Միջազգային գործընկերները պատրաստակամություն են ցուցաբերել ջրհեղեղից հետո Հայաստանին աջակցելու հարցում. ՏԿԵ նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջրհեղեղից զգալիորեն տուժած Ալավերդի քաղաքը մայիսի 31-ին ընդունեց ՀՀ-ում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների ավելի քան 40 անդամների, ովքեր շրջայց կատարեցին համայնքի վնասված հատվածներում և անմիջականորեն ծանոթացան աղետի հետևանքների վերացման աշխատանքներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալավերդու համայնքապետարանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ՀՀ ՏԿԵ նախարար և օպերատիվ շտաբի ղեկավար Գնել Սանոսյանը նշեց, որ այս օրերին բազմաթիվ հանդիպումներ են եղել արտասահմանյան գործընկերների հետ:

«Նրանց ցույց տվեցինք ընդամենը մի քանի տարածքներ, սակայն միայն երեք-չորս վայրեր այցելելն արդեն իսկ բավարար էր, որպեսզի մեր արտասահմանյան գործընկերները տեսնեին աղետի իրական մասշտաբները, տուժած ոլորտները, ենթակառուցվածքները: Ունեցանք որոշակի քննարկումներ, մեզ աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ դիվանագետները նախապես ունեին որոշակի մտքեր և արդեն տեղում պետք է դիտարկեին ընթացիկ աշխատանքները, մեր կարիքները: Միասին քննարկեցինք թե՛ առկա իրավիճակը, թե՛ անելիքները, թե՛ սպասելիքները»,- նշեց ՏԿԵ նախարարը::

Սանոսյանը հավելեց, որ արտերկրի տարբեր գործընկերներից լսել են մեզ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին թե՛ մասնագիտական, թե՛ փորձագիտական, թե՛ այլ ուղղություններով: Ըստ նրա՝ դիվանագետները նախապես գուցե լավ չէին պատկերացնում աղետի իրական մասշտաբները, սակայն երբ այցելեցին աղետի գոտի, բնականաբար արեցին հետևություններ, որոնցից կարող են ծնվել աջակցության որոշակի ծրագրեր:

«Այդ աջակցությունը կարող է արտահայտվել տարբեր կերպ՝ սկսած փորձագետներ տրամադրելուց, վերջացրած գույքագրման աշխատանքներով: Գույքագրումը բազմաշերտ է և ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ: Շահառուները շատ են, որովհետև բավականի մեծ է վնասված մասնավոր գույքի ծավալը: Զգալիորեն վնասվել է նաև համայնքային պատկանելության գույքը, հետևաբար մենք տարատեսակ աջակցության, այդ թվում ֆինանսական օգնության կարիք կունենանք: Բացի վերականգնողական աշխատանքներ իրականացնելուց, մենք ենթադրաբար պետք է նաև արտոնյալ ծրագրեր իրականացնենք աղետի գոտում բիզնեսի խրախուսման, գյուղատնտեսության խթանման ուղղությամբ: Դա կօգնի մարդկանց ոտքի կանգնել և վերստին ծավալել իրենց բիզնես գործունեությունը»,- ասաց Սանոսյանը:

Նախարարը հայտնեց, որ իրենք փորձում են աշխատանքներին տալ հետևյալ տրամաբանությունը: Բացի այն, որ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որն աշխատում է արտակարգ ռեժիմով և համակարգում է ինչպես Լոռու, այնպես էլ Տավուշի մարզերում իրականացվող աշխատանքները, գործառույթներից մեկն էլ ամեն ինչ արձանագրելն ու հանրապետական հանձնաժողովին փոխանցելն է:

«Քանի որ Տավուշի և Լոռու մարզերը հայտարարվել են աղետի գոտի, այդ դեպքում մեր իրավական կարգավորումներով գործում է հանրապետական հանձնաժողով, որը ղեկավարում է ՆԳՆ-ն և այնտեղ ընդգրկված են մի շարք գերատեսչություններ՝ հիմնականում փոխնախարարների կարգավիճակով: Հանրապետական հանձնաժողովն իր հերթին փորձում է մշակել համապատասխան կարգավորումները՝ հասկանալու, թե արտասահմանյան որևէ երկրից կամ միջազգային գործընկեր կազմակերպություններից ինչպիսի ակնկալիքներ կարող են լինել»,- ասաց Սանոսյանը:




Լրահոս