավորված վնասաբեր ԾԱ-ի ռեվերս ինժիներինգ»-ը: Դրա ընթացքում նրանք սովորում էին վերլուծել իրական վնասաբեր ԾԱ-ն, իրականացնել վնասաբեր փաստաթղթերի եւ էքսպլոյտների ռեվերս ինժիներինգ, ինչպես նաեւ ուսումնասիրել են «ռեվերս ինժիներինգի» գործիքների ընդլայնված հնարավորությունները:
«Ռեվերս ինժիներինգ 101» թրեյնինգում հիմնական ուշադրությունը դարձվել է ասեմբլերի եւ Go լեզուների հիմունքներին, ինչպես նաեւ այն բանին, թե ինչպես իրականացնել C++-ով գրված ծրագրերի «ռեվերս ինժիներինգ» եւ ինքնուրույն վերլուծել վարակի ողջ շղթան։
«Արձագանք Windows-ում միջադեպերին» թրեյնինգը նվիրված է այն բանին, թե ինչպես հայտնաբերել եւ արձագանքել միջադեպերին, վերլուծել վարակված սարքերը, ինչպես նաեւ հասկանալ գրոհների տարբեր մեթոդները, այդ թվում՝ տարբերակել APT գրոհները սպառնալիքների այլ տեսակներից:
«Կասպերսկի» ընկերության փորձագետները Ինտերպոլի իրավապահ մարմինների աշխատակիցների համար դասընթացներ են անցկացնում 2019-ից: Այս ընթացքում անցկացվել է ավելի քան տասը դասընթաց, ուսուցումը կշարունակվի 2024-ին։
«Կասպերսկի» ընկերության փորձագիտական առցանց թրեյնինգները ժողովրդականություն են վայելում աշխարհի բազմաթիվ կազմակերպությունների եւ գիտական ինստիտուտների շրջանում: Գործարկումից ի վեր դրանք անցել են 50 երկրների ավելի քան 2 հազար մասնագետներ։ Առցանց հարթակը ներառում է 10 թրեյնինգ, որոնց շրջանակում փորձագետները կիսվում են իրենց փորձով եւ գիտելիքներով, այդ թվում՝ ռեվերս ինժիներինգի, սպառնալիքների հայտնաբերման, միջադեպերին արձագանքելու առաջատար մարտավարությունների եւ ռազմավարությունների մասին: Թրեյնինգները բաժանված են ըստ մակարդակների՝ կախված սովորողների պատրաստվածությունից:

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ «ԲՈՀԵՄ» ԹԱՏՐՈՆԻՆ
«Ֆասթ բանկը», որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, շարունակում է դիտարկել Հայաստանի մշակութային ոլորտի խնդիրները, աջակցել դրանց լուծմանը: Կարեւորելով մշակութային վայրերին աջակցելը՝ «Ֆասթ բանկն» ստանձնել էր «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքների վերանորոգման, արդիականացման գործընթացը:
Թատրոնի սանհանգույցների վերանորոգումն իրականացվել է հայկական ոճով, օգտագործվել են հայկական քարեր: «Բոհեմ» թատրոնի պրոդյուսեր Քրիստինա Հովհաննիսյանը «Ֆասթ բանկի» ներդրումն ու աջակցությունը շատ է կարեւորում. «Շատ ուրախ ենք, որ «Ֆասթ բանկն» օգնեց եւ սանհանգույցները վերանորոգվեցին: Հատկապես, որ մասնավոր թատրոնին օգնություն է տրվել: Ուզում ենք մեր շնորհակալությունը հայտնել, որ այսօր ունենք լավ վերանորոգված սանհանգույց, որը մեր հանդիսատեսին բավականին կգոհացնի»:
«Բոհեմ» թատրոնը գործում է 2016 թվականի սեպտեմբերից Հայաստանի Գրողների միության շենքում։ Թատրոնի անվան հիմքում Փարիզում 1989 թվականին Նարեկ Դուրյանի հիմնած «Բոհեմ թատերախումբ» միությունն է։ Թատրոնի խաղացանկը մշտապես թարմացվում է: «Մորաքույրը Փարիզից», «Սե լա վի», «Շեղշե լա ֆամ» սիրված ներկայացումներին ավելանում են նոր բեմադրություններ:

Fastex-Ը՝ «ԲԱՆՈՒԳՈՐԾ»-Ի ԳԼԽԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Մայիսի 16-ին ԵՊՀ-ի տարածքում տեղի է ունեցել «ԲանՈՒԳործ» ԵՊՀ էքսպո-2024»-ը։ Միջոցառման գլխավոր գործընկերը Fastex-ն էր։ «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ի գործընկեր դառնալու նպատակն էր խթանել ՀՀ-ում կրթության եւ գիտության, մասնավորապես՝ բլոկչեյնի եւ թվային ակտիվների ոլորտի զարգացումը։
«ԲանՈՒԳործ» էքսպոյի շրջանակում հայաստանյան առաջատար ընկերությունները ներկայացրել են իրենց պրոդուկտներն ու ծառայությունները։
Fastex-ի տաղավարում միջոցառման այցելուները մասնակցել են բլոկչեյնի վրա գործող հատուկ խաղարկությանը։
Fastex-ի աշխատակիցները ներկայացրել են նաեւ էկոհոմակարգի հնարավորությունները եւ անդրադարձել Fastex Exchange եւ Fastex Wallet հավելվածների տեխնիկական հնարավորություններին, իսկ տաղանդների կառավարման եւ ներգրավման բաժնի մասնագետները կիսվել են ընկերության ազատ հաստիքների մասին տեղեկությամբ։




Լրահոս