«Ո՛չ մարդիկ, ո՛չ սուրը, ո՛չ հուրը, ո՛չ ջուրը եւ ոչ ալ որեւէ այլ դառն հարուած կրնան խարխլել Հայ Առաքելական Եկեղեցւոյ հիմերը». հոգեւորականության անդրադարձը Սարդարապատում տեղի ունեցած միջադեպին:
Մայիսի 28-ին Հանրապետության օրվա առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էծմիածնի եպիսկոպոսաց դասը գլխավորությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցելել էր Սարդարապատի հուշահամալիր, որտեղ ոստիկանական ուժերը պատ էին կազմել եւ թույլ չէին տվել, որ Վեհափառ հայրապետը մոտենա հուշահամալիրին:
Միջադեպը մեծ աղմուկ բարձրացրեց եւ մի խումբ հոգեւորականներ անհատապես, ինչպես նաեւ Հայ Առաքելական եկեղեցու տարբեր աթոռներ, անդրադարձ կատարեցին միջադեպին՝ դատապարտելով իշխանության կողմից Հայ Առաքելական եկեղեցու եւ դրա սպասավորների նկատմամբ առկա վերաբերմունքը:
Առաջին հայտարարությունը տարածել էր Մայր Աթոռը՝ նշելով. «Մայիսի 28-ին Հանրապետության տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ՝ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների, Սարդարապատի հուշահամալիր այցի ընթացքում ոստիկանների կողմից Հայոց Հայրապետի ու եկեղեցականների նկատմամբ դրսեւորած դատապարտելի պահվածքը եւ հուշահամալիրի տարածք մուտք գործելու հարուցված արգելքներն ու բռնի գործողությունները հերթական դրվագն են իշխանությունների ամոթալի ու ապազգային գործունեության։
Փառք Տիրոջ, որ հակառակ ոստիկանների կողմից բռնությունների ու հարուցված արգելքների՝ Վեհափառ Հայրապետը հուշակոթողի առջեւ աղոթք բարձրացրեց առ Աստված մայիսյան հերոսամարտերում նահատակված քաջարի հայորդիների հոգիների հանգստության համար:
«Թող Երկնավոր Տերն անսասան պահի հայոց անկախ պետականությունը եւ հանապազ օրհնի ու ապահով եւ անվտանգ կյանք շնորհի համայն մեր ժողովրդին»:
Միջադեպին արձագանքեց նաեւ Մեծ ի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինը. «Իմացանք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին Սարդարապատ մուտքի ժամանակ ոստիկաններուն կողմէ եղած խոչընդոտին մասին։ Խստօրէն կը դատապարտենք այս մեծապէս ամօթալի երեւոյթը, որ խոտոր կը համեմատի մեր ազգի վարքագիծին եւ բարոյական ու հոգեւոր արժէքներուն։ Ո՞ւր կերթայ Հայաստանը՝ մեր սիրելի Հայրենիքը, որուն անկախութեան ու յաւերժութեան ի խնդիր դարեր շարունակ մեր սուրբերը աղօթեցին, մեր նախահայրերը ստեղծագործեցին եւ մեր նահատակները իրենց արիւնը թափեցին։ Ինքնաքանդումի ու ինքնասպանութեան ներկայ ընթացքը պէտք է կա՛նգ առնէ։ Մեր եկեղեցին չի՛ կրնար անտարբեր մնալ ի տես Հայրենիքի քանդումին»:
Անդրադառնալով Սարդարապատում տեղի ունեցած միջադեպին՝ Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկեանը նշել է, որ Սարդարապատի հերոսամարտի ընթացքում՝ Հայ ժողովրդի համար այդ օրհասական օրերին, զինվորների, հրամանատարների, գյուղացիների եւ մտավորականների կողքին մեկ ձեռքին խաչը եւ մյուս ձեռքին զենքը բռնած մարտնչում էին նաեւ հոգեւորականները: Ամենայն հայոց կաթողիկոս Գեւորգ հինգերորդին խնդրում էին տեղափոխվել ավելի ապահով վայր՝ Սեւան, սակայն նա հրաժարվում է:
«Յանուն Սրբոց Յակոբեանց Զինուորեալ Միաբանութեան խստագոյնս կը դատապարտենք ՀՀ Ոստիկանութեան ամօթալի եւ անպատուաբեր վարմունքը հանդէպ Ամենայն Հայոց Հայրապետի: Լիայոյս ենք, որ ՀՀ Ոստիկանութիւնը կը վերանայի իր գործելակերպն ու վերաբերմունքը հանդէպ Հայ Առաքելական Եկղեցւոյ եւ Ամենայն Հայոց Հայրապետի՝ բացառելով նմանօրինակ միջադէպերու կրկնութիւնը …Հայոց Եկեղեցին մշտապէս եղած է ու պիտի մնայ Հայի գոյութեան, Հայ մշակոյթի պահպանման, Հայոց պետականութեան շէնացման առհաւատչեան, ուստի ո՛չ մարդիկ, ո՛չ սուրը, ո՛չ հուրը, ո՛չ ջուրը եւ ոչ ալ որեւէ այլ դառն հարուած կրնան խարխլել Հայ Առաքելական Եկեղեցւոյ հիմերը», – գրված է հայտարարության մեջ:
ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՆԱԽԱԳԻԾ՝ ՆՎԻՐՎԱԾ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻՆ
Հունիսի 16-ին «Սանկտ Պետերբուրգի պալատներ» միջազգային երաժշտական փառատոնը Երեւանում` Ռուսաստանի վաստակավոր արտիստ Մարիա Սաֆարյանցի ղեկավարությամբ, ներկայացնում է միջազգային երաժշտական վիթխարի նախագիծ՝ նվիրված հայ մեծ արքա Տիգրան Երկրորդին:
Հնագույն Զվարթնոց տաճարի հարակից հրապարակի երեկոյան խորհրդավոր միջավայրում երաժշտության ներքո, կներկայացվի արքայից արքա լեգենդար Տիգրան Մեծի պատմությունը:
Երաժշտական փառատոնի հանդիսավոր բացմանն Իտալիայի եւ Ռուսաստանի օպերային բեմի համաշխարհային աստղեր այդ երեկո կմարմնավորեն Տիգրան Մեծի, չքնաղ Կլեոպատրայի, նենգ Միհրդատի եւ մյուս հերոսների կերպարները: Պատմության մեջ ամենաշատ օպերաները նվիրված են հենց Տիգրան Մեծին։ Այդ երեկո կհնչեն հատվածներ ամենագեղեցիկ, այդ թվում՝ «Տարվա եղանակները» ստեղծագործության հեղինակ Վիվալդիի գործերից։
Հատուկ այս նախագծի համար նեապոլիտանական երաժշտական գրադարանը տրամադրել է իտալացի մեծագույն կոմպոզիտորներ Վիվալդիի, Սկարլատիի, Պերգոլեզիի, Պիչինիի օպերաների բացառիկ նոտաները։ Այդ երեկո իր հազվագյուտ վոկալ վարպետությունը կցուցադրի հայտնի իտալացի կոնտրտենոր Աուրելիո Սկյավոնին: Համերգին մասնակցում են ռուսական եւ եվրոպական բեմերի առաջատար մենակատարները. սոպրանո Մարինա Զյատկովան, միջազգային եւ ռուսական մրցութների դափնեկիր, Մեծ եւ Մարիինյան թատրոնների մենակատար Բորիս Ստեփանովը, բաս, Ռուսաստանի վաստակավոր արտիստ, Միխայլովսկի թատրոնի մենակատար Կարեն Ակոպովը: Համերգը կանցնի կամերային նվագախմբի նվագակցությամբ, դիրիժոր՝ Քրիստիան Դելիզո: Հանդիսատեսի համար հատուկ նվեր կդառնա հայտնի ջութակահարուհի, փառատոնի գեղարվեստական ղեկավար Մարիա Սաֆարյանցի ելույթը։ Հայաստանից ելույթ կունենա ծիրանափողի վարպետ, դուդուկահար, ՀՀ ժողովրդական արտիստ Գեւորգ Դաբաղյանը:
Հետաքրքրաշարժ երաժշտական պատմական բեմականացման ղելավարը Արկադի Ղեւոնդովն է, պետերբուրգյան հայտնի ռեժիսոր բեմադրիչ, որը համագործակցում է այնպիսի թատրոնների հետ, ինչպիսիք են Բալթիական տունը, Մարիինյան թատրոնը, ինչպես նաեւ Մոսկվայի, Վլադիկովկասի թատրոնները:
«Aktobe open»-Ի ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՑ
Հայաստանը ներկայացնող երկու շախմատիստները, ովքեր «Aktobe open»-ի` Վլադիմիր Դվորկովիչի հուշամրցաշարի առաջատարների թվում են:
Հայաստանից մրցաշարին մասնակցում են գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը եւ Մանուել Պետրոսյանը:
4 տուրերից հետո Պետրոսյանն էլ, Սարգսյանն էլ ունեն 3,5-ական միավոր եւ 7 առաջատարների թվում են:
«Aktobe open»-ին ընդհանուր առմամբ մասնակցում է 90 շախմատիստ՝ աշխարհի 22 երկրից: Այն կեզրափակվի հունիսի 2-ին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԻՄԸ ՍԿՍՈՒՄ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ
«Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի ղեկավարությամբ մայիսի 27-ից ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում սկսում է պատրաստվել Սլովենիայի եւ Ղազախստանի հավաքականների հետ ընկերական հանդիպումներին».հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։
Հայաստանի թիմը Սլովենիային կհյուրընկալվի հունիսի 4-ին, Ղազախստանին կընդունի հունիսի 7-ին։
Հավաքին արդեն միացել են հետեւյալ ֆուտբոլիստները՝
Օգնյեն Չանչարեւիչ – «Նոա»
Արսեն Բեգլարյան – «Արարատ-Արմենիա»
Ստանիսլավ Բուչնեւ – «Փյունիկ»
Ստյոպա Մկրտչյան – «Օսիեկ» (Խորվաթիա)
Կամո Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա»
Գեորգի Հարությունյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Անդրանիկ Հակոբյան – «Վալենսիա Մ-19» (Իսպանիա)
Դավիդ Դավիդյան – «Փյունիկ»
Էրիկ Սիմոնյան – «Ուրարտու»
Սերգեյ Մուրադյան – «Նոա»
Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա»
Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան)
Արտակ Դաշյան – «Փյունիկ»,
Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ»
Սոլոմոն Ուդո – «Փյունիկ»
Գեւորգ Տարախչյան – «Ուրարտու»
Ժիրայր Շաղոյան – «Արարատ-Արմենիա»
Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»
Գոռ Մանվելյան – «Նոա»
Արթուր Միրանյան – «Նոա»
Էդուարդ Սպերցյանը, Էդգար Սեւիկյանը եւ Նաիր Թիկնիզյանը թիմին կմիանան այսօր՝ ավելի ուշ: Վարազդատ Հարոյանը հավաքականի ճամբար կժամանի վաղը՝ մայիսի 28-ին: Տիգրան Ավանեսյանը Երեւան կժամանի հունիսի 3-ին, քանի որ հունիսի 2-ին տեղի կունենա Ռուսաստանի գավաթի խաղարկության սուպերեզրափակիչի «Բալթիկա» – «Զենիթ» հանդիպումը: