ՔՐԳՈՐԾՈՎ ԿԱՅԱՑՎԵԼ Է ՈՐՈՇՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում իրականացված քննչական եւ վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալներով՝ պարզվել են Երեւան քաղաքի 2005-2007թթ. ընթացքում Արաբկիրի համայնքապետարանում ղեկավար պաշտոն զբաղեցրած անձի կողմից հանցավոր սխեմաների կիրառմամբ բազմադրվագ կոռուպցիոն հանցագործությունների կատարման հանգամանքներ:

Մասնավորապես, նշված անձը, իր սանիկ Ա.Ե.-ի օժանդակությամբ, Երեւանի քաղաքապետի եւ քաղաքապետարանի մի քանի պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնական կեղծիքների բազմաքայլ հանցավոր սխեմայով, «Արաբկիր» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող, օտարման ոչ ենթակա տարածքից 1500 քմ մակերեսով հողատարածքը դուրս է բերել ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումներից, դարձրել օտարման ենթակա։ Դրա վրա կառուցված 89.5 քմ ընդհանուր մակերեսով ինքնակամ շինությունը պաշտոնեական կեղծիքների միջոցով ճանաչվել է օրինական, եւ այդ շինությունը՝ 3.302.550 ՀՀ դրամ, իսկ նշված կառույցի համար առանձնացված 1500 քմ մակերեսով հողամասը՝ 16.065.000 ՀՀ դրամ կադաստրային արժեքներով (այն դեպքում, երբ նշված հողամասի եւ կառույցի շուկայական արժեքը կազմել է 142.000.000 ՀՀ դրամ) ձեւականորեն օտարվել է Ա.Ե.-ին։

Գույքի իրական պատկանելությունը, հանցավոր ծագման աղբյուրը թաքցնելու նպատակով, 2007 թվականի ապրիլին Երեւանի քաղաքապետարանի հաշվեհամարին ընդամենը 75.491.988 ՀՀ դրամ մուտքագրելուց հետո՝ այն դեպքում, երբ հողամասի շուկայական արժեքը կազմել է 354.000.000 ՀՀ դրամ, նշված գույքերի նկատմամբ ձեւականորեն գրանցվել է նշված պաշտոնատար անձի հոր սեփականության իրավունքը։
Պարզվել է նաեւ, որ Արաբկիրի համայնքապետարանում ղեկավար պաշտոն զբաղեցրած նշված անձը, կեղծ տվյալներով փաստաթղթեր կազմելով, որպես աճուրդի կազմակերպիչ, ձեւական աճուրդի միջոցով օտարել է Մամիկոնյանց փողոցում գտնվող 79 քմ ընդհանուր մակերեսով՝ 16.950.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով, համայնքին պատկանող բնակարանը:
Նախաքննությամբ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա եւ հաշվի առնելով վաղեմության ժամկետը լրանալու հիմքով՝ քրեական հետապնդում չիրականացնելուն չհամաձայնելու հանգամանքը՝ Արաբկիրի համայնքապետարանում 2005-2007թթ. ընթացքում ղեկավար պաշտոն զբաղեցրած անձին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով (4 դրվագ):
Ավագանու անդամների մի մասին մեղադրանքներ են ներկայացվել նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով /մի մասին՝ 5 դրվագ, մի մասին՝ 4 դրվագ/: Մի մասի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։
Նախաքննությունը, նշված նախկին պաշտոնատար անձի եւ նախկին ավագանու 4 անդամների մասով, ավարտվել է. վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու համար։

Երեւանի քաղաքապետի եւ եւս երկու անձի վերաբերյալ անջատված մասով քրեական վարույթը, մեղադրական եզրակացությամբ, դեռեւս 2023թ. օգոստոսին ուղարկվել էր դատարան, ընթանում է դատաքննություն։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ԿՈՉՈՒՄ՝ ԼՐԱԳՐՈՂԻՆ ՀԱՐՎԱԾՈՂ ՏԵՂԱԿԱԼԻՆ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի երկու տեղակալներին Հանրապետության տոնի առթիվ շնորհվել են բարձրագույն դասային աստիճաններ։

