Նախօրեին ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված եւ այս պահին ձերբակալված ակցիայի 28 մասնակիցներից եւ ոչ մեկին մեղադրանք առաջադրված չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է 5 իրավապաշտպանների նախաձեռնության անդամ Ռուբեն Մելիքյանը:
«Այն , որ այս պահին մեղադրանք դեռ չկա առաջադրված տարօրինակ չէ, ժամանակ ունի վարույթը վերահսկող մարմինը, պետք է գնահատի յուրաքանչյուրի գործողությունները: Ես հույս ունեմ, որ մեղադրանք չի ատռաջադրվի, քանի որ կադրերով էլ երեւում է որ որեւէ իրավախախտում չի եղել: Մի երկու հոգի նկատել եմ, որ շշեր էին նետում, ընդ որում չէի էլ ճանաչում նրանց: Հնարավոր է, որ նրանք նույնիսկ կապ չեն ունեցել շարժման հետ: Նաեւ պետք է ասեմ, որ հակառակ կողմից` ոստիկանների կողմից էին իրեր նետվում: Այնտեղ չի եղել քար, փայտ, միայն շշեր եւ այդ ծխացող գլանակները, այլ բան ես չեմ նկատել, քանի որ ներկա էին: Կային մարդիկ, որոնք դիտողություն էին անում սեւբերետավորներն թե ինչ եք անում, նրանց նույնպես ձերբակալում էին: Ձերբակալել են Բագրատ Սրբազանի կողքին գտնվող երկու սարկավագներին, որոնք հանգիստ կանգնած էին, բա դա ինչպես են բացատրում»,-ասել է Մելիքյանը:
Նա հայտնել է, որ ձերբակալվածներից 15-ը այս պահին գտնվում են Երեւանի ՁՊՎ-ում, իսկ 6-ը եւ 7-ը համապատասխանաբար Մասիս քաղաքի ՁՊՎ-ներում, նրանք բոլորը ունեն փաստաբաններ:
«Նրանցից որեւէ մեկն այս պահին իր մեղքը չի ընդունել եւ ես հույս ունեմ, որ տեսանյութերը նայելով նրան ազատ կարձակեն»,-նշել է Ռուբեն Մելիքյանը և հայտնել, որ Դանիել Սարկավագին ազատ են արձակել, որին ծեծի էին ենթարկել ոչ պատշաճ բառապաշարով:
Նշենք, որ նախօրեին ՔԿ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի հարուցվել է քրեական վարույթ զանգվածային անկարգությունների հոդվածով: Այս պահին 28 անձ ձերբակալվել է: