ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եվրոպական մշակույթի շունչը՝ Երեւանում. մեկնարկել է «Եվրոպական ֆիլմերի» փառատոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եվրոպայի օր 2024» միջոցառումների շրջանակում Հայաստանում մեկնարկել է «Եվրոպական ֆիլմերի» փառատոնը։

Մայիսի 29-ին Կինոյի տանը տրվեց փառատոնի մեկնարկը՝ բելգիական արտադրության «Օմեն» կինոնկարի ցուցադրությամբ: Փառատոնի բացմանն իրենց խոսքը հղեցին
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, Հայաստանում Բելգիայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքը, փառատոնի ֆիլմերի ծրագրի համակարգող Վարվառա Հովհաննիսյանը։

Փառատոնը համագործակցել է ՅՈՒՆԻՔ Հայաստանի հետ, որի ներկայացուցիչ Յան-Թագե Քյուլինգն է:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսն իր խոսքում շեշտեց՝ կինոն մշակութային երկխոսության զարգացման լավագույն գործիքներից է:

Փառատոնը կանցկացվի մայիսի 29-ից հունիսի 7-ը. կցուցադրվեն 23 ֆիլմեր՝ Բուլղարիայի, Կիպրոսի, Չեխիայի, Դանիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Իտալիայի, Լատվիայի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, Մալթայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սլովակիայի, Իսպանիայի, Շվեդիայի, ինչպես նաև Ուկրաինայի արտադրության:

Փառատոնի շրջանակներում հունիսի 15-ին, 16-ին և 17-ին նախատեսվում են ցուցադրություններ նաեւ Գյումրի, Վանաձոր և Քաջարան քաղաքներում:

Փառատոնի փակումը տեղի կունենա 2024 թվականի հունիսի 7-ին հայկական արտադրության «Ավրորայի արևածագը» ֆիլմով։
Եվրոպական ֆիլմերի ցուցադրությունը բաց է հանրության համար. այն բացառիկ հնարավորություն է՝ ծանոթանալու եւ մոտ լինելու եվրոպական մշակույթին եւ կինոյին։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս