Տնօրենին աշխատանքից ազատել են հեռախոսով խոսող աշակերտին նկատողություն անելու համար. «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մարտի 17-ին տեղեկատվություն տարածվեց, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության Վրեժ Իսրայելյանի անվան թիվ 17 դպրոցի տնօրեն Նաիրուհի Սարգսյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:

Նշված էր նաև, որ մանկավարժին ոչ հարիր պահվածքի համար նույն տնօրենը շուրջ 6 ամիս առաջ ստացել էր բանավոր խիստ նկատողություն և նախազգուշացվել, որ կրկնվելու դեպքում կազատվի աշխատանքից:

Մեզ հայտնի դարձավ, որ թիվ 17 դպրոցի մի աշակերտ դասի ժամանակ խոսել է բջջային հեռախոսով: Ուսուցիչը նրան նկատողություն է արել, բայց նա չի անջատել հեռախոսը և դա դարձել է մի ամբողջ պատմություն: Այդ մասին պատմել են քեռուն, քեռին էլ Մհեր Սեդրակյանին: Վերջինս էլ զանգել է Տարոն Մարգարյանին ու պահանջել ազատել «իր տեղը չճանաչող» տնօրենին:

Մհեր Սեդրակյանից մեկնաբանություն ստանալու մեր փորձերն ապարդյուն անցան: Անցյալ շաբաթ նրա վարորդն ասում էր, թե Սեդրակյանը Հայաստանում չէ:

Երեկ Աժ-ում պատգամավորը մի պահ երևաց դահլիճում, իսկ հետո ողջ ընթացքում նրա աշխատասենյակի դուռը կողպած էր: Զանգերին պատասխանող նույն անձը խոստացավ Սեդրակյանին փոխանցել, որ ցանկանում ենք խոսել նրա հետ, բայց հետո ասաց, որ Մհեր Սեդրակյանը չի ցանկանում «Հժ»-ի անունը լսել:

Դպրոցի այլևս նախկին տնօրենն ընդհանրապես չցանկացավ խոսել. «Ես ասելու բան չունեմ: Ես չեմ ցանկանում այդ մասին խոսել»,– ասաց նա ու անջատեց հեռախոսը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս