Մայիսի 26-ի ջրհեղեղից հետո Նոյեմբերյան խոշորացված համայնքի Արճիշ, Այրում, Հաղթանակ, Դեբեդավան, Կողբ և Բագրատաշեն բնակավայրերի բնակիչներից ստացվել է վնասի վերաբերյալ 260 դիմում: Ընդհանուր առմամբ՝ վնասվել են 40 շենք-շինություն, հեղեղվել և ոչնչացել է 108,5 հեկտար մակերեսով այգին ու պարտեզ, անկել են բազմաթիվ ընտանի կենդանիներ ու թռչուններ, ոչնչացել են շատ մեղվափեթակներ:
Այս մասին ասուլիսի ժամանակ տեղեկացրել է Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը:
«Ստեղծել ենք արտակարգ իրավիճակների հանձնաժողով, որը բացի համայնքապետարանի ու վարչական այլ միավորների ղեկավարներից, մարզպետի աշխատակազմից, նաև ընդգրկել է փրկարար ծառայության ներկայացուցիչներին: Վնասված քառասուն շենք-շինություններից տասներկուսը բնակարաններ են, որոնք ամբողջությամբ ջրալցվել են: Դեռ վաղ է ամբողջական վնասի չափը որոշել, քանի որ շարունակվում է բնակիչների դիմումների ընդունման գործընթացը: Դիմումների քանակը դեռ կավելանա, քանի որ կան տարածքներ, որտեղ առայժմ հասանելիության խնդիր կա: Հաշվարկները կսկսենք երկուշաբթի օրվանից»,- ասել է Աղաբաբյանը:
Ըստ նրա, տեխնիկայի առումով ռեսուրսները բավարար են։ Դեբեդ գետի ավազանն ընդգրկող Նոյեմբերյանի տարածքում վնասվել է ռազմավարական նշանակության երկու և մեկ հետիոտնային կամուրջ:
Խոսելով ջրհեղեղից տուժած համայնքի բնակավայրերում ստեղծված սանիտարահիգիենիկ վիճակի մասին, Աղաբաբյանն ընդգծեց, որ իրավիճակը վերահսկելի է:
«Այդ առումով ռիսկեր և վարակային վտանգներ չկան»,- ասել է համայնքի ղեկավարը: