Մայիսի 25-26-ի հորդառատ անձրեւների հետեւանքով Լոռու եւ Տավուշի մարզում մի քանի գետեր վարարել են, դուրս եկել իրենց հիմնական ուղուց եւ ավերել մի շարք համայքներ. ավելի շատ վնասներ հասցրել է Դեբեդ գետը, որի վարարման հետեւանքով քանդվել է Մ-6 միջպետական ճանապարհը, որը Ախթալա տանող միակ ճանապարհն է:
Տեղի բնակիչներից «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգում են. նրանց խոսքով՝ ճանապարհի փլուզումից հետո կան վարորդներ, ովքեր մարդկանց տեղափոխում են անտառներով 10.000-ից 15.000 դրամի դիմաց:
«Նախորդ օրը մի հատ ավտո պիտի գար Երեւան. էվակուատորով այդ ճանապարհը անցկացնելու համար 40.000 դրամ փող ուզեցին, հիմա արդեն դարձել է 50.000: Կիրակի օրվանից ջուր չկա, արդեն 4-րդ օրն է: Նախնական ասել են, որ վաղը պիտի լինի, բոլոր գյուղերում կան բացի Ախթալայից»:
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Տարածքների կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանի հետ՝ հասկանալու համար՝ վերահսկվում է ճանապարհը նախարարության կողմից, որին ի պատասխան մեզ ասացին, որ իրենք չեն տիրապետում նման տեղեկատվության:
«Եթե մարդիկ ինչ-որ տեղափոխման անհրաժեշտություն են ունենում՝ կապվում են փրկարար ծառայության հետ: Նրանք էլ իրենց հերթին ամեն րոպե կապի մեջ են բնակիչների հետ, գյուղի վարչական ղեկավարի միջոցով ցանկացած կարիքի մասին բարձրաձայնում են: Այնտեղ շատ մեծ տեխնիկա է կարողանում հասնել, որոնք որ ապահովվում են սնունդը: Դեպքի վայր այլ վարորդներ չեն կարող գնալ, այնտեղ միայն փրկարար ծառայությունն է գնում, ցանկացած մարդ ելումուտ չունի»:
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Լոռիի եւ Տավուշի մարզերում նախորդ գիշեր տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով Դեբեդ գետը վարարել էր, ինչի հետեւանքով փլուզվել են ճանապարհներ, կամուրջներ, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են ջրի տակ, արգելափակվել է մարդկանց տեղաշարժը, փլուզվել են կամուրջներ։ Վարարման հետեւանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթեւեկության համար։ Դեբեդի հունը երեկ 6 մետրով բարձրացել էր, «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530 մմ-ոց ջրատարը հայտնվել է ջրի տակ, ինչի հետեւանքով դադարեցվել էր 16 համայնքների ջրամատակակարումը, որն այսօր արդեն վերականգնվել է: Հեղեղի հետեւանքով այս պահի դրությամբ կա 4 զոհ։ ՇՄՆ-ից հաղորդում են, որ երեկ՝ ժամը 08։00-ի դրությամբ, նախորդ օրվա 08։00-ին դիտված ջրի մակարդակների համեմատ դիտվել է ջրի մակարդակի նվազում՝ Դեբեդ գետի Այրում դիտակետում 105 սմ-ով , Ձորագետ գետում` 70 սմ-ով, Փամբակ գետում՝ 50 սմ-ով, Տաշիր գետում 57 սմ-ով։
ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՓԱԿԵԼ ԷԻՆ ԵՐԵՎԱՆ- ՎԱՐԴԵՆԻՍ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Քաղաքացիները երեկ մայրաքաղաք Երեւանում անհնազանդության ակցիաներ են իրականացրել։ Կեսօրին հայտնի դարձավ, որ փակ է եղել նաեւ Երեւան-Վարդենիս մայրուղին։ Քաղաքացիները արգելափակել են մայրուղին Նորատուսի հատվածում։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանի հետ պարզելու համար, թե ինչու է արգելափակված ճանապարհը, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան: Այնուամենայնիվ հաջողվեց կապ հաստատել Նորատուսի վարչական ղեկավարի՝ Անդրանիկ Գրիգորյանի հետ։
Մեզ հետ զրույցում Գրիգորյանն ասաց. «Նորատուսի շրջանում չի փակվել ճանապարհը, Հայրեվանքի հատվածվում է փակվել։ Նորատուսի մոտ չի փակվել, բայց փակողների մեջ նորատուսցիներ են եղել, մարտունեցիներ, գավառցիներ, վարդենիսցիներ, հայրիվանքցիներ, բոլոր տեղերից եղել են։ Բայց ընդամենը 5 րոպե է փակ եղել»։
Փորձեցինք նաեւ ճշտել, թե ի՞նչ պատճառով է փակվել ճանապարհը, սակայն Նորատուսի վարչական ղեկավարն ասաց, որ ճանապարհը արգելափակելու պատճառը չի իմացել։
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՓՈԽԱՐԵՆԿՍՏՈՐԱԳՐԻ
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին չի ակնկալում, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կստորագրի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որն օրենսդիր մարմինն ընդունել է մայիսի 28-ին` հաղթահարելով նախագահի վետոն: Պապուաշվիլին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ինքը կստորագրի փաստաթուղթը։
««Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը հենց երեկ ուղարկվել է նախագահի աշխատակազմ: Հասկանալի է, որ նա (Զուրաբիշվիլին) մեծ հավանականությամբ չի ստորագրի այն: Հետեւաբար, այս օրենքը կստորագրեմ ես», – նշել է խորհրդարանի խոսնակը:
Ընթացակարգի համաձայն՝ վետոն հաղթահարելուց հետո օրենքը եռօրյա ժամկետում կրկին նախագահին է ուղարկվում ստորագրելու համար։ Եթե պետության ղեկավարը հինգ օրվա ընթացքում այն չստորագրի, ապա օրենքը ստորագրում եւ հրապարակում է խորհրդարանի խոսնակը, որից հետո այն ուժի մեջ է մտնում։
Օրենքով նախատեսվում է, որ հասարակական կազմակերպությունները եւ ԶԼՄ-ները, որոնք իրենց ֆինանսավորման 20 %-ից ավելին ստանում են արտերկրից, գրանցվեն որպես «օտարերկրյա ուժի շահերը հետապնդող» կազմակերպություններ։ Վրաստանի իշխանությունները հայտնում են, որ օրենքը կոչված է ապահովելու ՀԿ-ների ֆինանսավորման թափանցիկությունը։
Օրենքի ընդունումը Վրաստանում առիթ է դարձել բազմահազարանոց ցույցերի, որոնք վերածվել են իրավապահների հետ բախումների։
ԱՄՆ-ում եւ ԵՄ-ում նախազգուշացրել են, որ օրենքի ընդունումը կարող է սպառնալ Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրմանը։
ԲՆԱԿԱՆ ԱՂԵ՞Տ, ԹԵ՞ ԱՆՓՈՒԹՈՒԹՅՈՒՆ
Վաղ առավոտից համացանցում շրջանառվում է ապրիլի 19-ի ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջի հայտարարությունը, որում ասվում է՝ ««ՁորաՀԷԿ-ի» շահագործման ընթացքում էներգահամակարգի աշխատանքի խափանումներով պայմանավորված, առաջիկայում հնարավոր է կայանի կանգ, որն էլ իր հերթին մինչեւ օգոստոս ամիս կարող է հանգեցնել ջրի բացթողումների կայանի ջրամբարից:
Վերջինս կարող է Ձորագետ եւ Դեբետ գետերի վարարումների պատճառ դառնալ:
Վտանգներից խուսափելու համար հորդորում ենք ափամերձ տարածքներում ցուցաբերել առավել զգոնություն»: Շատերը ասում են, որ մայիսի 26-ին տեղի ունեցած աղետի պատճառը հենց դա է եղել:
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Լոռու մարզի մարզպետ Արամ Ղազարյանի հետ՝ պարզելու, թե արդյոք հնարավոր է աղետի պատճառը լինի հայտարարությունում նշվածը, որին ի պատասխան ասաց, որ հնարավոր չէ, որ դրանք փոխկապակցված լինեն:
«Ո՞նց եք կարծում, որ նման բան հնարավոր լիներ արդյո՞ք համապատասխան ընթացակարգով գործընթաց սկսված չէր լինի, եւ բացի դա, այդ օրը միայն Ալավերդիում չի եղել, Տաշիրից սկսած ամբողջ տարածաշրջանում ՝ Գյուլագարակ համայնք, Փամբակ այդ հատվածներից սկսած մեծ վնասներ են հասցվել, հիմա ի՞նչ կապ ունի այդ հրապարակումը»:
ՄՏԱԴԻՐ Է ՍՏԵՂԾԵԼ ԳԼՈԲԱԼ ՑԱՆՑ
«Եվրամիությունը մտադիր է պաշտպանական համաձայնագրերի ցանց ստեղծել երրորդ երկրների հետ եւ կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին միանալ դրան», – հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը, բացելով Բրյուսելի Շումանի ֆորումը, որը նվիրված է անվտանգության խնդիրներին։
Իր ելույթում արտաքին քաղաքականության պատասխանատուն զգուշացրել է, որ ԵՄ-ն մտադիր է արագորեն դառնալ «համաշխարհային հարթակում պաշտպանական եւ անվտանգության ունակ խաղացող»։ Նրա խոսքով, Եվրոպայում իրենք «չափազանց սովոր են խաղաղությանը», բայց «խաղաղությունը իրերի սովորական կարգը չէ», հակամարտությունը «ավելի շատ նորմ է»։ Բորելը կարծիք է հայտնել, որ Արեւմուտքն այլեւս չի օգտագործում ուժի ուժը՝ իր կամքը ուրիշներին թելադրելու համար։ Ըստ նրա՝ դա եղել է «շատ տարիներ առաջ»։
Արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարը նշել է, որ աշխարհում աճող լարվածության պայմաններում «բացարձակապես ամեն ինչ սկսում է օգտագործվել որպես զենք»։