110 մլն դրամ՝ խոհանոցի կահույքի, 70 հազար դոլար՝ ճաշի սպասքի, 552 մլն դրամ՝ նկարների հավաքածուի համար. Արսենյանի թանկարժեք գույքը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն արդեն ներկայացրել է 2023 թվականի գույքի, եկամուտների եւ շահերի հայտարարագիրը, թեպետ դեռ մինչեւ մայիսի 31-ը ժամանակ ուներ։
Գուրգեն Արսենյանը եւ ՔՊ-ական մի քանի պատգամավոր եւս, բացի նրանից, որ ունեն միլիոնավոր եկամուտներ, ունեն նաեւ ահռելի արժողությամբ թանկարժեք իրեր։
2023 թվականի հայտարարագրում 4 միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող գույքի(թանկարժեք գույք) բաժնում հայտարարագրել է 16 թանկարժեք գույք։
Թանկարժեք գույքի շարքերում են հետեւյալ առարկաները.
Ոսկյա ձուլակտոր՝ 32 մլն 055 հազար դրամ,
Ճաշասենյակի կահույքի հավաքածու՝ 300 հազար դոլար,
Արծաթյա սպասքի հավաքածու՝ 48 հազար դոլար,
Ճաշի սպասքի անվանական հավաքածու՝ 70 հազար դոլար,
Ժամացույց՝ 51 մլն 300 հազար դրամ,
Ժամացույց՝ 82 մլն դրամ,
Նկարների հավաքածու՝ 143 մլն դրամ,
Ակոսափող հրացան՝ 6 մլն դրամ,
Նկարների հավաքածու՝ 154 մլն դրամ,
Հեռուստացույց՝ 5 մլն դրամ,
Հյուրասենյակի կահույքի հավաքածու՝ 18 մլն դրամ,
Ննջասենյակի կահույքի հավաքածու՝ 62 մլն դրամ,
Ոսկյա հուշադրամների հավաքածու՝ 18 մլն դրամ,
Հեռադիտակ՝ 8 հազար 500 դոլար,
Նկարների հավաքածու՝ 235 մլն 900 հազար դրամ,
Խոհանոցի կահույքի հավաքածու՝ 110 մլն դրամ։
Հարկ է նշել, որ 82 մլն դրամանոց ժամացույցը եւ 110 մլն դրամանոց խոհանոցի կահույքի հավաքածուն ձեռք է բերվել հեղափոխությունից հետո՝ 2019 թվականին, իսկ 32 մլն 55 հազար դրամ արժեցող ոսկյա ձուլակտորները՝ 2020 թվականին։
Հավելենք, որ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի տարեկան եկամուտները կազմել են 14 մլն 443 հազար դրամ, որը կուտակվել է ԱԺ աշխատակազմից ստացված աշխատավարձից 9 մլն 983 հազար դրամ)։ եկամտի մյուս մասը կազմել է «ՅՈՒՆԻՔՈՐՆ ԳՐՈՒՊ»-ից ստացված շահաբաժնից, եւ վարձակալության դիմաց ստացված վճարից (4 մլն 460 հազար դրամ)։
Հիշեցնենք, որ Գուրգեն Արսենյանը մամուլում հայտնի դարձավ` ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից դուրս գալու շուրջ առաջացած աղմուկից:
«Ժողովուրդ» օրաթերթը հունվարին նույնպես անդրադարձել էր Արսենյանի հայտարարագրին: Նշված էր, որ Արցախում բնակվող հայերին համեմատում էր «Թուրքիայում բնակվող հայերի» հետ, իրեն թույլ է տալիս ճոխություններ, որոնք ավելի են իր տարեկան եկամուտներից:
Նախկինում ՔՊ-ական պատգամավորը հայտարարագրել էր 17 անշարժ գույք, որից երկուսը՝ բնակարան. մեկը Գյումրիում, մյուսը Երեւանում: Մյուս անշարժ գույքերը կա՛մ հասարակական նշանակություն ունեցող շինություն էին, կա՛մ հողամաս. սակայն Արսենյանն ուներ հայտարարագրված գույք, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ նոր կառուցված, ձեռք բերված եւ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այն շինությունն էր, որը դեռեւս չէր ստացել իրավունքների պետական գրանցում:
Արսենյանը հայտարարագրել էր 4 մեքենա. BENTLEY 2019 թվականի արտադրության, MERCEDES-BENZ 2015 թվականի արտադրության, NISSAN 2018 թվականի արտադրության, RANGE ROVER 2014 թվականի արտադրության:
Նրա եկամտի մեծ մասը կազմվում էր բաժնեմասային եկամտից: Ըստ հայտարարագրի՝ Արսենյանն ունի 769 մլն 456 հազար դրամ արժողությամբ արժեթուղթ:
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԱՆԻՖ-Ի ԼՈՒԾԱՐՄԱՆ ՀԱՐՑԸ՝ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ը (ANIF) կլուծարվի։
Համապատասխան որոշման նախագիծը ներառված էր կառավարության՝ մայիսի 23-ի նիստի օրակարգում։ «Կառավարությանն առաջարկվում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։
