ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2024թ. ապրիլի 20-ից Տավուշի մարզում, ինչպես նաեւ հանրապետության այլ բնակավայրերում իրականացվող բողոքի ակցիաների ընթացքում կատարված առերեւույթ հանցավոր դրսեւորումների առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթների ընդհանուր շարժընթացը։

Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիների կողմից կատարված առերեւույթ հանցավոր դրսեւորումների առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում նախաձեռնվել է ընդհանուր 30 քրեական վարույթ։ Դրանք նախաձեռնվել են Տավուշի մարզում, Երեւան քաղաքում եւ մյուս մարզերում ավտոճանապարհները փակելու ընթացքում կատարված առերեւույթ խուլիգանական արարքների, դրանց ընթացքում գույքերի դիտավորյալ վնասման, ֆիզիկական ներգործության, ոստիկանության աշխատակցի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, ավտոմեքենաներով ճանապարհները փակելու, անվադողեր հրկիզելով երթեւեկությունը խաթարելու, ինչպես նաեւ՝ ապօրինի սառը զենք կրելու, հավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին շահագրգռելու, լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, այլոց նկատմամբ բռնություն գործադրելու, ցույցերին հրազենով մասնակցելու հրապարակային կոչեր հնչեցնելու, բռնություն գործադրելու միջոցով իշխանությունը յուրացնելու նախապատրաստության, ակցիայի մասնակիցների կողմից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու եւ այլ դեպքերին։
Նշված վարույթների շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 25 անձի նկատմամբ։ Նրանցից՝
գ 12 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խմբի կազմում խուլիգանություն կատարելը),
գ 2 անձի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված, կամ հարմարեցված առարկայի, կամ միջոցի գործադրմամբ, կամ դրա գործադրման սպառնալիքով կատարված խուլիգանությունը),

գ 2 անձի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը բռնության գործադրմամբ միջամտելը),
գ 2 անձի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաեւ այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը)։
գ 2 անձի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաեւ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը),
գ 1 անձի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը),
գ 1 անձի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խուլիգանություն, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով),
գ 1 անձի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաեւ այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը),
գ 1 անձի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը),
գ 1 անձի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելու փորձ)։
Հանրային քրեական հետապնդման ենթարկվող անձանցից 10-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 4-ի նկատմամբ՝ տնային կալանքը, 7 անձի նկատմամբ՝ բացակայելու արգելքը, 1-ի նկատմամբ՝ դաստիարակչական հսկողությունը։ 2 անձի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում եւ հանձնարարվել է նրանց ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։
Քրեական վարույթներից 29-ով նախաքննությունը շարունակվում է, իսկ 1 վարույթ 1 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱ Է ՏՈՒԺԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մայիսի 23-ին «Պարմա» սուպերմարկետի մոտ ահազանգ է հնչել, որ 14 տարեկան երեխա է արնահոսել, որից հետո զանգահարել է անցորդ եւ հայտնել, որ Կողբացու փ. հետույքի շրջանում դանակահարված երեխա կա:
Արդյունքում, ավելի ուշ իրավապահները պարզել են, որ ժ.01.30-ին Տերյան փողոցի շենքերից մեկի բակում 15 տարեկան անչափահաս Ա.Խ-ի /, 16 տարեկան անչափահաս Ս.Մ-ի անչափահաս Ա.Պ- միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը, Ս.Մ-ն իր մոտ եղած դանակով սպառնացել է Ա.Խ-ին, իսկ Ա.Պ-ն մեկ անգամ հարվածել է՝ պատճառելով վնասվածք:
Մեզ հայտնի դարձավ, որ իրավապահները ձեռնարկում են միջոցառումներ՝ Ս.Մ-ին եւ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅՏՆՎԵԼ
Իրավապահները նախաքնության ավարտ են հայտարարում եւ դատարան են ուղարկում բոլոր այն անձանց գործերը, որոնք հրաժարվել են ծառայել բանակում:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Էրիկ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 29.02.2020թվականին կցագրվել է ՀՀ ՊՆ Զ եւ ԶՀԾ Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչային բաժանմունքում եւ պարտավոր է եղել ներկայանալ 2022 թվականի ձմեռային զորակոչին, սակայն խախտելով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի պահանջները, զինվորական ծառայությունից ազատվելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության պայմաններում չի ներկայացել տարածքային ստորաբաժանում՝ խուսափելով ժամկետային զինվորական ծառայության հերթական՝ 2022թ. ձմեռային զորակոչից։
Գուրգեն Ալաբիլիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 19.02.2014թվականին ՀՀ ՊՆ Զ եւ ԶՀԾ Արարատի մարզի տարածքային ստորաբաժանումում կանգնել է զինվորական հաշվառման, ենթարկվել բուժհետազոտման եւ 16.12.2016թվականին ստացել է տարկետում զինվորական ծառայության զորակոչից 10 ամիս ժամանակով, իսկ 18.01.2018թվականին կրկին ստացել է տարկետում 5 ամիս ժամանակով։ Այնուհետեւ 18.01.2024թվականին ԿԲՀ-ի կողմից ճանաչվել է սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար եւ ենթակա է եղել զորակոչման 2023թվականի ձմեռային զորակոչին, սակայն խախտելով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի եւ «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի պահանջները՝ վերոնշյալ զորակոչին չի ներկայացել Արարատի մարզի տարածքային ստորաբաժանում, որպիսի պայմաններում խուսափել է հայտարարված 2023 թվականի ձմեռային հերթական պարտագիր զինվորական ծառայության զորակոչից՝ այդ զորակոչից տարկետում ստանալու կամ ծառայությունից ազատվելու՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում։
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս