
Իրանի նախագահի առաջին գրանցված թեկնածուն Ալի Լարիջանին է։
Ինչպես հաղորդում է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական լրատվական գործակալությունը՝ ԻՌՆԱ-ն, ուրբաթ առավոտյան նախագահական ընտրություններում որպես թեկնածու գրանցվել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախկին քարտուղար Ալի Լարիջանին։
Նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցման մեկնարկի մասին հինգշաբթի հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին։
«Ընտրությունների գործընթացը տևում է հինգ օր՝ գրանցման համար, յոթ օր՝ որակավորման ստուգման և 14 օր՝ թեկնածուների հայտարարման համար», – ասել է Իրանի ՆԳ նախարարը։
Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը և այլ պետական պաշտոնյաներ զոհվել են մայիսի 20-ին ուղղաթիռի վթարի հետևանքով։
Իրանի սահմանադրության համաձայն, եթե նախագահը մահանում է, նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն 50 օրվա ընթացքում։