ԽՈՏԱՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ հանրությանը զվարճանալու հերթական առիթն  ընձեռեց:  Պարոն վարչապետը ելույթ ունեցավ Ազգային ժողովում: Եւ ինչպես սովորաբար, նրա ելույթը հագեցած էր իրականության հետ որեւէ աղերս չունեցող դատողություններով ու մեծ-մեծ խոստումներով: Որպես օրինակելի ենթակա` Տ.Սարգսյանն իր ելույթի ընթացքում մի քանի անգամ մեջբերեց իր վերադասի` Սերժ Սարգսյանի` Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության համագումարում ունեցած ելույթից հատվածներ. «Մենք տնտեսական աճի եւ զարգացման խնդիր ունենք, ընդ որում, այդ խնդիրն ավելին է, քան պարզապես արտադրությունների եւ զբաղվածության աճը: Տնտեսական զարգացումն այսօր ազգային անվտանգության նշանակություն ունի»: Այս աքսիոմատիկ ճշմարտությունը  կրկին շեշտելով`Տ.Սարգսյանը ցնցող հայտարարություն արեց. «Սա 2012 թվականի համար առաջին եւ կարեւորագույն խնդիրն է»: Ներեցեք, իսկ ի՞նչ է, 2011-ի կամ 2009-ի համար  ուրիշ կարեւորագույն խնդիր ունեի՞ք: Իսկ ո՞րն էր առաջին եւ կարեւորագույն խնդիրն այն ժամանակ, երբ երկրի տնտեսությունը 14 տոկոսանոց անկում էր գրանցում, երբ գնաճն անցնում էր բոլոր թույլատրելի սահմանները, երբ ՀՀ  միջին ու նաեւ մեծ բիզնեսն արտագաղթում էր: Թե՞ այդ ժամանակ ընտրությունները դեռ հեռու էին, եւ կարիք չկար նեղություն կրել ու ինչ-որ քայլերի իմիտացիա անել. «Ինչպես ենք մենք խնդիրը լուծելու՝ պատգամավորներին  եւ հանրությանն ենք ներկայացնելու մեր երկրի արդյունաբերության զարգացման ծրագիրը, որի նպատակն է ավելացնել մեր արտահանման կարողությունները»: Սա ասում է այն նույն վարչապետը, ով ընդամենը մի քանի ամիս առաջ իր հայտնի հեռուստահարցազրույցում հայտարարեց, թե Հայաստանը պետք է դառնա ոչ թե ապրանք, այլ միտք արտահանող երկիր: Փաստորեն, վարչապետի մոտ, բացի վերջերս նկատվող ձայնային խոտանից, առաջացել է նաեւ հիշողության խոտան: Թե՞ նա կարծում է, որ եթե Ս.Սարգսյանն ասել է. «Մեր տնտեսական աճի եւ երկարաժամկետ զարգացման երաշխիքը փոխակերպումն է», դա բավարար է` տրամագծորեն փոխակերպելու համար երկրի կարեւորագույն տնտեսական խնդիրների շուրջ իր մոտեցումները: Բայց շարունակելով հետեւել Տ.Սարգսյանի ելույթին` հանգում ենք այն անխուսափելի եւ չափազանց տխուր եզրակացությանը, որ պարոն Սարգսյանի մոտ առաջացել են  նաեւ իրականության ընկալման խոտանային երեւույթներ. «Մենք ունենք մեծածավալ ներդրումներ, Հայաստանում ստեղծվում են հազարավոր աշխատատեղեր»: Բայց սա արդեն լուրջ է: Կա՛մ վարչապետը դեռեւս խումհարից դուրս չի եկել, կա՛մ էլ վերջնականապես խոտանվել է:
Հ.Գ. Վարչապետը նաեւ ի դերեւ հանեց բոլոր այն գործարարների հույսերը, որոնք Սերժ Սարգսյանի` ինչ-որ խորհրդավոր ծրագրի մասին վերջերս արած ակնարկից հետո լուրջ ակնկալիքներ ունեին. «Մեր պատմության մեջ առաջին անգամ կառավարությունը մասնավոր հատվածի հետ միասին մշակել է այսպիսի ծրագիր»: Պարզվեց, որ խոսքն ընդամենը կառավարության մշակած հերթական փուչիկի մասին էր:




Լրահոս