Մայիսի 26-ին սկսվեց Լոռու և Տավուշի մարզերին պատուհասած աղետը, որի մասին մինչ օրս խոսում են, փորձում են հասկանալ առաջացած աղետի պատճառները, որը գուցե և ամենևին էլ բնական չէ, այլ արհեստածին։ Շատերն էլ իրենց օգնությունն են առաջարկում՝ կամավոր կերպով մեկնելով Լոռու և Տավուշի մարզեր։
Բացի բաց թողնված ջրի անթուլատրելի ծավալներից, շատ մասնագետներ պնդում են, որ աղետը կարող էր վրա հասնել նաև քարապայթեցման հետևանքով և/կամ պատճառով: Բանն այն է, որ շատ վարորդներ հայտնել են, որ մինչ աղետի օրերը, իրենք ականատես են եղել քարերի պայթեցման և քարաթափման հենց հեղեղված ճամփեզրին: Այսինքն՝ պայթեցումները կարող էին նպաստել ջրերի վարարմանը, և ստացվում է, որ աղետի համար մարդկային գործոնը կա:
Պարզելու համար՝ արդյո՞ք այս աղետը կարող էր լինել արհեստածին, թե՞ այնուամենայնիվ բնական է, ArmLur.am-ը կապ է հաստատել բնապահպան Ինգա Զառաֆյանի հետ։
Մեզ հետ զրույցում Զառաֆյանն ասաց, որ նման տեղեկատվության ծանոթ չէ, որ քարապայթեցման հետևանքով կարող է լինել նման բան։
«Ես ճիշտն ասած նման բան չեմ կարդացել։ Տվյալները տրված են, թե ինչ ինտենսիվությամբ կարող էր լինել անձրևը, քամին։ Տրված են, թե ինչպես է սկսվում բարձրանալ կոնկրետ Դեբետ գետը, դա ամենաշատ վնասները հասցրել է Լոռու մարզին իհարկե։ Ուրեմն հստակ տվյալները կան, տրված են։ Այս տվյալներով ինչը, որ պետք է լիներ այդ ափամերձ տարածքներում, դա եղել է։ Դուք էլ շատ լավ գիտեք, որ ճանապարհն անցնում է հենց գետի կողքով, ճիշտ եմ չէ՞, ամեն օր մենք գնում գալիս ենք։ Ճանապարհի վրա պե՞տք է անցներ, թե՞ չէ։ Պե՞տք է այդ ամբողջ հարվածը լիներ ճանապարհի վրա։ Պարզ է, որ եղել է։ Ափամերձ տարածքների վրա պե՞տք է լիներ, պե՛տք է լիներ։ Չգիտեմ, երբ սկսում ենք արհեստական ձևով ուրիշ վարկածներ բերել, ճիշտն ասած այդ վարկածների համար պետք է թիվ ունենալ, պետք է փաստ ունենալ»,- ասաց Զառաֆյանը։
Բնապահպանը նշեց, որ այն, ինչը տեսել ենք, դա բնական աղետ է, քանի որ ջրհեղեղն արդեն իսկ բնական աղետ է համարվում և ամեն դեպքում դա կլիմայական փոփոխության հետևանք էլ է հանդիսանում։
«Ով, որ ունի վարկած, որ սա մարդածին է, նախ պետք է փաստեր ունենա, մի ֆոտո «До», մի ֆոտո «после» ունենա։ Եթե մարդն ամեն օր նստած ժամանակ է ծախսում, ուսումնասիրում է, մեկ էլ տեսնում է, որ ջրհեղեղ է լինում, դա փաստ է, բայց ոչ մի տեսակ այդպիսի փաստ չկա։ Ես ոչ թե ասում եմ, որ դա այդպես չի կարող լինել, այլ չեմ հավատում։ Չեմ հավատում, մինչև փաստերը ներկայացված չլինեն։ Փաստերն էլ ներկայացված լինեն, կոնկրետ պետք է ուսումնասիրել»,- ընդգծեց Զառաֆյանը։
Բնապահպան Ինգա Զառաֆյանից փորձեցինք նաև ճշտել՝ արդյո՞ք հնարավոր էր մինչ աղետի լինելը կանխատեսել լինելին, ինչին ի պատասխան բնապահպանն ասաց, որ այս հարցով մոնիթորինգի ծառայությանն է պետք դիմել, սակայն հայտնեց իր կարծիքը․
«Եթե ինձ եք հարցնում, ես կարող եմ ասել, որ երբ միշտ ասում են կլիմայական փոփոխության մասին, ասում են ռիսկերի և աղետի մասին, հիմնականում մենք երաշտի մասին ենք ասում, որ երաշտ կարող է լինել։ Դուք էլ գիտեք, որ բոլորը վախենում են այդ երաշտից, որովհետև այդ երաշտը մեր ամեն ինչի վրա ազդելու է։ Իմ կարծիքով ոչ ոք չէր պատկերացնում և ոչ ոք պատրաստ չէր, որ այդ աղետը կարող էր լինել ոչ թե երաշտ, այլ ջրհեղեղ»։
Հիշեցնենք, որ մինչ աղետի լինելը դեռ ապրիլի 19-ին ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջը աղետի մասին հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես նշված է եղել․
«ՁորաՀԷԿ-ի» շահագործման ընթացքում էներգահամակարգի աշխատանքի խափանումներով պայմանավորված, առաջիկայում հնարավոր է կայանի կանգ, որն էլ իր հերթին մինչև օգոստոս ամիս կարող է հանգեցնել ջրի բացթողումների կայանի ջրամբարից:
Վերջինս կարող է Ձորագետ և Դեբետ գետերի վարարումների պատճառ դառնալ:
Վտանգներից խուսափելու համար հորդորում ենք ափամերձ տարածքներում ցուցաբերել առավել զգոնություն»։
Նշենք, որ ArmLur.am-ի հետ զրույցում էլ Լոռու Մարզի մարզպետ Արամ Ղազարյանը հայտնել էր, որ այդ հայտարարությունն ու աղետը իրար հետ փոխկապակցված լինել չեն կարող։
Աննա Սրապիոնյան