Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը գրում է. «Ադրբեջանի Ազգային Ժողովում ակտիվ քննարկում են Բագրատ Սրբազանի գործունեությունն ու Հայաստանում ընթացող զարգացումները։
Արդեն ոչ զարմանալի զուգադիպությամբ բառ-բառ կրկնվում են ՔՊ-ական պատգամավորների եւ ադրբեջանցի պատգամավորների խոսույթները։ Այսպես, իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության պատգամավոր Ջեյհուն Մամեդովը հայտարարել է. «Պատմության ընթացքում ադրբեջանցիներին ու հայերին խաղաղ ապրելու հարցում հիմնական խոչընդոտող կառույցներից մեկը հայկական եկեղեցին է։ Այդ քաղաքականությունը շարունակվում է նաեւ հիմա։ Բայց ի՞նչ է առաջարկում լավ Բագրատը հայ հասարակությանը։ Խաղաղության այլընտրանքը պատերազմն է։ Պատրա՞ստ են արդյոք հայոց պետությունն ու հասարակությունը պատերազմի։ Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը պետք է իր տեղը ցույց տա այս կեղծ քահանային եւ նրա թիկունքում վախկոտորեն թաքնված հին ռեժիմի մնացորդներին»։
Մեկ այլ պատգամավոր Թուրալ Գյանջալիեւն էլ, ով հայտնի է իր հակահայկական գրառումներով նշել է. «Հայ քաղաքական վերնախավը պետք է ազատվի սփյուռքի եւ եկեղեցու մանիպուլյացիաներից եւ վերջապես սկսի ապրել հարեւանների հետ։ Այս դեպքում դա կխանգարի Ֆրանսիային եկեղեցու միջոցով հայ ժողովրդին ներքաշել ռեւանշիզմի մեջ»։
Իր հերթին, Ադրբեջանի ԱԺ նախագահ Սահիբա Գաֆարովան կոչ է արել ակտիվորեն միջամտել Հայաստանի ներքին գործերին ու փաստացի աջակցել Նիկոլ Փաշինյանին։ «Լեզուն իմացող պատգամավորները պետք է ակտիվ լինեն սոցիալական ցանցերում եւ տարբեր լրատվամիջոցներում՝ օգտագործելով իրենց իմացած լեզուները, եւ պետք է ուշադրություն հրավիրեն այս իրողությունների վրա»,-ասել է Ադրբեջանի ԱԺ խոսնակը։
Ադրբեջանը ակնհայտորեն եւ մեծ խանդառավությամբ միջամտում է ՀՀ ներքին գործերին՝ «լեգիտիմ» Փաշինյանին բոլոր ընդդիմադիրներից պաշտպանելու մոլուցքով տարված։ Միայն Փաշինյանը կարող էր օգնել մեր պետությունը «Արեւմտյան Ադրբեջան» կոչող, 120 հազար էթնիկ զտում ու բռնի տեղահանություն անող բռնապետին հանդես գալ որպես «խաղաղության աղավնի»։ Ավելի լավ գործընկեր Ալիեւը դժվար էլ գտնի, դրա համար ամեն գնով պատրաստ է պահել նրան, չէ՞ որ հենց Փաշինյանն է Ալիեւի երազանքների ցուցակը իրագործողը՝ «ասեք՝ կանենք» կարգախոսով»։
ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ «ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ»-Ի ԱՌԹԻՎ
«Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեզ դպրոցական կրթությունն ամբողջացնելու եւ ավարտելու կապակցությամբ եւ մաղթում եմ՝ այն գիտելիքներն ու հմտությունները, որ դուք ստացել եք ուսումնական ողջ շրջանում, կարողանաք կյանքում ներդնել ոչ միայն ձեր անձնական, այլ մեր ընդհանրական կյանքին։
Ինչպես միշտ ասել ու շեշտել եմ՝ մեր իղձերը եւ երազանքները ավելի մեծ են, քան մեր ապրած տարիները։
Ես մաղթում եմ եւ հորդորում, որ ընթանաք ձեր իղձերի եւ երազանքների հետեւից, ընթանաք սիրո ճանապարհով, ճշմարտության ճանապարհով, արդարության ճանապարհով, ձեր մտքից երբեք չհեռացնեք Հայրենիքին եւ Աստծուն ծառայելու մեծ կոչումը, որ ունի յուրաքանչյուր մարդ։
Դուք մեր պետության, Հայրենիքի արժանավոր քաղաքացիներն եք, նվիրյալ անձինք, ովքեր պատանեկան շրջանից անցում են կատարում դեպի հասունության շրջան՝ նոր մարտահրավերներով եւ նոր փորձություններով լեցուն։
Աղոթում եմ, որպեսզի կարողանաք ոչ թե շրջանցել այդ մարտահրավերները եւ փորձությունները, այլ հաղթահարեք այն։ Հաղթահարեք՝ միայն եւ միայն ճշմարտությունը եւ արդարությունը ձեր սրտում եւ ձեր մտքում ունենալով։
Աստված օրհնի եւ զորացնի ձեզ, դառնաք մեր երկրի, մեր պետության կրողները ձեր կյանքում եւ այն ներկայացնողներն աշխարհում»,- ասվում է ուղերձում։
«ԽԱԽՏՈՒՄ Է ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ». ԹԱԹՈՅԱՆ
Անվտանգությունը չի կարող տարանջատվել մարդկանցից եւ նրանց իրավունքներից. X-ի իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը՝ կից տեսանյութ հրապարակելով, թե ինչպես են Կիրանցի բնակիչները քանդում իրենց գույքը, որը պետք է անցնի Անդրբեջանին։
«Սահմանազատումն ինքնին ապահով կյանքի համար է: Այն, ինչ կատարվում է Տավուշում՝ սահմանազատում չէ, կոպտորեն խախտում է Կիրանցի եւ մյուս գյուղերի բնակիչների իրավունքները։ Չի կարելի թույլ տալ, որ ադրբեջանական հանցագործությունները թաքցվեն աշխարհից»,-գրել է նա։
ԽԱՓԱՆՄԱՆ
ՄԻՋՈՑԸ՝ ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔ
Ասկերանի քաղաքապետի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։
Այդ մասին հայտնում են նրա պաշտպաններ Վահե Եփրիկյանը եւ Արամ Վարդեւանյանը:
«Դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ. Մարիկյանի, քննիչի միջնորդությունը բավարարեց մասնակի` մեր պաշտպանյալի` Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ կիրառելով որպես խափանման միջոց միայն տնային կալանքը»,- նշել են նրանք:
Ասկերանի քաղաքապետն իբր 5 մլն դրամի վնաս է հասցրել Արցախին:
ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ԵՆ ԲԼԻՆՔԵՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
Վրաստանի «Ժողովրդի ուժը» կուսակցության պատգամավոր Դմիտրի Խունդաձեն հայտարարել է, որ եթե Վրաստանը պետք է ընտրություն կատարի հայրենիքի ինքնիշխանության ամրապնդման եւ ամերիկյան այցագրերի ու ավիատոմսերի միջեւ, ապա երկրի իշխանություններն ընտրությունը կկատարեն հօգուտ հայրենիքի։
Այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը:
«Պատգամավորները եւ նրանց ընտանիքների անդամները պետք է պատժվեն իրենց հայրենիքը սիրելու եւ Վրաստանի ինքնիշխանությունն ամրապնդելու համար: Ես չեմ սպասում, որ նման խիստ որոշում կկայացվի, բայց եթե, այնուամենայնիվ, ընտրությունը լինի հայրենիքի ինքնիշխանության ամրապնդման եւ ավիատոմսերի ու այցագրերի միջեւ, ապա, վստահաբար, ընտրությունը կարվի հօգուտ հայրենիքի», – հայտարարել է Խունդաձեն։
Խունդաձեի կարծիքով, երբ արեւմտյան օրենսդրությունը շատ պահանջված է Արեւմուտքում եւ արդեն կան մի շարք երկրներ, որոնք նման օրենքներ են ընդունում իրենց ինքնիշխանությունը պաշտպանելու համար, իսկ Վրաստանում նմանատիպ օրենքը համարում են ռուսական, դա «երկակի ստանդարտ է»։
«Վրաստանում յուրաքանչյուրն իրավունք ունի եւ, առավել եւս, պարտավորություն՝ պաշտպանելու իր երկրի ինքնիշխանությունը։ Մայիսի 28-ին Վրաստանի խորհրդարանը կհանի վրացական օրենքի վրա դրված ոչ վրացական վետոն, եւ օրենքն ուժի մեջ կմտնի»,- ընդգծել է Խունդաձեն։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր Վրաստանի համար վիզային սահմանափակումներ մտցնելու քաղաքականության եւ ԱՄՆ-Վրաստան համագործակցության վերանայման մասին՝ ի պատասխան «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման:
ԿՔՆՆԱՐԿԵՆՎՐԱՍ ՏԱՆՈՒՄ ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Եվրամիության 27 երկրների արտգործնախարարները երկուշաբթի օրը նախատեսված հանդիպմանը կքննարկեն Վրաստանում ստեղծված իրավիճակն՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի շուրջ։ Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության ներկայացուցիչ Փիթեր Ստանոն։
«Մայիսի 27-ին Վրաստանը քննարկվելու է արտգործնախարարների կողմից՝ լուրջ զարգացումների ֆոնին։ Նախարարները կքննարկեն երկրում տիրող ընդհանուր իրավիճակը եւ կորոշեն մեր հետագա անելիքները»,- ասաց նա։