Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հանդիպել էր հայրենադարձների հետ։ Քաղաքացիները Իրանից հատուկ եկել են Հայաստան, որպեսզի մասնակցեն Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը։
ArmLur.am-ը զրուցել է ռուսաստանաբնակ գործարար Ներսես Ներսեսյանի հետ։
-Եկել եմ՝ միանամ Սրբազան պայքարին, կարծում եմ, որ շատ կարեւոր է այս փուլում համախմբվել եւ կանգնեցնել այս կործանարար ընթացքը: Հույս Է արթնացել ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ռուսաստանի հայերի շրջանում, որովհետեւ թե՛ Սրբազանի կենսագրությունը, թե՛ նաեւ պայքարի տրամաբանությունը եւ համախմբումը, որն այսօր կա, արթնացնում են լավատեսության հույսը: Բոլորս էլ պարտավոր ենք գալ, համախմբվել Սրբազան պայքարի շուրջ ու փորձել կասեցնել այս ամոթահար ընթացքը. շատ ճիշտ խնդիր է դրված, սա քաղաքական հարց չէ, տնտեսական չէ, այլ ազգային ազատագրական պայքար է, եւ ունենք առաջնորդ այս պայքարում ու հույս ունենք, որ կհաջողենք: Տարիների այն սուտն ու կեղծիքը, որով մարդկանց փորձել են մոլորեցնել, խաբկանքի միջոցով ձեւավորել հայի մի նոր տեսակ՝ անդեմ, անհոգի, այս տեսակին պետք է ազատագրել: Նրանք մեղավոր չեն, նրանց խաբել են: Եկել է պահը՝ լույսը բերելու, որովհետեւ չկա մթություն, կա լույսի բացակայություն: Սրբազան պայքարն այդ լույսն է. կհաջողվի՝ մենք ավելի շուտ կկասեցնենք այս ընթացքը կանխել, չի հաջողվի կպայքարենք մինչեւ հաջողենք:
-Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ իշխանականները պնդում են, որ սա հոգեւոր շարժում չէ, ինչի՞ համար են արվում նման հայտարարությունները, քանի որ նաեւ պնդում են, որ երբ Բագրատ Սրբազանը լինում է Սուրբ Աննա եկեղեցում օրը ամփոփելիս, նրանք վախենում են Ս. Աննա եկեղեցի գնալուց, քանի որ կարծում են, որ իրենց կասեն՝ իրենք Սրբազանի շարժումից են:
-Ճիշտ են այն իմաստով, որ սա հոգեւոր շարժում չէ, սա, ինչպես ասացի, ազգային ազատագրական պայքար է, երկրորդը՝ ինչ վերաբերում է հոգեւորականին եւ հոգեւորությանը. ինչու՞ աղանդավորները կարող են լինել վարչապետներ ու նախարարներ, իսկ մեր եկեղեցին, որը մեր ինքնության ու գոյության միակ հենասյունն է եղել հարյուրավոր տարիներ, չի կարող. կարո՛ղ է: Իսկ ինչ վերաբերում է Սուրբ Աննա եկեղեցունմ այսօր մենք հավաքվում են այդ եկեղեցում, վաղը կարող ենք հավաքվել Էջմիածնում, հաջորդ օրը հրապարակում. ամբողջ Հայաստանն է սրբազան հող, եւ մենք ամենուր ենք, իրենք, այո,՛ պետք է վախենան, ոչ միայն վախենան, արդեն իսկ պետք է իրենց հաշիվ տված լինեն, որ սա իրենց փրկության հույսն է, որովհետեւ Աստված մի արասցե, այս պայքարի ձախողումը մարդկանց մեջ կսպանի հույսը, ինչը կտանի նոր բռնությունների:
Սա նաւի այն հնարավորությունն է, որ իրենց կտա «համաներման» իրավունք: Պայքարում այնպիսի մարդիկ են իրար հետ այսօր, որ իրար անգամ չէին «բարեւի», բայց այսօր մի գաղափարի շուրջ բռունցք ենք դարձել: Թող խելքի գան, թող միանան: Ինչ վերաբերվում է նրանց, որոնք չեն կարող միանալ, քանի որ կեղտի մեջ այն աստիճան են թաթախված, որ ցանկության դեպքում անգամ չեն կարողանա, քանզի գերի ենդարձել, իրենք կարող են ուղղակի հանձնվել, փախչել, դասալքվել իրենց ծառայությունից, քանի որ դա դարձյալ փրկություն է:
Զրուցեց ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԸ
ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
Նիկոլ Փաշինյանը երեկ ուշ երեկոյան իր ուղերձում խոսեց սահմանազատման գործընթացի, իրական եւ պատմական Հայաստանի, ամեն ինչի մասին՝ բացի կարեւորից, որին իրականում պատրաստվել էր: Նա, ըստ լուրերի, պատրաստվել էր խոսել սահմանազատմանը խոչընդոտող ուժերի դեմ կոշտ դիմադրության՝ ընդհուպ մինչեւ արտակարգ դրություն հայտարարելու:
Բայց ամեն ինչի մասին՝ հերթով: Դիտարկելով Նիկոլ Փաշինյանի՝ քիչ առաջ նախանշած թեզերը՝ կարող ենք արձանագրել, որ նա արտաքին աշխարհին մի հստակ ուղերձ տվեց, այն է՝ կիրակի օրը սպասվող հանրահավաքին որքան էլ շատ մարդ հավաքվի, միեւնույնն է՝ իր իշխանությունն ամեն գնով ավարտին է հասցնելու սահմանազատման սկսած գործընթացը:
Փաշինյանի ուղերձը հետեւյալն էր՝ ցանկացած ճանապարհով, որքան էլ այն դժվար ու փշոտ լինի, սահմանազատումն արվելու է:
ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը նախապես մտադիր է եղել իր ուղերձի մեծ մասը «նվիրել» Բագրատ Սրբազանին ու նրա առաջնորդած շարժմանը, սակայն վերջին պահին փոշմանել է ու հանել այդ հատվածը ուղերձից:
Նաեւ լուրեր կան, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է եղել ասել, որ սահմանազատման խոչընդոտելը պետականության դեմ ոտնձգություն է, եւ կիրակի օրվա մեծ հանրահավաքը, անգամ արտակարգ դրություն մտցնելու գնով, պետք է ցրել: Նույն կառավարական աղբյուրները փոխանցում են, որ նա խորհրդակցել է նաեւ ուժային կառույցների ղեկավարների հետ, որպեսզի նրանք իր եթերից չիմանան, որ ցանկանում է արտակարգ դրություն մտցնելու ճանապարհով գնալ, սակայն ուժայիններից հորդորել են հետ կանգնել արտակարգ դրություն մտցնելու գաղափարից, քանի որ շատ բարդ է լինելու ու չեն կարողանալու այդ ծանր բեռի տակից դուրս գալ:
Ահա այս պատճառով էլ Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձը, հակառակ սպասումների, շատ անբովանդակ ստացվեց, քանի որ նախապես այլ տեքստ էր պատրաստել, բայց լրիվ այլ խմբագրմամբ բան կարդաց:
Հ. Գ. Ի դեպ, երեկ «Վերջին զանգ»-ն էր, բայց վարչապետի գլխիվայր շուռ եկած ուղերձում չկար շնորհավորանք նաև «հպարտ քաղաքացիների» սերունդներին:
ԿԱՆՉԵԼ ԵՆ՝ ԽՈՐՀՐԴԱԿՑԵԼՈՒ
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների է կանչվել Մոսկվա:
«Մայիսի 24-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների է կանչվել Մոսկվա», – ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։
Այլ մանրամասներ ՌԴ ԱԳՆ-ն չի հայտնում։
ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐ ԵՆ ՏԵՂԱԿԱՅՈՒՄ
Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ.
«Սույն թվականի մայիսի 24-ից Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար եւ Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։
Պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ հատվածի պահպանությունը, մինչեւ 2024 թվականի հուլիսի 24-ը, կիրականացվի անցումային սխեմայով:
Միեւնույն տրամաբանությամբ, Ադրբեջանի Հանրապետության կողմից սահմանային հանդիպակաց հատվածների պահպանությունը սույն թվականի մայիսի 24-ից իրականացվելու է Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումների կողմից»։
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծման եւ սահմանազատման վերաբերյալ փաստաթուղթ է ստորագրվել, որից հետո Տավուշում սկսեցին բողոքի գործողություններ: Մայիսի 4-ին տեղում ձեւավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը առաջնորդում են Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը եւ քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, քայլերթով շարժվեց դեպի Երեւան: Մայիսի 26-ին նախատեսվում է շարժման մեծ հանրահավաք Հանրապետության հրապարակում:
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԱՊՀ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ
Նիկոլ Փաշինյանը Աշխաբադ չի մեկնել եւ չի մասնակցի ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։
Հայաստանի կողմից հանդիպմանը մասնակցել է Անկախ Պետությունների Համագործակցության կանոնադրական եւ այլ մարմիններում հանրապետության մշտական լիազոր ներկայացուցիչ, Բելառուսում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռազմիկ Խումարյանը։
ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Հայաստանը վերջերս բացակայում է որոշ ինտեգրացիոն ձեւաչափերի հանդիպումներից։
Փաշինյանը ներկա չի եղել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության որոշ գագաթնաժողովներին։