Ավարտվել է Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած՝ 12 անձի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմկտեից։
«ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Շիրակի մարզի 33–ամյա բնակիչը, գտնվելով սթափ վիճակում, 2023 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 00:20-ի սահմաններում, իր կողմից շահագործվող «Զիլ-ՄՄԶ-554Մ» մակնիշի ավտոմեքենան վարել է Երևան-Գյումրի ավտոճանապարհով՝ դեպի Գյումրի ուղղությամբ։
Հասնելով հիշյալ ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատված՝ հանդիպակաց երթևեկող տրանսպորտային միջոցի հեռահար լույսերից շլանալու հանգամանքով պայմանավորված վտանգի առաջացման պահից սկսած, առանց վթարային լուսային ազդանշանը միացնելու և իր վարած տրանսպորտային միջոցի ընթացքի արագությունը իջեցնելու, անհրաժեշտության դեպքում նաև կանգնելու, շարունակել է երթևեկությունը, կատարել լույսերի հեռահարից մոտակա միացում և ինքնաբերաբար երթևեկել դեպի ձախ։
Արդյունքում՝ իր վարած տրանսպորտային միջոցը դուրս է բերել հանդիպակաց երթևեկելի ուղեմաս, որի հետևանքով «Զիլ-ՄՄԶ-554Մ» մակնիշի հիշյալ ավտոմեքենան բախվել է «Վոլկսվագեն Քրաֆթեր» ավտոմեքենային։ Վթարի հետևանքով «Վոլկսվագեն Քրաֆթեր» ավտոմեքենայի վարորդը և 11 ուղևոր մահացել են, ևս 4 ուղևորի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «Զիլ-ՄՄԶ-554Մ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման համակցված միջոցներ են ընտրվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը:
Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։