Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանին և մյուսներին արդարացնելու վճիռը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատախազությունը կբողոքարկի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին և գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանին արդարացնելու՝ առաջին ատյանի դատարանի դատավճիռը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Ավելի վաղ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով վճիռը։ Դատավոր Վահե Միսակյանի որոշմամբ՝ Սերժ Սարգսյանը, Բարսեղ Բեգլարյանը և Գևորգ Հարությունյանը առաջադրված մեղադրանքներում արդարացվեցին՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Դատարանի որոշմամբ վերացվել են Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարյանի և Գևորգ Հարությունյանի խափանման միջոցները՝ երկրից բացակայելու արգելքը։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։ Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չէր ընդունում։




Լրահոս