Բաքուն հավատարիմ է խաղաղության գործընթացին. Բայրամով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն է անդրադարձել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Իսլամաբադում Պակիստանի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում: Նա հայտարարել է, որ սահմանազատման շուրջ Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները դրական ազդեցություն են ունեցել երկու երկրի հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա:

Բայրամովը վստահեցրել է, որ Բաքուն հավատարիմ է խաղաղության գործընթացին և հույս է հայտնել, որ «այն կնպաստի տարածաշրջանում անվտանգության հաստատմանը»:

Մամուլի ասուլիսում կողմերը շոշափել են Ադրբեջան-Պակիստան երկկողմ հարաբերությունների թեման, հայտարարել են, որ Իսլամաբադն ու Բաքուն ամուր քաղաքական երկխոսություն են վարում, պայմանավորվել են զարգացնել հարաբերություններն առևտրի, ներդրումների, կապի, էներգետիկայի և պաշտպանության ոլորտներում։ Պակիստանի արտգործնախարարը հայտարարել է, որ իր երկիրը միշտ աջակցել է Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Անդրադառնալով իսրայելա-պաղեստինյան հակամարտության խնդրին, ըստ ադրբեջանական կողմի՝ Բայրամովը կոչ է արել դադարեցնել Գազայի հատվածում պատերազմը և ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը, ըստ որի, Մերձավոր Արևելքում երկարաժամկետ խաղաղությունը պետք է հիմնվի «երկու պետության» բանաձևի վրա:




Լրահոս