Դե՛, երևի Հովիկ Աբրահամյանը տեղյակ է, ես տեղյակ չեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանից armlur.am լրատվականը հետաքրքրվեց`  հնարավոր է պարտադիր կուտակային կենսաթոշակային  վճարների մասին օրենքում փոփոխությունների լինի, ինչպես հայտարարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

«Դե երևի նախագահը տեղյակ է, ես տեղյակ չեմ»,- ասաց պրն Հակոբյանը:

-Պրն Հակոբյան ձեր կուսակիցներից ոմանք ասում են, որ օրենքում կան թերի դրույթներ, որոնք կարիք ունեն վերանայման: Օրենքին քաջատեղյակ մարդ եք` կասեք ինչ թերի դրույթներ կան, որոնք պետք է  շտկվեն և  գուցե դրանից հետո բանակցեք «Դեմ եմ» նախաձեռնության հետ:

-Ես ժամանակին , երբ ուզում էի բանակցեի Դեմ եմ-ի հետ, այդ բանակցությունն իրենց պատճառով կիսատ մնաց: Ես երբ իրենց հրավիրեցի քննարկման ` իրենք չեկան: Ամբիոնից մի քանի անգամ հայտարարել եմ, որ սա օրենք է, որը բարդ օրենք է  և բոլոր օրենքները փոխվում են ժամանակի մեջ:

-Իսկ օրենքում ո՞ր դրույթներ են թերի:

-Եթե իմանայի, որ դրույթներն են թերի, արդեն կուղղեի: Կա Սահմանադրական դատարան, որը կորոշի օրենքի սահմանադրական լինելը:

– «Դեմ եմ» նախաձեռնության անդամները  կառավարության հետ բանակցությունը ձախողված չեն համարում, քանի որ եթե հանվի պարտադիր բաղադրիչը, ապա կհամագործակցեն կառավարության հետ:

-Դա կոչվում է ռազմական ուլտիմատում (ծիծաղում է-խմբ.):

-Այսինքն:

-Այսինքն, եթե դա հանենք, ինչն է մնում օրենքի մեջ:

-Հանրության մեծ մասը դեմ է այս օրենքին, ավելին` ինչպես հաճախ դուք եք ասում, որ այս օրենքի կիրառմամբ մտածեք իր մասին, բայց իշխանությոընը կարծես թե չի ուզում  զիջել:

-Նախ  ինչ  է նշանակում `  չի ուզում:  Բարձր կենսաթոշակ չի ուզում: Հանրությունն  արդեն վստահել է: Ասում են` 45 տարի հետո ինչ կլինի մեր  փողը: Հանրությունը չի մտածում, որ դուք օրինակ աշխատում եք, ձեր փողը 45 տարով տալիս եք, որ թոշակ ստանաք: Դե ֆակտո այդ չվստահելու խնդիր լուծված է արդեն: Այսօր  դուք աշխատում եք, եկամտային հարկ եք վճարում, որ վաղը թոշակ ունենաք: Ինչին չեք վստահում այսքանից հետո: Դե մի վճարեք եկամտային հարկ, եթե չեք վստահում:

-ՀԱԿ խմբակցության պատգամավոր տնտեսագետ Հրանտ Բագրատյանն ասում էր, որ մարդիկ իրար ամենաշատը պարտք տալիս են  20, բայց ոչ երբեք 45 տարով:

-Հրանտ Բագրատյանը լավ չի նկատել, որ 45 տարուց ավելի  են պարտք տալիս:

-Դուք Ձեր գումարը 45 տարով պարտքով կտա՞ք:

-Ես արդեն տվել եմ ձեր հետ միասին: 22 տարեկանից աշխատել եմ:

-Դուք  վերջերս ասել էիք, որ Դուք էլ կմիանաք այս   կենսաթոշակային նոր համակարգին, որը թեև վերաբերում է  1974 թ-ից  և դրանից հետո ծնվածների վրա: Միացել եք արդեն:

-Հենց դուք պարտադրեք, չեմ միանա, անելու եմ օրենքով լիազորված իմ հնարավորությունները: Կուզեմ կմիանամ, կուզեմ չեմ միանա: Հենց որոշեմ, ձեզ կասեմ:

 Սոնա Դավթյան




Լրահոս