ԱՐՏՈՆՅԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ «ԵՐԵՄՅԱՆ ՓՐՈՋԵՔԹՍԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երեւանում ներկա է գտնվել «Երեմյան Փրոջեքթս» ընկերության կաթնամթերքի արտադրության ժամանակակից գործարանի բացմանը։
Վարչապետը «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի, Երեւանի քաղաքապետի ուղեկցությամբ շրջել է գործարանում, ծանոթացել ստեղծված պայմաններին եւ արտադրական հզորություններին:
Իհարկե, իշխանական բարեհաճությունը Երեմյանների նկատմամբ նոր չէ: Հայաստանից որեւէ պատվիրակություն չի հեռանում առանց Երեմյաններին պատկանող ռեստորաններում ճաշելու։
«Հայր եւ որդի Երեմյաններ» ընկերության հետ 5 տարում մինչեւ 5 մլն արժողությամբ 200-ից ավելի պայմանագրեր են կնքվել. սա վկայում է պետական գնումների կայքի արձանագրությունները։
16 ռեստորան ունեցող «Երեմյան փրոջեքթս» ընկերության հիմնադիրը եւ տնօրենը Դավիթ Երեմյանն է, ով շատ ջերմ հարաբերությունների մեջ է իշխանությունների հետ եւ պահը բաց չի թողնում պետությունից ֆինանսավորվելու։
Հավելենք, որ երբեմնի փառասեր Երեմյանները, 2023 թվականի սեպտեմբերին կայացած Երեւանի ավագանու ընտրություններին, ստիպողաբար իրենց աշխատողներին «դարձրել» էին վարչական լծակի մի մաս՝ նրանց բերելով իշխող խմբակցության քարոզարշավի հանրահավաքին։ Ավելին՝ ՔՊ նախընտրական քարոզարշավի մեկնարկին նախորդած երեկույթի ընթացքում 2.5 մլն դրամ փոխանցած 140 նվիրատուներից առնվազն 8-ը աշխատում են «Երեմյան փրոջեքթսում»: «Երեմյան փրոջեքթսի»՝ ՔՊ-ին նվիրատվություն անելու շուրջ միավորված անձանց մեծ մասը, ի դեպ, զբաղեցնում են ընկերության ղեկավար պաշտոններ, սակայն երբ լրագրողները նրանց դիմել են, «անտեղյակ» են եղել, որ իրենց անունով կատարվել են գործարքներ: Ահա, հենց սա է «պոզով պոչով կոռուպցիան»։
Ի դեպ, երեկ մեկնարկած՝ «Երեմյան փրոջեքթսի» գործարանի կառուցման աշխատանքները իրականացվել են ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) եւ «Երեմյան ֆարմի» միջեւ համագործակցության հուշագրի ստորագրմամբ՝ ներդրումային խոշոր նախագծի շրջանակում: Հավելենք, որ «Երեմյան փրոջեքթսը» 2018 թվականին կրկին Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կողմից ֆինանսավորվելով 25 մլն դոլարով՝ Տաշիր համայնքում անասնաբուծական նոր համալիր է կառուցել։
Հետաքրքիրն այն է, որ գրեթե ոչ մի մասնավոր ընկերություն, որքան էլ կարեւոր լինի ՀՀ տնտեսության համար, նման մեծ քանակի աջակցություն չի ստացել պետությունից:

Ինչպես արդեն հայտնի է, կիրակի օրը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մեծ հանրահավաք է հրավիրել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շարժման առաջնորդներն արդեն տեւական ժամանակ է՝ պատրաստվում են հանրահավաքին: Շարժմանը աջակցություն հայտնած խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի մեջ կա կոնսենսուս՝ պետք է ուժերը համատեղել, որպեսզի հանրահավաքն իսկապես աննախադեպ եւ հուժկու լինի: Քաղաքական դաշտը համախմբվել է «կոնսոլիդացիա -1» սկզբունքով: Այդ օրը հանրահավաքի հարթակից հայտարարվելու է նաեւ ժամանակավոր կառավարության վարչապետի թեկնածուի անունը. ինչպես օրեր առաջ քաղաքական տարբեր ուժերի հետ կայացած հանդիպման ժամանակ համաձայնություն էր ձեռք բերվել՝ թեկնածուն Բագրատ Սրբազանն է: Անկախ նրանից՝ անգամ Ամենայն հայոց Կաթողիկոսը կօրհնի նրա թեկնածությունը, թե ոչ, միեւնույնն է, կոնսոլիդացիան սրբազանի շուրջ է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր շարժումը մտադիր է այդ օրը հայտարարել նաեւ փողոցային պայքարի վերսկսման, նոն-ստոպ արվող գործողությունների մասին:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 21-ին երկրի թիվ 1 ամբիոնից հայտարարություն-սպառնալիք հնչեցրեց. «Եկել է ժամանակը, որ քննարկենք ու հասկանանք, թե այն հարկային պարտավորությունները, որ բոլորի համար առկա են, եկեղեցու հանդեպ ինչո՞ւ չեն կիրառվում»։ Ես ուզում եմ հասկանալ՝ ինչու իրենք պիտի հարկ չվճարեն, ու օրենսդրական առումով պետք է վերանայենք, թե եկեղեցականը, ում թաթիկը համբուրում են, ինչո՞վ է բարձր գործարարից, ով հարկ է վճարում»: «Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկի ուսումնասիրությունից ուշագրավ փաստեր ի հայտ բերեց: Հայ առաքելական եկեղեցին՝ որպես կրոնական կազմակերպություն, վճարում է հարկեր։ Եվ այսպես՝ պատերազմի եւ քովիդի դաժան տարվա ընթացքում Եկեղեցին վճարել է 378 մլն դրամ հարկ: 2021 թվականին՝ 403 մլն դրամ, 2022 թվականին՝ 450 մլն դրամ, 2023 թվականին՝ 435 մլն դրամ: Այս տարին դեռ չի ավարտվել. միայն կան 2024-ի 1-ին եռամսյակի տվյալները: Այս տարվա 3 ամիսների ընթացքում Հայ առաքելական եկեղեցին 147 մլն դրամ հարկ է վճարել. սա նշանակում է, որ Ալեն Սիմոնյանը ստում է:

2018 թվականի «հեղափոխության» ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ «Հայաստանում վարչապետի «քիփ», «վարչապետի մոտիկ», բաջանաղ, «վարչապետենց քուչի լավ տղա», սենց բաներ չեն լինելու, արագ տեմպերով միլիոնատեր դարձող «ախպեր» չի լինելու»: Իշխանության գալուց կարճ ժամանակ անց, սակայն, Փաշինյանի եւ իր թիմակիցների աներձագները, քավորներն ու սանիկները, ընկերները, ինչպես նաեւ «մորաքրոջ հարսները» տարբեր պաշտոնների նշանակվեցին։ Նրանցից մեկն էլ Շիրակի մարզը ներկայացնող ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանն է, որը ամուսնուն նշանակել է իրեն հասարակական հիմունքներով օգնական, իսկ եղբորը՝ իր նախկին ղեկավար Կարեն Սարուխանյանի օգնական։ Էմմա Պալյանի եղբայրը ներկայացրել է 2023 թվականի գույքի, եկամուտների եւ ծախսերի հայտարարագիր, ինչից էլ հասկանում ենք, որ ԱԺ-ից տարեկան 3 մլն 504 հազար դրամ աշխատավարձից կուտակված եկամուտ ունեցող Հայկ Պալյանը 2023 թվականին ձեռք է բերել 25 մլն դրամ արժողությամբ բնակարան։ Բնակարանը, որը միանձնյա սեփականությամբ է ձեռք բերվել, գտնվում է Շիրակի մարզի Գյումրի համայնքում։ 2022 թվականին Հայկ Պալյանը ձեռք է բերել մեքենա՝ 2012 թվականի արտադրության Ford մակնիշի։ Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 2,5 մլն դրամ։ Պալյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 25 մլն դրամ։




Լրահոս