ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քարաթափում, պայթեցում, ջրամբարներից ջրի բաց թողում. ինչը հանգեցրեց մեծ աղետի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ ակտիվորեն քննարկվում է Լոռու և Տավուշի մարզերին պատուհասած աղետի պատճառները, որը գուցե և ամենևին էլ բնական չէ, այլ արհեստածին:

Հիշեցնենք ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջի ապրիլի 19-ի հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է՝ ««ՁորաՀԷԿ-ի» շահագործման ընթացքում էներգահամակարգի աշխատանքի խափանումներով պայմանավորված, առաջիկայում հնարավոր է կայանի կանգ, որն էլ իր հերթին մինչև օգոստոս ամիս կարող է հանգեցնել ջրի բացթողումների կայանի ջրամբարից:

Վերջինս կարող է Ձորագետ և Դեբետ գետերի վարարումների պատճառ դառնալ:

Վտանգներից խուսափելու համար հորդորում ենք ափամերձ տարածքներում ցուցաբերել առավել զգոնություն»։

Չնայած այս զգուշացումներին, Լոռու Մարզի մարզպետ Արամ Ղազարյանը երեկ ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ աղետն ու ապրիլի 19-ի հայտարարությունը իրար հետ փոխկապակցված չեն կարող լինել։

Բացի բաց թողնված ջրի անթուլատրելի ծավալներից, շատ մասնագետներ պնդում են, որ աղետը կարող էր վրա հասնել նաև քարապայթեցման հետևանքով և/կամ պատճառով: Բանն այն է, որ շատ վարորդներ հայտնել են, որ մինչ աղետի օրերը, իրենք ականատես են եղել քարերի պայթեցման և քարաթափման հենց հեղեղված ճամփեզրին: Այսինքն՝ պայթեցումները կարող էին նպաստել ջրերի վարարմանը, և ստացվում է, որ աղետի համար մարդկային գործոնը կա:

ArmLur.am-ը այսօր զրուցել է Լոռու մարզի մարզպետ Արամ Ղազարյանի հետ՝ հասկանալու համար՝ որքանով են իրական առաջ քաշված վարկածները:

«Որտեղի՞ց նման տեղեկատվություն, շատ կներեք։ Ես զարմանում եմ էլի, էդ տեղեկությունները որտեղից են, ինչի՞ են անհիմն տեղեկություններ տարածում, ձեզ ու մեզ ծանրաբեռնում։ Չկա նման բան»։

Մարզպետին նաև հարցրեցինք՝ ինչո՞ւ մարզպետարանը նախօրոք չի պատրաստվել աղետին, քանի որ հիդրոմետները՝ այդ թվում նաև Գագիկ Սուրենյանը, նախապես զգուշացրել էին, որ սպասվում են առատ անձրևներ և կարկուտ։

Մարզպետ Արամ Ղազարյանը, մեր հարցին չպատասխանելով, հորդորեց հետևել «Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնին», քանի որ ուղիղ եթերներով տալիս են բոլոր հարցերի պատասխանները։

«Մենք ունենք միասնական տեղեկատվական շտաբ, որտեղ ուղիղ եթեր ենք մտնում և համապատասխան տեղեկատվություն ենք տրամադրում։ Խնդրում եմ, հետևեք տեղեկատվական շտաբի տեղեկատվությանը և հիմա, որ հարցերը բարձրաձայնում եք, ինձ հարցերը տվել են և ես այդ հարցերին պատասխանել եմ»,- ասաց մարզպետը։

ArmLur.am-ը նաև հետաքրքրվեց մարզի ղեկավարից՝ արդյո՞ք այս վարարման ռիսկը կանխատեսվել էր և նախաձեռնվե՞լ են ինչ-որ աշխատանքներ, ինչին ի պատասխան Ղազարյանն ասաց․

«Կանխատեսումները այնպիսին չէին եղել, որ կարող էր նման աղետ տեղի ունենալ։ Դրա համար խնդրում եմ կանխատեսումների մասին նման հարցադրումները անընդհատ չանել, որովհետև կանխատեսումներն ամեն օր լինում են, սակայն նման կանխատեսում, որ այս կարգի վնասներ են լինելու, բնականաբար բոլորն էլ քաջատեղյակ են, որ լիներ, հաստատ այլ գործառույթներ կիրականացվեին»։

Նշենք, որ աղետի պատճառով տուժել են շատ քաղաքացիներ, Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներ պաշտոնապես հայտարարվել են աղետի գոտիներ:

Այս մասին ArmLur.am-ը մարզպետին հարցրեց, թե ո՞վ պետք է պատասխանատվություն կրի ոչ պրոֆեսիոնալիզմի, չհաշվարկված քայլերի և կանխատեսումներին ընդառաջ կանխարգելիչ գործառույթներ չիրականացնելու համար:

«Հիմա, որ երկրաշարժ ա լինում, պատասխանատվություն ով ա կրում, տարերային աղետ է և մենք ունենք մեր պետությունում համապատասխան մարմիններ, ովքեր զբաղվում են, և եթե որևիցէ պաշտոնատար անձ իր գործառույթները պատշաճ չի կատարում, բնականաբար, ըստ ընթացակարգի, կատարվում են համապատասխան գործընթացներ։ Հիմա, եթե նմանատիպ անձինք կլինեն, ովքեր պատասխանատվություն պետք է կրեն, մենք այդ մասին կտեղեկացնենք»,- ասաց Ղազարյանը՝ ավարտելով զրույցը։

Այսպիսով՝ դատելով մարզային իշխանության ղեկավարի խոսքերից, Նիկոլ Փաշինյանի կառավարութունը պայքարում է աղետի հետևանքների դեմ, սակայն պատճառների, կանխարգելիչ գործողությունների մասով ոչինչ չի արվում: Ասել է թե՝ Լոռվա և Տավուշի մարզերի դիմակայունության հարցը չի էլ քննարկվում:

Աննա Սրապիոնյան

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս