Հայաստանի Հանրապետության պետական պարտքը 2023 թվականի հուլիսի վերջի դրությամբ կազմել է մոտ 11 մլրդ 352 մլն դոլար։ Ինչպես ցույց են տալիս Ֆինանսների նախարարության տվյալները, այս տարի՝ ապրիլի 30-ի դրությամբ, պետական պարտքը հատեց 12 միլիարդ դոլարի շեմը՝ դառնալով 12 մլրդ 70 մլն դոլար։
Սա ռեկորդային թիվ է, սակայն վատ առումով ռեկորդային. այն ողբալի ցուցանիշ է Հայաստանի Հանրապետության համար։
ՎԶԵԲ տարեկան հանդիպման, գործարար համաժողովի եւ ֆորումի ընթացքում, երբ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը, հայտարարեց, որ Հայաստանը գրանցել է 30% տնտեսական աճ։ Ըստ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի՝ այս երեւույթը տնտեսության մեջ անվանում են «փրփուր», եւ «փրփուրների» ավելացմամբ տնտեսական աճով հպարտանալ պետք չէ։
Ստացվում է, որ փրփուրներից կախված Նիկոլ Փաշինյանը, որը նախկիններին մեղադրում էր պետական պարտքի հաշվին հարստանալու մեջ, այսօր ե՛ւ մասնատում է Հայաստանը, ե՛ւ կուտակել է ահռելի պետական պարտք ու շարունակում է կուտակել՝ միաժամանակ հարստացնելով թիմակիցերին:
Հարկ է նշել, որ ֆինանսների նախարարության ներկայացրած վերջին տվյալների համաձայն՝ 2020 թվականի կեսերից Հայաստանի ՀՆԱ-ն կայուն անկում է գրանցում, եւ, ըստ տնտեսագետների, Հայաստանի տնտեսական աճի դինամիկան պահում են միայն առեւտուրը եւ առեւտրաշրջանառությունը, որի դադարը ճակատագրական կլինի Հայաստանի համար։
Երեւանի ավագանու անդամներին այսուհետ կարգելվի աշխատել որպես հանրային ծառայող: Խորհրդարանը մայիսի 22-ի նիստում ընդունել է «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքների նախագիծը: Օրենսդրական փոփոխությունը նախատեսում է, որ ավագանու անդամները չեն կարողանա այլեւս համատեղել իրենց պաշտոնը հանրային եւ հանրային ծառայության պաշտոնների հետ: Շեշտենք, որ համապատասխան փոփոխությունները եւ սահմանափակումները կազդեն արդեն նոր ընտրությունների արդյունքում ձեւավորված ավագանու անդամների վրա, բայց ավագանու գործող անդամների վրա չեն տարածվի: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ ամիսներ առաջ էր գրել, որ Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք անդամներ ավագանու իրենց պաշտոնի հետ անհամատեղելի գործունեությամբ են զբաղվում: ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից իշխանական ավագանու անդամներին մինչեւ փետրվարի 15-ը ժամանակ էին տվել. նրանք կա՛մ ավագանու մանդատից պետք է հրաժարվեին, կա՛մ իրենց զբաղեցրած հանրային պաշտոններից։ Փետրվարի 12-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ կառավարությունում տեղի էր ունեցել հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ, եւ մասնակիցները եկել էին եզրահանգման, որ ավագանու ՔՊ անդամները պետք է «համաներվեն»: Նրանք էին՝ ավագանու իշխանական անդամ Վլադիմիր Կիրակոսյանը, որ համատեղությամբ նաեւ անտառային կոմիտեի նախագահն է, Նատալյա Սինորյանը, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի օգնականն էր, իսկ հիմա՝ ՔՊ խմբակցության փորձագետը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար, ավագանու անդամ Արման Բարխուդարյանը, որ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի խորհրդականն է, Զինա Չալիկյանը, որ ԱԺ նախագահի ռեֆերենտն է, եւ Լեւոն Լեւոնյանը, որ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնականն է նաեւ: Կարճ ասած՝ այն, ինչ հիմա կարելի է ՔՊ-ականներին, արգելվելու է ապագայում բոլորին:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը նախագիծ է ներկայացրել ԱԺ, որով ցանկանում են ընդլայնել Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի լիազորությունները, որպեսզի նա այսուհետ կարողանա քննիչին փոխել գործի վարույթից: ՔՊ շրջանակից, անանուն մնալու պայմանով, երեկ մեզ պատմեցին, որ ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանին այդ նախագիծը ներկայացնելու հանձնարարությունը տվել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ «ժողովուրդ» օրաթերթը դիմեց Գլխավոր դատախազություն, որտեղից ի պատասխան՝ դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը հայտնեց. «Իրականության հետ աղերս չունեցող եւ մտացածին «լուրերը» Գլխավոր դատախազությունը չի մեկնաբանում»: Բայց փաստ է, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի, ապա եւ լիագումար նիստերի ընթացքում դատախազի տարեկան հաղորդումների ժամանակ Արփի Դավոյանը շնորհակալությունների տարափ էր հորդեցնում Աննա Վարդապետյանի հասցեին: Եվ այդ «շնորհակալություններից» հետո ԱԺ քննարկմանը ներկայացվեց դատախազին ձեռնտու նախագիծ՝ նույն Դավոյանի կողմից: Պատահականությո՞ւն. դժվար է հավատալ. բայց Արփի Դավոյանը մեր հարցերին չի պատասխանում, որ մանրամասները իրենից էլ ճշտեինք:
Մինչ ՔՊ իշխանության գալը՝ ՀՀ Սահմանադրությունից մեզ հայտնի էր, որ ընտանիքը հասարակության բջիջն է։ Այս նորմը վերջին տարիներին հետ է մղվել` տեղը զիջելով՝ «ընտանիքը կառավարության բջիջն է» թեզին, քանզի ՔՊ իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչների կանայք, քույրերը, եղբայրները եւ նման այլ անձինք, տեղավորվել են պետական ֆինանսավորմամբ կառույցների տարբեր հաստիքներում։ Բացառություն չէր մայիսի 22-ին արտաքին հետախուզության պետի տեղակալ նշանակված Արման Բոշյանը: Տեղեկացնենք, որ տեւական ժամանակ գործազուրկ մնացած նախկին պատգամավոր Արման Բոշյանի կինը՝ Անուշիկ Ավետյանը, իհարկե կառավարության աշխատակից է. նա փոխվարչապետի օգնականն է, տարեկան 7 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում: Իհարկե, Բոշյանների համար եւս, անվիճելի, «ապագա կա»։