Երեկ ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձած Խոսրով Հարությունյանն ու «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանն ԱԺ-ում միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցրին:
Armlur.am լրատվականի թղթակիցը Խոսրով Հարությունյանից հետաքրքրվեց` չարժե արդյոք հետևել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հորդորին և խորհրդարանի ընդդիմադիր ուժերին «քնքուշ» վերաբերվել՝ որպես փոքրամասնություն:
– Գիտե՞ք, փոքրամասնություն լինելն իրավունք չէ, ինչպես նաև՝ մեծամասնություն լինելը: Քաղաքական գործընթացներում քաղաքական ուժերի ներկայացուցիչները պատասխանատվություն են կրում: Բայց եթե փոքրամասնություն լինել, նշանակում է՝ ամեն ինչ ասել, կներեք, ես այդ կարծիքին չեմ: Եվ հետո քնքուշ վերաբերվում են կնոջը, հավատացնում եմ ձեզ, ոչ թե քաղաքական օպոնենտին»,-պատասխանեց Հարությունյանը:
-Պարո՛ն Հարությունյան, հայտարարել էիք, որ քաղաքական իմպոտենցիայի հետևանքով Րաֆֆի Հովհաննիսյանը կորցրեց 37 տոկոս ձայնը: Իսկ չե՞ք մտածում, որ…
– Դուք ընդունում եք, չէ՞, որ այդպես է:
-Դա կարևոր չէ, ես ինչ եմ մտածում:
-Բայց կներեք, այդպես է, չէ՞: Հաջորդ օրը այդ ձայներն արդեն փոշիացել էին:
-Բայց Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 28-ին հանրահավաք է անում:
-Դա արդեն թող ժողովուրդը որոշի: Ես այդ լիդերին, երբ ինքը հացադուլի էր նստել, գնացել, մտերմաբար խորհուրդներ եմ տվել, ասել եմ` դու կարող ես իմ խորհուրդները չընդունել, բայց ճիշտ կլինի այս պոտենցիալն արդյունավետ օգտագործել: Մասնավորապես հարց բարձրացնել` ինստիտուցիոնալ ինչպիսի փոփոխություններ կատարել օրենքներում, որպեսզի ընդդիմությունը կարողանա լծակներ ձեռք բերել քաղաքական մեծամասնության թիկունքից աշխատելու համար:
-ՀՀԿ-ն գիտե՞ր ձեր և Րաֆֆի Հովհաննիսյանի այդ հանդիպման մասին:
-Ես այդ մասին մամուլով եմ ասել: Ավելին, ՀՀ նախագահն էր ասել Րաֆֆիին`ինձ ոչ թե կանչի կողքի սրճարանում սուրճ խմելու, այլ թուղթ ու մատիտ վերցրու, արի՛ աշխատեք:
-Հարցս այլ էր, պրն. Հարությունյան: Եթե սցենարն այլ ձևով զարգանար, դուք այսօր չէիք լինի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, քանի որ իշխանափոխություն կլիներ:
-Իշխանափոխություն չէր լինի: 2013-ի նախագահական ընտրությունների արդյունքները պետք է ճիշտ գնահատել: Ժողովրդի մի մասն ուզում էր փոփոխություն, իսկ մեծ մասը հույսը կապում էր Սերժ Սարգսյանի հետ: Քվեարկության ամբողջ ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանի թիմը գոնե մեկ բողոք չուներ ընտրական տեղամասի վերաբերյալ:
-Սահմանադրական դատարանում Րաֆֆի Հովհաննիսյանի թիմը վիճարկեց ընտրությունների արդյունքները:
