ՀՀ իշխանությունները շարունակում են իրականացնել արտագաղթը խրախուսող քաղաքականություն, որի տարրերից մեկն էլ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումն է` հակառակ հասարակության կամքի: Այն համառությունը և խուլ անտարբերությունը հանրային կարծիքի հանդեպ, որ դրսևորում է կառավարությունը, կարծիք է ձևավորում, որ իրականացվում է միտումնավոր և թելադրվող քաղաքականություն: Մասնավորապես, խոսքը ԱՄՆ-ից ստացված այս համակարգի ներդրումն ապահովող 128մլն. դոլար տրանշի և նրա առանձնահատկությունները մեզ “լուսավորելու” համար 145 հազար դոլարի մասին է:
Իշխանությունները, անկասկած, գիտակցում են, որ այս “բարեփոխումը” մեծացնում է ոչ միայն քաղաքացու առանց այն էլ ծանր սոցիալական բեռը, այլև լրջորեն հարվածում է մանր ու միջին ձեռնարկատիրությանը` հաշվի առնելով արդեն իսկ գործող սոցիալական վճարները:
Չնայած հնչող բացատրություններին և հավաստիացումներին, ակնհայտ է, որ կառավարության որևէ փաստարկ չի դիմանում քննադատության: Բանը հասել է նրան, որ գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչները խճճվել են իրենց իսկ “բացահայտումներում”: Մեկ ասում են` կառավարությունը չի տնօրինելու կուտակված գումարները, մեկ` “երկար փողերը” ներդրվելու են տնտեսությունը զարգացնելու ուղղությամբ, մեկ էլ, թե` երիտասարդ աշխատողներից “առգրավված” փողերը օգնելու են թոշակներն այսօր բարձրացնելու գործընթացին: Հիմա ո՞րն է ճշմարտությունը, պարոնա՛յք:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը հայտարարում է`
- անընդունելի է համարում տվյալ համակարգի` մարդու իրավունքը ոտնահարող “բարեփոխումը”,
- իշխանությունների քաղաքականությունը ավելի է խորացնում սոցիալական լարվածությունը, բևեռվածությունը և տիրող անվստահության մթնոլորտը,
- անընդունելի և անօրինական է համարում պետական հիմնարկներում և կառույցներում իրականացվող ակնհայտ ճնշումները աշխատակիցների վրա` մինչև ՍԴ որոշումն այս կամ այն հիմնադրամը ընտրելու կապակցությամբ,
- անթույլատրելի է համարում նաև ՍԴ վրա ամենաբարձր մակարդակով գործադրվող բացահայտ ճնշումները,
- պահանջում է իշխանություններից հարգել ՀՀ Սահմանադրությունը և ՍԴ որոշումը,
- հարգել քաղաքացիների սահմանադրական իրավունքներն ու կամարտահայտությունը և վարել այնպիսի քաղաքականություն, որ մեր բնակչության 80% ոչ թե դեմ լինի պարտադրվող համակարգին, այլ ինքնակամ ընտրության իրավունքն իրացնի,
- իր անդամների, համակիրների և իրեն դիմած մտահոգ քաղաքացիների անունից աջակցում է <<Դեմ եմ>> նախաձեռնող խմբի հետևողական և համախմբված պայքարին,
- կոչ է անում Սահմանադրական դատարանին անտեսել առկա ճնշումները և իրականացնել գործի անաչառ, համակողմանի, արդարացի քննություն և կայացնել վճիռ` ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:
Օրենքը հանուն քաղաքացու է և ոչ երբեք նրա դեմ
Հայաստանի դեմոկրատական կուսակցության
Հանրապետական խորհուրդ
Երևան, 26.03.2014թ.