Առաջարկվող փոփոխությունների իրականացումը պայմանավորված է 2024 թվականի մարտի 14-ին ՀՀ վարչապետի գլխավորությամբ կայացած՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի հաշվետվության N Վ/35-2024 արձանագրության 3-րդ կետի պահանջներով՝ ընկերության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ համապատասխան քայլերի ձեռնարկման վերաբերյալ, ինչպես նաեւ Կոմիտեի կանոնադրությամբ վերջինիս վերապահված լիազորություններով»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։ ANIF-ի ՀՀ սեփականություն հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահված է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։
Ներկայումս ընթանում են ընկերության լուծարման գործընթացի իրականացման հետ կապված աշխատանքներ։ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն ՀՀ կառավարության ներքո գործող ընկերություն է, որի գործունեությունը միտված է խոշորագույն ներդրողների եւ գործընկերների հետ համատեղ լայնածավալ նախագծերի իրականացմանը: ԱՆԻՖ-ի նպատակն էր լինել ակտիվ ներդրող եւ գործընկեր՝ խթանելով ներդրումները Հայաստանի տնտեսության կարեւորագույն ոլորտներում։ Ընկերությունը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 18-ին։
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, Իրանի դեսպանատուն այցելելուց եւ այնտղ սգո մատյանում գրառում կատարելուց հետո, մի փոքր զրուցեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի փոխդեսպան Բահրամ Թոհերիի հետ:
Նա նշեց, որ իր ընտանիքը եւս Իրանից է՝ Նոր Ջուղայից, թեեւ ինքը Երեւանում է ծնվել:
«Այնպես որ, զգացողությունը նույնն է: Ցավակցություններս, Աստված օրհնի ու լուսավորի»,-ասաց նա:
Փոխդեսպանն իր հերթին նշեց. «Պետք է ասեմ, որ վերջին օրերին Հայաստանը եւ հայ ժողովուրդը շատը ջերմ վերաբերմունք ցուցաբերեցին եւ զորակցություն հայտնեցին մեզ, ինչի համար շնորհակալ ենք»:
Ձեռքսեղմումից հետո Բագրատ Սրբազանը հեռացավ:
ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆ
Կոնգրեսական Բրեդ Շերմանը հանձնառություն է ստացել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենից՝ մարդասիրական օգնության տրամադրման ոլորտում:
«Ես հանձնառություն եմ ստացել պետքարտուղար Բլինքենից, որ վարչակազմն աշխատելու է, որպեսզի Կոնգրեսի կողմից տրամադրվող 9 միլիարդ դոլարի մարդասիրական օգնությունը բաշխվի՝ հաշվի առնելով, թե որտեղ կա դրա հրատապ անհրաժեշտությունը՝ Տիգրեյում, Ռոհինջայում, Արցախում, թե Սուդանում», նշել է կոնգրեսականը՝ X-ի էջում:
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՍԱՌԵՑՄԱՆ ԿՈՉ
Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն Ադրբեջանին մեղադրել է Ֆրանսիայում ապակայունացման փորձերի մեջ, մասնավորապես՝ Նոր Կալեդոնիայում խժդժություններ հրահրելու եղանակով։ Բուայեն կոչ է արել ադրբեջանական ակտիվները սառեցնել եւ այդ միջոցներն ուղղել Նոր Կալեդոնիայում վնասը վերականգնելուն, որը հասնում է գրեթե 1 մլրդ եվրոյի։
Վալերի Բուայեն այս մասին ասել է Ֆրանսիայի Սենատի նիստում՝ Ֆրանսիայում օտարերկրյա միջամտության կանխարգելմանն ուղղված օրինագծի քննարկման ժամանակ ունեցած ելույթում՝ նշելով, որ Ֆրանսիայի դեմ գործողություններին ներգրավված են նաեւ Ռուսաստանը, Թուրքիան եւ Չինաստանը։
«Նոր Կալեդոնիան բռնության է ենթարկվել Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Չինաստանի ազդեցության ներքո, որոնք ձգտում են ապակայունացնել Ֆրանսիան եւ օգտագործել նրա ռեսուրսները, ներառյալ՝ նիկելը: Հեռուստատեսային հաղորդումները ցույց են տվել, որ Նոր Կալեդոնիայում որոշ «անկախական» գործիչներ կրել են ադրբեջանական դրոշներով շապիկներ, իսկ ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նկարներով ցուցարարների պատկերներ: Այս պայթյունավտանգ իրավիճակը սրվում է օտարերկրյա միջամտություններով, որոնք չեն սահմանափակվում միայն Նոր Կալեդոնիայով:
Ֆրանսիան դարձել է տեղեկատվական պատերազմի թիրախ, եւ այն նոր է սկսվում, Իսկ այդ հարձակման հետեւում կանգնած է Ադրբեջանը։
Հարձակման առաջնագծում Ադրբեջանն է՝ մի երկիր, որը բռնատիրական ռեժիմ է՝ կախված գազի վաճառքից, Արցախում էթնիկ զտումներ է իրականացնում, հայերին տեղահանում եւ միջազգայնորեն ճանաչված պետության ինքնիշխանությունը ոտնահարում»,- հայտարարել է Բուայեն։