ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիդերլանդների թագավորության Հաագա քաղաքում օրերս անցկացվել է «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիայի» (Հաագա, 1954 թ.) 70-ամյակին նվիրված միջազգային համաժողով, որը կազմակերպել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Նիդերլանդների թագավորությունը, ինչպես նաեւ միջազգային տարբեր կազմակերպություններ։

Համաժողովին մասնակցում էին տասնյակ երկրների պատվիրակներ, ժառանգության ուսումնասիրման ոլորտի տասնյակ կազմակերպություններ, փորձագետներ։
Համաժողովին մասնակցում էր նաեւ հայաստանյան պատվիրակությունը՝ ի դեմս ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանի եւ նախարարության մշակութային ժառանգության վարչության մշակութային ժառանգության պահպանության եւ զարգացման բաժնի պետ Գառնիկ Մոմջյանի։
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը 2021-2023 թթ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ հաջողությամբ եւ բարձր մակարդակով իրականացրած «Համաշխարհային ժառանգության կառավարումը Հայաստանում» ծրագրի շնորհիվ հրավեր էր ստացել համաժողովի գլխավոր դահլիճի հարակից սրահում միջազգային նշանավոր կազմակերպությունների (ԻԿՕՄՕՍ, ԻԿՌՕՄ, ԻԿՕՆԵՄ, ԱԼԻՖ, Կապույտ վահան, Հոնկոնգի համալսարան) կողքին ունենալու իր առանձին տաղավարը, որտեղ երեք օր շարունակ ներկայացվել են գիտահետազոտական կենտրոնի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ ծրագիրը, հուշարձանների թվայնացման, եռաչափ մոդելավորման, ինչպես նաեւ նորագույն սարքավորումներով իրականացրած հետազոտական մյուս աշխատանքները, կրթական ծրագրեր եւ այլ նախագծեր։ Հայկական տաղավար են այցելել տարբեր երկրների պատվիրակներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրների դեսպաններ, միջազգային հետազոտական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնցից մի քանիսի հետ ձեռք են բերվել առաջիկայում համատեղ նախագծեր իրականացնելու պայմանավորվածություններ։
Հայկական տաղավարում ներկայացվել է նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՀՀ ԱԳ նախարարության եւ Մաշտոցյան Մատենադարանի համատեղ իրականացրած՝ իրաքյան Էրբիլ քաղաքի ձեռագրական կենտրոնի ձեռագրերի թվայնացման եւ վերականգնման նախագիծը, որի արդյունքում Մատենադարանի աշխատակիցները փորձի փոխանակման եւ վերապատրաստման դասընթացներ են վարել Էրբիլի կենտրոնի աշխատակիցների համար։
Համաժողովի ընթացքում, ի թիվս տարբեր հարցերի, քննարկվել են նաեւ զինված հակամարտությունների պայմաններում մշակութային ժառանգության (նյութական եւ ոչ նյութական) պահպանության համար իրավական նոր մեխանիզմների անհրաժեշտությանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ նորագույն սարքավորումների դերն այդ գործում։ Այս համատեքստում Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանը ներկաներին հիշեցրել է ԼՂ պատմամշակութային ժառանգության ոչնչացման, բռնայուրացման դեպքերը, ինչպես նաեւ կարեւորել հնարավոր նոր մեխանիզմների անհրաժեշտությունը ԼՂ-ում հայկական (համամարդկային) ժառանգության մշտադիտարկման եւ պահպանության ուղղությամբ։
ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ԹԱՏԵՐԱԽՄԲԵՐ՝ «ԵՐԵՎԱՆԻ ԲԱԼԵՏԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ»-ԻՆ
«Երեւանի բալետային փառատոն»-ը, որն անցկացվելու է հունիսի 2-5-ը Թումանյանի անվան զբոսայգում, արվեստասերներին հնարավորություն կտա ծանոթանալու տարբեր երկրներից Հայաստան ժամանած թատերախմբերի ներկայացումներին:
Երեւանի քաղաքապետարանը հայտնում է, որ բացօթյա բալետային փառատոնին հանդես կգան Բորիս Էյֆմանի Սանկտ Պետերբուրգի ակադեմիական բալետի թատրոնը, Թբիլիսիի Զ. Պալիաշվիլու անվան օպերայի եւ բալետի թատրոնը եւ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը:

«ԳԱՖԷՍՃԵԱՆ»-Ը՝ ՎԵՆԵՏԻԿԻ՝ ԲԻԵՆԱԼԵՈՒՄ
Վենետիկի 60-րդ հոբելյանական արվեստի բիենալեում Հայաստանի ազգային տաղավարի համակազմակերպիչ եւ գլխավոր հովանավոր «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնն (ԳԱԿ) իրականացրել է «Հոգի-ձայն-պատկեր» խորագրով կրթական ծրագիրը։ Նման ձեւաչափը Հայաստանի պաշտոնական տաղավարում առաջին անգամ է կիրառվել։
Ծրագրի շրջանակում տեղի է ունեցել չորս հանդիպում՝ շուրջ 60 ուսանողի եւ այլ այցելուների ներգրավմամբ՝ հեղինակավոր կրթամշակութային հաստատություններից, այդ թվում՝ Եվրոպական մշակութային ակադեմիայից (European Cultural Academy – ECA), Տրենտոյի (NEST College & Campus Trento) եւ Վենետիկի Կա Ֆոսկարի (Universita Ca Foscari) համալսարաններից։
Ծրագրի առաջին մասում մասնակիցները ծանոթացել են Հայաստանի ազգային տաղավարը ներկայացնող փարիզաբնակ հայ արվեստագետ Նինա Խեմչյանի «Արձագանք» բազմաշերտ մուլտիմեդիա նախագծին, որը երեք բաղադրիչ ունի` «Յոթ մահացու մեղքեր», «Արձագանք» եւ «Կատարելություն»։ Այնուհետ ստեղծագործական տարածքում մասնակիցները փորձ են արել ուսումնասիրելու ցուցադրության առանցքային մաս կազմող, Հասմիկ Բաղդասարյան- Դոլուխանյանի կատարմամբ հնչող Մեսրոպ Մաշտոցի շարականների տեքստն ու երաժշտությունը։ Նրանց տրամադրվել են շարականների թարգմանած տեքստերն ու լատինատառ տառադարձումներով հատուկ թռուցիկներ՝ ծանոթանալու շարականների բովանդակությանը, որոնցից մի քանիսը տեղում նույնիսկ երգվել են:
Շարունակելով հոգեւոր երաժշտության ունկնդրումը՝ մասնակիցները Նինա Խեմչյանի գնդաձեւ կավե քանդակների նմանությամբ շրջանաձեւ թղթերի վրա, տարբեր նյութերի օգնությամբ փորձել են արտահայտել հնչող երաժշտությունից ստացած իրենց տպավորություններն ու զգացմունքները:
Կրթական ծրագրերն իրականացրել է ԳԱԿ կրթության գծով տնօրեն Ելիզավետա Շիրինյանը։ Ծրագրերին մասնակցում էին Հայաստանի ազգային տաղավարի համադրող, ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը եւ անձամբ արվեստագետը՝ Նինա Խեմչյանը։

«Արձագանք» ցուցադրության եւ վերջինիս վրա հիմնված կրթական ծրագրի միջոցով մասնակիցներն առավել խորությամբ ծանոթացել են հայկական մշակույթին, ինչպես նաեւ ինքնաարտահայտվելու հնարավորություն ունեցել։
Կարեւորելով նման կրթական նախաձեռնությունները՝ թե՛ մասնակիցները, եւ թե՛ նրանց դասախոսները նշել են, որ նախկինում նման փորձառություն երբեք չեն ունեցել, եւ դասընթացները նոր հորիզոններ են բացել իրենց համար՝ Հայաստանի ազգային տաղավարի բոլոր շերտերն ընկալելու համար։

4 ՆՈՐ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ՝ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ
Չորս նոր ֆուտբոլիստ է ընդգրկվել Բրազիլիայի հավաքականի` Ամերիկայի գավաթի խաղարկության հայտացուցակում։
Հավաքականի գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորը թիմ է հրավիրել Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Բրեմերին, պորտուգալական «Պորտուի» հարձակվող Պեպե Ակինոյին եւ Բերգամոյի «Ատալանտայի» կիսապաշտպան Էդերսոն Լոուրենսոյին։ Վերջինս առաջին անգամ է հրավիրվում Բրազիլիայի հավաքական։
Բացի դրանից, վնասվածք ստացած «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնին փոխարինել է «Սան Պաուլոյից» Ռաֆայել Մոտնտեյրոն։
Հիշեցնենք, որ բրազիլացիների հայտացուցակից դուրս են մնացել հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Նեյմարը («Ալ Հիլյալ», Սաուդյան Արաբիա), որը նախորդ տարվա հոկտեմբերից ապաքինվում է վնասվածքից, ինչպես նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն։
Ամերիկայի գավաթի խաղարկությունն անցկացվելու է ԱՄՆ-ում հունիսի 21-ից հուլիսի 14-ը։ Բրազիլիայի հավաքականը D խմբում մրցելու է Կոլումբիայի, Պարագվայի ու Կոստա Ռիկայի թիմերի դեմ։

ՀԱՂԹԱՆԱԿ՝ ՇԱՐԺԱՅԻ ՄՐՑԱՇԱՐԻ 7-ՐԴ ՏՈՒՐՈՒՄ Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Շարժայի շախմատային մրցաշարում:
ԱՄԷ-ում ընթացող 7th Sharjah Masters 2024 միջազգային մրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներ Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը Մանուէլ Պետրոսյանը կիսել են միավորը, իսկ Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տոնել:

ԱՐՆԵ ՍԼՈԹԸ՝ «ԼԻՎԵՐՊՈՒԼԻ» ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ
Անգլիական «Լիվերպուլը» հայտարարել է նիդերլանդցի Արնե Սլոթին թիմի նոր գլխավոր մարզիչ նշանակելու մասին։ 45-ամյա մասնագետը աշխատանքը կսկսի հունիսի 1-ից:
Սլոթն անգլիական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում կփոխարինի գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպին, որը 9 տարի անց հեռացել է «Լիվերպուլից»:
Սլոթը 2021 թվականի հուլիսից գլխավորում էր Ռոտերդամի «Ֆեյենորդը»: Նախորդ մրցաշրջանում նրա գլխավորությամբ թիմը դարձել էր Նիդերլանդների չեմպիոն եւ այս մրցաշրջանում էլ նվաճել երկրի գավաթը: 2021/2022 մրցաշրջանում «Ֆեյենորդը» հասել էր Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ, որտեղ 0-1 հաշվով պարտվել էր իտալական «Ռոմային»:




Լրահոս