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Հանրապետության տոնի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արտակ Մկրտիչի Պողոսյանին շնորհվել են արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճաններ:

Ինչո՞վ է հայտնի դարձել հանրությանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի նոր կոչման արժանացած տեղակալը. ինչպես իր ղեկավարը, նա եւս լրագրողների դեմ գործողություններով է աչքի ընկել: 2014թ. փետրվարի 12-ին Մաշտոցի պողոտայում ՀԱԿ ակտիվիստները Մարտի 1-ի հանրահավաքի մասին իրազեկման ակցիա են իրականացրել: Իրազեկման աշխատանքներին խոչընդոտել էին: Դեպքից հետո ոստիկանները ոչ թե խոչընդոտողներին, այլ ակտիվիստներին բերման էին ենթարկել, իսկ լրագրողների ձեռքից վերցրել էին տեսախցիկները։ Բերման ենթարկվածների թվում են եղել «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանը եւ ilur.am կայքի օպերատոր Սարգիս Գեւորգյանը: Ինչպես հայտարարել էր լրագրող Անի Գեւորգյանը, ոստիկանության բաժնում ոստիկանության այն ժամանակվա Կենտրոնի բաժնի պետ Արտակ Պողոսյանը ձեռքով հարվածել էր իր դեմքին:
Անի Գեւորգյանի հաղորդման հիման վրա՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնատար անձը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով) հատկանիշներով:
Դեպքից ամիսներ անց ՀՔԾ-ն կարճել էր քրեական գործով վարույթը՝ «հանցագործության հատկանիշների բացակայության» հիմքով: Անին պատմել էր, որ քրեական գործը կարճել են այն պատճառաբանությամբ, թե, իբր, ոստիկաններն իր նկատմամբ բռնություն էին գործադրում իր իսկ անվտանգության համար:
Դեպքին հաղորդող օրերին ոստիկանությունում նշանակվել էր ծառայողական քննություն, սակայն քննությունը կասեցված էր, քանի որ ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ: Դեպքից 1 տարի 5 ամիս անց քրեական գործը կարճելիս ոստիկանությունը համարել էր, որ խախտումներ չեն եղել: Անցնելով ներպետական բոլոր ատյաններով` լրագրող Անի Գեւորգյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ԿԱՇԱՌՔ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԵՊՔ
Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի երկու գլխավոր օպերլիազորներ տնտեսվարողներից ստացել են ընդհանուր 1,500,000 ՀՀ դրամ կաշառք՝ նրանց կողմից կատարված՝ հարկային օրենսդրության պահանջների խախտումները չարձանագրելու համար:
Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ ավագ օպերլիազոր Կ. Ա.-ն իր գործընկերոջ՝ ավագ օպերլիազոր Վ. Ա.-ի հետ հայտնաբերել են անհատ ձեռնարկատիրոջ կողմից հարկային օրենսդրության պահանջների առերեւույթ խախտումների հատկանիշներ՝ կապված իրացման շրջանառության հետ: Այդ կապակցությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ չանցկացնելու, ինչպես նաեւ հետագայում հնարավոր ստուգումների ընթացքում կատարված խախտումները հայտնաբերվելու դեպքում պատասխանատվությունից խուսափելուն աջակցելու նպատակով ՊԵԿ վերը նշված պաշտոնատար անձինք ձեռնարկատիրոջից պահանջել եւ 2023 թվականի դեկտեմբերի 29-ին նրանից որպես կաշառք ստացել են 1,000,000 ՀՀ դրամ, որը բաժանել են միմյանց միջեւ:
Կաշառք ստանալու համար ՊԵԿ գլխավոր օպերլիազորներ Կ. Ա.-ին եւ Վ. Ա.-ին մեղադրանքներ են ներկայացվել:
Կ. Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, եւ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Լրահոս