-Դրանք փաստաթղթավորված բողոքներ չէին: Եթե դա լիներ, հենց ընտրատեղամասերում պետք է բացեին քվեատուփերը և դիտորդների ներկայությամբ վերահաշվարկ կատարեին: Նման պայմաններում Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է` ես 80 տոկոս ձայն եմ տարել:
Իշխանության գալը չի կարող որևէ ուժի համար ինքնանպատակ լիներ: Ես ասում էի` Րաֆֆի՛, փոխանակ ասում ես՝ ես եմ հաղթել, ես պետք է դառնամ նախագահ, գնա՛ նախագահի հետ նստի՛ և բանակցի, ասա, որ դուք պահանջում ենք օրինակ ԱԺ-ում ընդդիմությանը տրվի այս հնարավորությունը:
-Բայց 2013-ին փետրվարի 21-ին Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Սերժ Սարգսյանի հետ, սակայն ինչպես հետո տեղեկացրեց, հանդիպումն ապարդյուն է անցել, քանի որ Սերժ Սարգսյանը չի ընդունել ոչ մի առաջարկ:
-Նման բան չի ասել:
-Դուք էնտե՞ղ եք եղել:
– Իսկ դուք էնտե՞ղ եք եղել:
-Ո՛չ, բայց…
-Ուրեմն չի ասել: Մենք պետք է հավատանք այն լուրին, որը լսել ենք:
– Դուք հավատում եք Սերժ Սարգսյանի ասածին:
-Ո՛չ, հավատալ-չհավատալու հարց չկա, պարզապես Սերժ Սարգսյանին Րաֆֆի Հովհաննիսյանն ասել էր, եթե մենք ընտրությունների արդյունքները չենք վերանայում, մեր զրույցն ավարտված է: Մնացածը, կներեք, Գյուլնազ տատի հեքիաթներից է:
-Այսինքն` չե՞ք հավատում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին որոշակի առաջարկներ է արել, որոնք չի ընդունել նախագահը:
-Ա՛յ մարդ, ես նստել եմ, խոսել եմ նրա հետ, ինքն ինձ նման բան չի ասել: Ինքը ինձ ասում էր` միգուցե արժի Վերահսկիչ պալատի մասին խոսք բարձրացնել: Ես ասում էի` ճիշտը դա է, քանի որ կարելի էր, օրինակ, Վերահսկիչ պալատի մասին օրենքում փոփոխություն մտցնել:
-Իսկ դա ի՞նչ կտար ժողովրդին:
-Լսե՛ք, քաղաքական մեծամասնությունն իր վարքագծով ու իր մոտեցումներով պետք է լինի վերահսկելի ընդդիմության կողմից:
Մարդկանց մի մասը կարծում է, որ փոքրամասնությունը պետք է որոշում կայացնի, բայց, ախր, փոքրամասնությունն ինչպե՞ս կարող է որոշում կայացնել, դա կարող է անել միայն մեծամասնությունը: Փոքրամասնությունը պետք է հնարավորություն ունենա արդյունավետ կերպով ազդել որոշումների ձևավորման վրա: Դրա համար էլ վերահսկողական գործառույթը պետք է տալ փոքրամասնությանը: Սրա մասին պետք է խոսվեր: Իսկ, կներեք, եթե այդ բոլորը Րաֆֆի Հովհաննիսյանի թիմը չի արել, չեք գիտակցել և մեկ ամիս անց կանգնել էիք 5 տոկոսանոց կոտրած տաշտակի առաջ, ես ինձ իրավունք եմ վերապահում դրան տալ ցանկացած անուն:
– Փաստորեն, դուք ուզում էիք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը երկխոսեր Սերժ Սարգսյանի հետ:
-Այո՛:
-Բայց չէ՞ որ դա կարժեզրկեր Հովհաննիսյանին:
-Ինչո՞ւ: Իսկ ի՞նչ շահեց: Իսկ հիմա նա ավելի՞ արժևորված է:
-Ինչպես շատերն են ասում` շահեց հարգանք ժողովրդի մոտ:
-Հիմա՞: Դե՛, եթե հարգանք լիներ, ավագանու ընտրություններում 5 տոկոսից ավելի կհավաքեր էլի: 500.000 ձայնը հաջորդ օրը չկար, ի՞նչ հարգանք, կներեք էլի:
Սոնա Դավթյան