ՊԵԿ նախագահը հերքում է Ալեն Սիմոնյանին․ եկեղեցին հարկ վճարում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը օրերս Ազգային Ժողովում հայտարարեց, որ կարծում է՝ եկել է ժամանակը՝ Հայ առաքելական եկեղեցին պիտի հարկվի։

«Մենք պետք է հասկանանք՝ հարկային այն պարտավորությունները, որոնք բոլորի համար առկա են, եկեղեցու հանդեպ ինչո՞ւ չի կիրառվում։ Ես կարծում եմ, որ մոտ ժամանակներում պետք է քննարկենք այս հարցը»,- ասել է ԱԺ նախագահը։

Սիմոնյանի խոսքով՝ եկեղեցին մոմ, գինի, կոկա-կոլա է ծախում, հարստանում է, բայց հարկ չի վճարում։

Այսօր Ազգային Ժողովի հանձնաժողովներում շարունակվում է ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումները։

Քննարկման ընթացքում ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հայտարարեց, որ եկեղեցին վճարում է հարկեր։

Հավելենք նաև, որ Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին արդեն մի քանի տարի է հազար խոշոր հարկատուների շարքում է։

Ավելին, ըստ ՊԵԿ-ի հրապարակումների, 2023 թվականի վերջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2023թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին զբաղեցրել է 768-րդ տեղը և վճարել է 435 մլն 405 հազար դրամ գումար։

Ստացվում է, որ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հերքում է ԱԺ նախագահի՝ ՀՀ ամենաբարձ ամբիոնից հնչեցրած ամպագոռգոռ հայտարարությունները։

Էմմա Միքայելյան




Լրահոս