«Հայաստանի վաղ պատմական փուլի հնագիտական հետազոտություն» ծրագիրն իրականացվում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի եւ Ճապոնիայի Տոկայի համալսարանի միջեւ 2017թ. սեպտեմբերի 1-ին կնքված համաձայնագրով։ Ծրագրի համաղեկավարներն են գիտաշխատող Արթուր Պետրոսյանը եւ Տոկայի համալսարանի պրոֆեսոր Մ. Արիմուրան։ Աշխատանքներն իրականացվում են Ճապոնիայի Կրթության, մշակույթի, սպորտի եւ գիտության նախարարությանը կից Գիտության զարգացման ճապոնական ֆոնդի (JSPS KAKENHI Fostering Joint International Research), ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի եւ «Արենի-1 քարայր» կոնսորցիումի ֆինանսավորմամբ։
Արմավիրի մարզի Լեռնագոգ-1 հնավայրի հետազոտությունները ցույց են տվել, որ Ք.ա. VIII-VII հազարամյակների սահմանին այստեղ ապրել է մի համայնք, որի բնակիչները տիրապետել են վաղ անասնապահությանը եւ կավաշաղախից շինություններ կառուցելու տեխնիկային: Սա ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ տարածաշրջանում հայտնի վաղ անասնապահների առաջին կայան-բնակատեղիներից է։ Այս իմաստով Լեռնագոգ-1-ի պեղումներն ունեն կարեւորագույն նշանակություն հին աշխարհում առաջին նստակյաց համայնքների հետազոտության գործում։
«Հայաստանի նեոլիթացման գործընթացի ամենակարեւոր խնդիրը լեռնային գոտիներից հայտնի վաղհոլոցենյան հնավայրերի եւ Արարատյան դաշտի բնակատեղիների միջեւ փոխհարաբերությունն է։ Պետք է նշել, որ ժամանակագրական տեսանկյունից գոյություն ունի որոշակի ժամանակագրական բաց այս երկու խմբի հնավայրերի միջեւ։ Հայաստանի վաղհոլոցենյան փուլի համար բազային հնավայրերից մեկի՝ Ափնագյուղ 8 (Քմլո – 2) քարայրի համար ստացված ռադիոածխածնային տվյալները ցույց են տալիս Ք.ա. 11 – 8-րդ հազարամյակների սահմանը։ Հնավայրի համար ստացված ամենաերիտասարդ տարեթիվը Ք.ա. 7400 է։ Այս տարեթվի եւ Արարատյան դաշտի նեոլիթյան բլուր-բնակատեղիներից ստացված տարեթվերի միջեւ, որոնք թվագրվում են Ք.ա. 6-րդ հազարամյակով, գոյություն ունի 1,000 տարվա ժամանակագրական դադար։ Լեռնագոգ-1 հնավայրում իրականացվող համապարփակ ուսումնասիրությունը նպատակ ունի բացահայտելու այն մշակութային գործընթացները, որոնք հանգեցրին Հայաստանում նեոլիթյան համայնքների առաջացմանը», – ասաց գիտական խմբի ղեկավար, գիտաշխատող Արթուր Պետրոսյանը։
Հնագետները պարզել են, որ Լեռնագոգում ապրել է մի համայնք, որը տիրապետել է կավաշաղախից շինություններ կառուցելու տեխնիկային, հանգամանք, որը գալիս է լրացնելու եւ փոխելու տարածաշրջանի նեոլիթ-էնեոլիթյան շրջափուլի մշակույթների մասին առկա պատկերացումները եւ արտադրող հասարակությունների պատմությունը կարող է հետ տանել առնվազն հազար տարով: «Ուսումնասիրության նախնական արդյունքները թույլ են տալիս եզրակացնել, որ մենք ժամանակակից Հայաստանի տարածքում փաստագրել ենք միջուկային գոտիներին բնորոշ պարամետրերով առաջին կայան-բնակատեղիներից մեկը, որի տարիքը հաստատվում է բազմաթիվ ռադիոկարբոնային տվյալներով», – ասաց Արթուր Պետրոսյանը։
«VivaTech-2024»-ում ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ հայրենական 10 ընկերություններ «ՀԱՅԱՍՏԱՆ» (ARMENIA) միասնական տաղավարի ներքո մայիսի 22-24-ը Փարիզում մասնակցում են Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառումներից մեկին՝ «VivaTech-2024» 8-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսին։
Նախարարությունը, կարեւորելով հայկական տեխնոլոգիական ներուժի միջազգային ներկայացվածությունը, այս տարի եւս հնարավորություն է ընձեռել ոլորտային ընկերություններին միասնական տաղավարով ցուցադրել իրենց նորարարական լուծումները, արտադրանքն ու նվաճումները միջոցառման այցելուներին եւ մասնակիցներին:
Ամենամյա հեղինակավոր միջազգային հարթակում Հայաստանի տեխնոլոգիական ներուժն ու նվաճումներն արհեստական բանականության, կիբեռանվտանգության, ռոբոտաշինության, ֆինանսական եւ սպորտային տեխնոլոգիաների ոլորտներում այս տարի ներկայացնում են ԱՏՁՄ-ն, «Մետրիկ», «Իզիթեք», «Սոֆթ Կոնստրակտ», «Վիթուվի», «ՖայվԲրէյն Լաբս», «Հեքս Դիվիժն», «Դիջի Սոֆթ», «Նեքստստեք», «Ադեվից» ընկերություննները եւ որպես այցելու՝ «Ինորեյն»-ը, «Արփինետ»-ը եւ «Զլինկ» գիտակրթական ՀԿ-ն:
ՀԱՅ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ եւ Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի
27-ին կմեկնարկի Հայ ժամանակակից երաժշտության 8-րդ փառատոնի առաջին համերգաշարը:
