Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտի նահանգապետ Ժորժ Սիֆրեդի գլխավորած պատվիրակության և Ֆրանսիայի «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչների հետ:
Հանրապետության նախագահը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և բարձր գնահատել մասնավորապես Օ-դը-Սեն դեպարտամենտի և Տավուշի մարզի միջև բազմամյա սերտ համագործակցությունը:
Օ-դը-Սեն դեպարտամենտի և Տավուշի մարզի միջև արդյունավետ համագործակցության հիմքը դրվել է 2008 թվականից, երբ դեպարտամենտը սկսեց աջակցել Տավուշի գյուղատնտեսական և անասնապահական ոլորտների զարգացմանը: 2008 թվականից ի վեր Օ-դը-Սեն դեպարտամենտը Տավուշում իրականացրել է շուրջ 8.4 միլիոն եվրոյի ներդրումային զարգացման ծրագրեր:
Նախագահն իր խոսքում շեշտել է, որ ներկայումս Հայաստանի և Ֆրանսիայի փոխգործակցությունը գտնվում է ամենաբարձր մակարդակում և այս տեսանկյունից նույնպես շատ կարևոր է երկու երկրների հարաբերությունների ապակենտրոնացված զարգացումը նաև տարբեր մարզերի և քաղաքների մակարդակում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական համագործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել Ֆրանսիայի «Հայաստան» հիմնադրամի գործունեությանն ու կարևոր դերակատարությունը երկու երկրների փոխգործակցության շարունակական խթանման գործում:
Մտքեր են փոխանակվել ներհայաստանյան և տարածաշրջանային զարգացումների և ընդհանուր իրադրության վերաբերյալ:
Զրույցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանն իր պատրաստակամությունն է հայտնել հնարավորինս աջակցել ապակենտրոնացված համագործակցության զարգացման ծրագրին և ընթացիկ նախաձեռնությունների կյանքի կոչմանը: