2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՑՈՒՑԱՆԻՇ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2024թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։

Այսպես՝ Ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության սկզբից ՀՀ տնտեսությունում արձանագրված բարձր տնտեսական ակտիվությունը պահպանվել է նաեւ 2024թ. առաջին եռամսյակում. տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14.3%։ Նշված բարձր ցուցանիշն առավելապես պայմանավորված է ժամանակավոր եւ ոչ կայուն երեւույթներով, մասնավորապես՝ ոսկերչական գործունեության ծավալների կտրուկ աճով: Եվ պատկերը, կախված արտաքին, դժվար կանխատեսելի իրավիճակից, կարող է կտրուկ փոխվել (ոսկերչական գործունեության ծավալները կտրուկ նվազել)՝ էական բացասական ազդեցություն թողնելով մակրոտնտեսական ցուցանիշների վրա։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը (հիմնականում՝ վերամշակումը) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11.9 անգամ: Մինչդեռ, արդյունաբերության՝ ՀՀ տնտեսության համար էական կարեւորություն ունեցող մի շարք ենթաճյուղերում անկումը շարունակվում է: Այսինքն՝ արդյունաբերության, որոշակի իմաստով, «համակարգաստեղծ» ենթաճյուղերի արտադրության նվազման ֆոնին ոսկերչական արտադրատեսակների արտադրությունն էական աճ է գրանցում։ Արդյունքում շարունակում է վատթարանալ արդյունաբերության կառուցվածքը:
2024 թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ։ Ի դեպ, 2024 թ. պետական բյուջեի եկամուտների ծրագրված եւ փաստացի ցուցանիշների հաշվարկում կատարվել է մեթոդաբանության փոփոխություն, համաձայն որի՝ դրանցում ներառվում է նաեւ հիպոթեքային վարկերի վճարված տոկոսների վերադարձի գումարը (որը նախկինում նվազեցվում էր հարկային եկամուտներից)։ Այս պարագայում եւս պետական բյուջեի եկամուտները ճշտված պլանի նկատմամբ թերակատարվել են 6.8%-ով։ Հատկանշական է, որ թերակատարումն առկա է նաեւ հաստատված բյուջեի նկատմամբ։ Թերակատարումից բացի, արձանագրվել է նաեւ բյուջեի եկամուտների աճի տեմպի դանդաղում՝ հիմնականում պայմանավորված բարձր տնտեսական աճի պայմաններում ոչ հարկունակ ճյուղերի աճով:
ՀՀ պետական բյուջեի փաստացի ծախսերը 2024թ. առաջին եռամսյակում կազմել են 525.9 մլրդ դրամ: Դրանք նույնպես ճշտված պլանի համեմատ թերակատարվել են՝ 17.5%-ով։ Ընդ որում, թերակատարումը վերաբերում է թե՛ ընթացիկ եւ թե՛ կապիտալ ծախսերին։ Ի դեպ, բյուջեի ընդհանուր, ինչպես նաեւ ընթացիկ ծախսերի դեպքում հաստատված բյուջեի նկատմամբ եւս արձանագրվել է թերակատարում։
Թերակատարվել են հաշվետվությունում նշված բոլոր պատասխանատու մարմինների գծով իրականացվող ծրագրերի շրջանակում կատարված ծախսերը։ Ամենացածր կատարողականն արձանագրվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատասխանատվության տակ գտնվող ծրագրերի գծով:
2024 թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեն ունեցել է 0.9 մլրդ դրամ պակասուրդ՝ ճշտված պլանով ծրագրված 74.4 մլրդ դրամ եւ հաստատված պլանով նախատեսված 34.9 մլրդ դրամ պակասուրդի փոխարեն։
Հաշվետու ժամանակաշրջանում կրկին կառավարությունն «աչքի է ընկել» բյուջետային պլանավորման ասպարեզում ունեցած անհաղթահարելի խնդիրներով։ Մասնավորապես՝ 2024թ. պետական բյուջեով նախատեսված գրեթե բոլոր ցուցանիշները ճշտված պլանով վերանայվել են, սակայն փաստացի մեծություններից շատերը ոչ միայն զգալիորեն հեռու են եղել ճշտված պլանից, այլեւ ավելին, շատ դեպքերում դրանք ճշտված պլանից ավելի շատ են շեղվել, քան հաստատված պլանից։
Պետական բյուջեի հարկային եկամուտների եւ պետական տուրքերի` պլանի նկատմամբ թերակատարումը, ինչպես նաեւ տպավորիչ տնտեսական ակտիվության պարագայում գրեթե եռակի ցածր աճի տեմպը մտահոգությունների տեղիք են տալիս ՀՀ տնտեսությունում տեղի ունեցող բացասական զարգացումների շուրջ: Պատկան մարմինների կառավարման ցածր մակարդակի պատճառով ծախսերի թերակատարման շուրջ ձեւավորված, տարիներ ի վեր առկա եւ արդեն «քրոնիկ» դարձած հիմնախնդիրը փաստում է, որ գործող իշխանությանն այդպես էլ չի հաջողվում լուծել պետական կառավարման համակարգում տնտեսության համար առանցքային ծրագրերի արդյունավետ իրականացման կարողությունների ապահովման խնդիրը։ Արդյունքում, բյուջեի ծախսերի թերակատարման հետեւանքով՝ տնտեսության ներուժի տեսանկյունից կարեւորագույն ծրագրերը իրականացվում են թերի (ոչ լրիվ կամ ժամանակին)՝ վտանգելով ինչպես ընթացիկ, այնպես էլ երկարաժամկետ տնտեսական աճն ու զարգացումը:
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

ՎԱՐԿԱՅԻՆ ԲԵՌԸ ՊԵՏՔ Է ԹԵԹԵՎԱՆԱ
«Հայաստանում արդեն վիճակն այնպես է, որ ունենք գերկենտրոնացում», – այս մասին երեկ՝ մայիսի 22-ին, Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը հայտարարեց տնտեսագետ Միքայել Մելքումյանը։
«Մենք ունենք մոտ 100 հազար տնտեսվարող սուբյեկտ, որոնք հարկայինին հաշվետվություն են ներկայացնում։ Դրանից շուրջ 60 հազարը, այսպես կոչված, փոքր-միջինն է, 25 հազարը՝ միջին բիզնեսներն են, մոտ 14 հազարն էլ խոշորներն են, որոնք միլիարդավոր դրամների շրջանառություն ունեն։ Բիզնեսմենը հաստատ մտքով շարժման հետ է։ Մոտ 740 հազար վարձու աշխատող կա, եւ մոտ 300 հազար գյուղում աշխատողներ կան։ Նրանք մեր ուժն են։ Մինչեւ 400 հազար մարդ ստանում է 150 հազար դրամ. դա խայտառակություն է: Ստանում են օրական 5 հազար դրամ այն դեպքում, երբ բանվորը շինարարությունում 10 հազար դրամից պակաս չի աշխատում։ Գիտեք, որ մի մասն էլ ճամպրուկը վերցնում ու արտագաղթում է այս երկրից։ 5,2 տրիլիոն դրամ վարկային պորտֆելն է, երբ ունենք 8,2 տրիլիոն համախառն ներքին արդյունք։ 8 տրիլիոնի մեջ 5 տրիլիոնը մեր վարկերն են, 5,5-ն էլ մեր ավանդներն են, բայց այդ ավանդների ընդամենը 2 տոկոսը կազմում է մոտ 4 տրիլիոնը։ Արձանագրենք, որ Հայաստանում արդեն վիճակն այնպիսին է, որ ունենք գերկենտրոնացում»,- նշեց նա։
Մելքումյանն ասաց, որ Հայաստանում այժմ 2,5 միլիոն վարկառու կա. – «Այդ վարկառուներից մոտավոր 2 միլիոնն ունեն մինչեւ 700 հազար վարկ, դրանք սպառողական վարկերն են. մարդն անընդհատ սպառողական վարկ է վերցնում, որ ապրի»։
Նրա կարծիքով՝ պետք է գնալ վարկային բեռի թեթեւացման: «Դա շատ հեշտ է մտածել, թե ինչպես պետք է անել եւ ինչի հաշվին պետք է անել»։

ԱՎԱՐՏԵԼ Է ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄԸ
«Արարատ» բանկը սույն թվականի մարտի 26-ին մեկնարկել էր պարտատոմսերի հերթական տեղաբաշխման գործընթացը։ Համաձայն պարտատոմսերի թողարկման վերջնական պայմանների՝ տեղաբաշխման ավարտ էր սահմանվել սույն թվականի հունիսի 26-ը, սակայն տեղաբաշխումն ավարտվել է մայիսի 17-ին։
Հիշեցնենք, որ թողարկվել էր 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 5.75% արժեկտրոնային տարեկան եկամտաբերությամբ, 48 ամիս շրջանառության ժամկետով 200 հազար հատ պարտատոմս:
Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման AMX Հայաստանի ֆոնդային բորսայում:

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՈՒՇԱԳԻՐ
Հուշագիր են ստորագրել Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն եւ Կովկասում ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրեն Ալկիս Վրյենիոս Դրակինոսը։
Գործընկերության նպատակն է խթանել կայուն եւ ներառական տնտեսական աճը Հայաստանում եւ ՎԶԵԲ-ի տարածաշրջանի այլ երկրներում՝ աջակցելով թվայնացմանը եւ ֆինանսական ներառմանը:
Այս համագործակցության շրջանակում գործընկերները կնպաստեն ֆինանսական գրագիտության խթանմանը, ՓՄՁ-ներին եւ կին ձեռներեցներին աջակցելու, ինչպես նաեւ էլեկտրոնային վճարումների միջոցով տնտեսական մասնակցության դյուրացման ծրագրերի իրականացմանը: Սա կներառի նաեւ ծառայությունների թվայնացումը, ինչպիսիք են GovTech-ը եւ հանրային տրանսպորտը:
«Հայաստանում ու տարածաշրջանում Visa-ի եւ ՎԶԵԲ-ի գործունեության մեծ փորձի շնորհիվ այս գործընկերության միջոցով դրական փոփոխություններ կբերենք Հայաստանի տնտեսությանը եւ հասարակությանը: Մենք հպարտ ենք միավորվել նման խոշոր դերակատարի հետ՝ այս դինամիկ երկրում եւ արագ զարգացող շուկայում խթանելու թվայնացումը, ՓՄՁ-ներին եւ ձեռներեց կանանց», – ասել է Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն:
«Ուրախ ենք համագործակցել Visa-ի հետ՝ Հայաստանում զարգացնելու կարեւոր առաջնահերթությունները, ինչպիսիք են թվայնացումը, ֆինանսական ներգրավումը եւ կայուն տնտեսական աճը: Կին ձեռներեցները զգալի ներդրում ունեն Հայաստանի տնտեսական աճում, եւ դեռ շատ չօգտագործված ներուժ կա: Մենք վստահ ենք՝ միասին կարող ենք կրկնապատկել դրական փոփոխությունները, նորարարության խթանումը եւ ՎԶԵԲ-ի տարածաշրջաններում ներառական աճի եւ բարգավաճման հնարավորությունների ստեղծումը»,- նշել է Կովկասում ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրեն Ալկիս Վրյենիոս Դրակինոսը:




Լրահոս