ՈՒԺԵՂԱՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վերջին զանգի» միջոցառումներին ընդառաջ՝ ՆԳՆ Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը մի շարք ծառայակիցների հետ այցելել է Երեւանի թիվ 185 հիմնական եւ 112 ավագ դպրոցներ՝ «Վերջին զանգի» միջոցառումներին ընդառաջ իրազեկման հանդիպումներ անցկացնելու նպատակով։

Տնօրենների եւ մանկավարժների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ շատ կարեւոր է հասնել այն նպատակին, որ սովորութային նորմերը իրավական նորմերից ուժեղ չգտնվեն. աշակերտների՝ մեքենա վարելու, ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու, վիճաբանությունների մեջ ներգրավվելու եւ հակահասարակական այլ երեւույթների դեպքում պատասխանատվությունը կիսելու են նաեւ ծնողները։
Հայաստանի Հանրապետությունում այս տարի վերջին զանգը հնչելու է 1547 կրթական հաստատություններում։
Երեւանի թիվ 185 հիմնական դպրոցի տնօրեն Էլմիրա Պողոսյանը նշել է, որ կարեւորում է ոստիկան-դպրոց համագործակցությունը։ «Սերտ համագործակցում ենք ոստիկանության աշխատակիցների հետ: Նրանք հաճախ գալիս են դպրոց, հետաքրքվում են։ Բարեբախտաբար, լուրջ խնդիրների չենք առնչվել։ «Վերջին զանգի» միջոցառումների հետ կապված՝ մեզ այցելել են, հանդիպում է եղել աշակերտների հետ: Ընկերաբար զրուցել են, որ վտանգներից հեռու մնան։ Իմ պաշտոնավարման չորս տարիների ընթացքում «Վերջին զանգի» կամ ավարտական երեկույթի ժամանակ չի եղել որեւէ խնդիր կամ միջադեպ: Իհարկե, դա նաեւ մեր իրավապահների շնորհիվ է»։
Ոստիկանները ծառայություն են իրականացնելու ոչ միայն դպրոցներում անցկացվելիք ավարտական միջոցառումների ընթացքում, այլեւ երեկոյան՝ տոնական խնջույքների վայրերի մոտակայքում, ընդ որում՝ ոչ միայն մայիսի 24-ին, այլ նաեւ մայիսի 25-ին, 26-ին եւ 27-ին։
Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը նշել է, որ կարեւորում է այն հանգամանքը, որ գործողությունների կարգը մանկավարժական կոլեկտիվների հետ նախապես համաձայնեցվել է: «Նախապես հանդիպումներ ենք անցկացնում մանկավարժական կոլեկտիվի եւ երեխաների հետ, առանձին-առանձին գործընթացներ են, համաձայնեցնում ենք մեր գործողությունները: Եթե կարիք լինի, որ ոստիկանությունը միջամտի՝ հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման կամ իրավախախտումների զսպման համար, ապա ինչպես կապ հաստատեն, որ ոստիկանի հետ կապի մեջ լինեն, եւ դա ինչպես պիտի կարգավորվի: Ոստիկանության կողմից ներկայացվում են նաեւ կարեւորագույն կանոնները, որոնք չպետք է խախտվեն: Կարեւոր է, որ ծնողներն իրենց հերթին նաեւ գիտակցեն, որ դեռեւս գործ ունեն երեխաների հետ, եւ պետք չէ տրանսպորտային միջոցը տրամադրել նրանց կամ թույլ տալ, որպեսզի անչափահասը ալկոհոլ օգտագործի կամ չարաշահի այն»։
«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում իրավապահների խնդիրն է մանկավարժների եւ ծնողների հետ համագործակցված ապահովել աշակերտների անվտանգ օրը, որ չխաթարվի տոնական տրամադրությունը:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՔՐԳՈՐԾԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է
«Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի եւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանի քրեական գործը դատարանում է:
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Արագածոտնի նախկին մարզպետ Աշոտ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, մասնակցելով 2020 թվականի դեկտեմբերի 28-ին` ժամը 09:00-ից մինչեւ 11:30-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքի Դեմիրճյան փողոցում` Ազգային ժողովի մոտ անցկացվող հավաքին, խոչընդոտել է աշխատանքի վայր ժամանող Սիսակ Գաբրիելյանի երթեւեկը, հնչեցրել անպարկեշտ արտահայտություններ: Իրականում մի խումբ քաղաքացիներ վիրավորել էին Սիսակ Գաբրիելյանին, նա էլ քաղաքացիներին էր վիրավորել, հայհոյել, մյուս կողմը ձու էր նետել պատգամավոր Գաբրիելյանի ուղղությամբ:
Արդյունքում՝ երեկ ՔՊ-ականները միաձայն ընտրեցին ՍԴ դատավոր, որը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն էր՝ Դավիթ Խաչատուրյանը:
ՔՊ-ականներից հետաքրքրվեցինք, թե իրենք մտավախություն ունենալո՞վ են ընտրել Սասուն Խաչատրյանի եղբորը:
Մեր հարցին ի պատասխան՝ ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ասեց, որ իր մասնակցությունն ընտրությանը չի մեկնաբանի եւ չի նշի, թե ինչ ընտրություն է կատարել:
Պատգամավորը նշել է, որ Սահմանադրական Դատարանի դատավոր ընտրելու հարցում՝ թեկնածուի եւ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի եղբայրներ լինելը կապ չունի, քանի որ նա ԱԺ պատգամավոր է. «Ես մի քանի անգամ ավելի բարձր պաշտոնյա եմ, քան հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը»:

ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ՝ «ՋԻՋԻ»-Ի ԴԵՄ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մայիսի 21-ին հարուցել է վարույթ «Ջիջի» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ՝ «gg» հավելվածի միջոցով անկանխիկ եղանակով պատվեր գրանցելիս ներկայացված արժեքը երթի ավարտին ավելացնելու, ինչպես նաեւ պատվերի ավարտի ժամանակ կոնկրետ գումար ներկայացնելու, սակայն դրանից ավել գումար գանձելու միջոցով դրսեւորված, հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերեւույթ առկայության հիմքով։
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՄԱՐՏԱԿԱՆ ԱՏՐՃԱՆԱԿ
Մայիսի 21-ին՝ ժամը 21:46-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Նոր Գյուղի մի բնակիչ եւ հայտնել է, որ քաղաքացին ալկոհոլի ազդեցության տակ ատրճանակով կրակում է:
Դեպքի վայր ոստիկանության Կոտայքի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21:30-ին գյուղի 18-րդ փողոցի տներից մեկի բակում ատրճանակով կրակել է Կոտայք գյուղի բնակիչ 39-ամյա տղամարդը:
Հետագա միջոցառումների արդյունքում՝ նա հայտնաբերվել, ձերբակալվել եւ տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «Բայկալ» տիպի մարտական ատրճանակ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:
Հանգամանքները պարզվում են:

ՍՊԻՏԱԿՑԻ ՀԱՅԿՈՅԻ ՈՐԴԻՆ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ
Երգիչ Հայկ Ղեւոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդին՝ Հրաչյա Ղեւոնդյանն ազատ է արձակվել։
Այս մասին հայտարարություն են տարածել նրա փաստաբաններ Արամ Վարդեւանյանը, Ալեքսանդր Կոչուբաեւը եւ Էրիկ Ալեքսանյանը։
«Դատարանը մերժեց քննիչի [կալանավորման] միջնորդությունը՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Հրաչյա Ղեւոնդյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից», – ասված է պաշտպանների հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշված էր՝ Հ.Ղ.-ն, (Հրաչյա Ղեւոնդյան-խմբ.) քննությամբ դեռեւս չպարզված անձանց հետ, նպատակադրվել է զավթել իշխանությունը, այն է՝ մի խումբ անձանց հետ գրավել Հայաստանի Հանրապետության կառավարության, ՀՀ Ազգային ժողովի եւ ՀՀ ոստիկանության շենքերը, ինչպես նաեւ բռնություն գործադրելու միջոցով՝ տիրանալ Ազգային ժողովի եւ Կառավարության լիազորություններին, նպատակն իրականացնելու համար դիտավորությամբ ստեղծել են պայմաններ, այդ թվում՝ դիտարկել 2024 թվականի մայիսի 26-ին նախատեսվող հանրահավաքին այն իրագործելու հարցը։
Հայկ Ղեւոնդյանի փաստաբանական խումբը հայտարարություն էր տարածել, որ «ձայնագրության մեջ լսվող ձայնը Հ. Ղեւոնդյանինը չէ, հաջորդիվ այն հեռախոսահամարը, որով իբր թե կատարվել է խոսակցությունը, «Ավտոատվետչիկ» է եւ գոյություն չունի, հետեւաբար՝ մեղադրանքը ամբողջությամբ հորինվածք է»։
Ավելի ուշ Ղեւոնդյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել։




Լրահոս