Փառատոնի նպատակն է երաժշտասեր հանրությանը ներկայացնել հայ ժամանակակից կոմպոզիտորների նոր ստեղծագործությունները, ինչպես նաեւ հայ կոմպոզիտորական արվեստի հանրահռչակումը:
Փառատոնի առաջին համերգաշարը բաղկացած կլինի երեք համերգից, որոնցից առաջինը տեղի կունենա Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում: Համերգային երեկոյի ընթացքում կհնչեն կոմպոզիտորների միության 9 անդամի՝ Մարտուն Իսրայելյանի, Էդուարդ Հայրապետյանի, Արթուր Միտինյանի, Տիգրան Համբարյանի, Նաիրա Դիվանյանի, Նարինե Զարիֆյանի, Աննա Գարսոյանի, Գայանե Կեսոյանի, Զոհրապ Փարեմուզյանի կամերային ստեղծագործությունները, որոնցից մեծ մասը երաժշտասեր հանրությանը կներկայացվի առաջին անգամ:
Համերգաշարի երկրորդ համերգը կկայանա հունիսի 4-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը. այն նվիրվում է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Գեղունի Չթչյանի 95-ամյակին: Կհնչեն Մարտին Ուլիխանյանի, Արսեն Հարությունի, Իրինա Խաչատրյանի, Աշոտ Ղազարյանի, Ժիրայր Շահրիմանյանի եւ Գեղունի Չթչյանի ստեղծագործությունները՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբ (դիրիժոր՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյան):
Համերգաշարի երրորդ համերգը նվիրված կլինի ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աշոտ Զոհրաբյանի հիշատակին: Հունիսի 17-ին Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում երկու բաժնից բաղկացած համերգի առաջին բաժնում կհնչեն Աշոտ Զոհրաբյանի, իսկ երկրորդ բաժնում՝ նրա ստեղծագործական դասարանում ուսանած կոմպոզիտորների՝ Դավիթ Բալասանյանի, Վահրամ Սարգսյանի, Աննա Հակոբջանյանի, Հովիկ Սարդարյանի, Գոռ Իսպիրյանի ստեղծագործությունները: Կհնչեն նաեւ կոմպոզիտորին նվիրված ստեղծագործություններ, որոնք հեղինակել են Տիգրան Մանսուրյանն ու Արթուր Ավանեսովը:
ՄԱՐԶՊԵՏԻ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցապնդում ենք արել՝ 2023 թվականի ընթացքում եւ 2024 թվականի ընթացիկ ժամանակաշրջանում որպես մարզպետ Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ համայնքներում քաղաքացիների քանի՞ ընդունելություն եք կատարել, նշեք այդ ընդունելությունների օրերը, վայրը, ընդունելության եկած քաղաքացիների թիվը։ Մարզպետը խուսափել է հարցին ըստ էության պատասխանելուց, մանիպուլյացիա է արել, հայտնելով. «ՀՀ Տավուշի մարզպետի մոտ քաղաքացիների ընդունելություն տեղի է ունենում յուրաքանչյուր ամիս, սակայն բացի պաշտոնական ընդունելությունը, գրեթե ամենօրյա ռեժիմով ՀՀ Տավուշի մարզպետն ընդունում է քաղաքացիներ, ինչպես նաեւ մարզպետը եւ նրա օգնականներն ու խորհրդականները պարբերաբար լինում են մարզի տարբեր բնակավայրերում, լսում քաղաքացիներին եւ ընթացք են տալիս նրանց խնդիրների լուծմանը համապատասխան հանձնարարականներով։ Պաշտոնական ընդունելություններին 2023 թվականի ընթացքում եկել է 155 մարդ, իսկ 2024 թվականի հունվարից մինչեւ ապրիլ ամիսը ներառյալ՝ 58 մարդ, որոնց մի մասը եղել են Բերդ, Դիլիջան ու Նոյեմբերյան համայնքների բնակիչներ»։
«ՍՈՎԵՏՆԵՐԻ, ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ …» ՓՈՂՈՑՆԵՐ
Մայիսի 22-ին Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը որոշում է ընդունել Դիլիջան քաղաքի Սովետների փողոց թիվ 4 հասցեի 0.113հա եւ Խորհուրդների փողոց թիվ 11 հասցեի 0.0074հա հողամասերի միավորման արդյունքում առաջացած 0.1204հա հողամասը եւ բնակելի տունը հասցեակոչել Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Խորհուրդների փողոց, թիվ 4 հասցեով: Բացի Սովետների, Խորհուրդների փողոցներից Դիլիջանում փողոցներ կան մանկապիղծ բոլշեւիկ ղեկավար Կալինինի, ահաբեկիչ Կամոյի անուններով։
10 ԾԱՌ ԵՆ ՀԱՏԵԼ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում շուրջ երկուսուկես տարի շարունակվում է Վլադիմիր Չատյանի եւ Ալեքսան Աֆյանի դատավարությունը։ Վ. Չատյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ապօրինի ծառահատում կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով, Դիլիջան համայնքի Հովք բնակավայրի բնակիչ Ալեքսան Աֆյանի հետ, 2021թ. հունվարի 4-ին բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող « Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքից ապօրինի հատել է 9 հատ բոխի եւ մեկ հատ կաղնի տեսակի թաց կանգուն ծառեր, պետությանը պատճառելով 712 500 դրամի վնաս: Վ. Չատյանին եւ Ա. Աֆյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 3-րդ մասով, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