«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երեւան քաղաքի դատարանը ծանուցում է ուղարկելու ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին, ինչպես նաեւ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին, որպեսզի վերջիններս ներկայանան դատարան ու հարցաքննվեն։
Իսկ ի՞նչ քրեական վարույթով նրանք պետք է ներկայանան դատարան։
2023 թվականին ArmԼur.am-ը գրել էր, որ ԱԱԾ է հրավիրվել եւ հարցաքննվել ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ նրան ԱԱԾ էին հրավիրել ու հարցաքննել Արցախի պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմում անվտանգության վարչության պետի տեղակալ գնդապետ Նորայր Ասլանյանի դեմ հարուցված քրեական գործով:
Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ Հրանտ Մարգարյանի եւ կալանքի տակ գտնվող Արցախի գնդապետ Նորայր Ասլանյանի ցուցմունքների մեջ հակասություններ են եղել, ինչը ենթադրում էր, որ Հրանտ Մարգարյանն ու Նորայր Ասլանյանը պետք է առերեսվեին։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր նաեւ, որ նույն քրեական գործով Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը եւս հրավիրվել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայություն եւ հարցաքննվել էր։
Հավելենք, որ Ասլանյանին մեղադրում են հրազենի եւ ռազմամթերքի ենթադրյալ ապօրինի շրջանառության համար։
Ալեն Սիմոնյանը ԱԺ նախագահից դարձել է ՔՊ ժողովի նախագահ: Այսպիսով՝ Սիմոնյանն ինքն իր համար կարգադրություն է ստորագրել, համաձայն որի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ՝ հունիսի 3-6-ը ԱԺ պատվիրակությունը, ավելի կոնկրետ՝ ՔՊ պատվիրակությունը կգործուղվի Լյուբլյանա՝ Սլովենիայի Հանրապետություն: Պատվիրակության կազմում ընդգրկված են բացառապես ՔՊ խմբակցության պատգամավորներ եւ ԱԺ նախագահի աշատակազմի աշխատակիցներ: Փաստաթղթում կարդում ենք, որ Ալեն Սիմոնյանի հետ Սլովենիա կմեկնեն ՔՊ խմբակցության պատգամավորներ Սարգիս Խանդանյանը, Լենա Նազարյանը, ԱԺ նախագահի խոսնակ Նելլի Ղուլյանը եւ այլ աշխատակիցներ: Այսպիսով՝ «ժողովրդավարական բաստիոնի» պառլամենտական երկրի Ազգային ժողովի պատվիրակության կազմում ընդդիմադիր որեւէ պատգամավոր չկա: Նշենք, որ ԱԺ կանոնակարգով հստակ որեւէ կարգավորում, իհարկե, չկա, թե ովքեր կամ քանի հոգի պետք է լինեն պատվիրակության կազմում. ԱԺ նախագահը ինքն է որոշում կազմը եւ ներկայացնում հրավիրող կողմին: Հաշվի առնելով, որ Ալեն Սիմոնյանը բացառապես իր թիմակիցներին է կազմում ընդգրկել, կարող ենք հստակ հետեւություն անել՝ նա ոչ թե Աժ նախագահն է, այլ ՔՊ ժողովի նախագահը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 1 տոննա կոկաինի գործով ԱԺ նախկին պատգամավորի ընկերության կալանավորված բոլոր աշխատակիցները ազատ են արձակվել: Նկատելի է, որ առեղծվածային պայմաններում Հայաստանում հայտնված 1 տոննա կոկաինի գործով ուշագրավ զարգացումներ են։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քրեական գործով կալանավորվածների տնային կալանքի ժամկետը լրացել է, եւ աղմկահարույց գործով բոլոր կալանավորվածները ազատ են արձակվել: Ավելին՝ լրացել է նաեւ բացահայտման մեկ տարին, բայց նախաքննությունը շարունակվում է։ Գրել էինք, որ դեռեւս մեկ տարի առաջ ԱԱԾ-ի կողմից մի շարք եվրոպական երկրներ նամակներ են ուղարկվել քննության շրջանակում կոկաինի ծագման, շրջանառության եւ այլ հարցերի վերաբերյալ, սակայն այդպես էլ պատասխանները չեն ստացվել կամ ցանկալի պատասխանները չկան: Ուժայինները մինչ օրս սպասում են կոնկրետ պատասխանների։ Նշենք, որ այս գործով կալանավորվածները ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող ընկերության աշխատակիցներն էին, որոնցից մեկը կին է։ Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտնել էր «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ՝ Միհրան Պողոսյանի, նույն ընկերության տնօրեն Լ.Ա-ի եւ պահեստապետ Ս.Գ.-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց, մասնավորապես՝ 1 տոննա կոկաին ապօրինի իրացնելու եւ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը. նախկին պատգամավորի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Հավելենք, որ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Մրգենի» ՍՊԸ-ն հիմնադրվել է «Թավշյա հեղափոխությունից» հետո՝ 2018 թվականի հուլիսի 27-ին։ Ընկերության տնօրենը Ռուսաստանի քաղաքացի Լեւոն Աթաջանյանն է»։
Մեր օրերում զարմանալու թերեւս քիչ բան կա: Պարզվում է, սակայն, որ ՀՀ գործող իշխանությունների սիրելի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը գնում է ավելի հեռուն ու անցնում է երեւակայության հնարավոր բոլոր սահմանները: Ըստ էության, սենսացիոն բան կարող է տեղի ունենալ՝ Հայաստանի նորընծա չեմպիոն Երեւանի «Փյունիկը», որ խաղալու է Չեմպիոնների լիգայում ու վստահաբար հավաքելու է հազարավոր ֆուտբոլասերների, երկրից դուրս պիտի գա: Թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակավ հայտնել է, որ կարող է խաղալ Թբիլիսիի «Դինամոյի» մարզադաշտում: Ըստ վերջինիս՝ պատճառը ֆեդերացիայի կողմից «Փյունիկ»-ի՝ միջազգային խաղերի համար Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտը չտրամադրելն է, դրա փոխարեն Երեւանից դուրս փոքր մարզադաշտեր առաջարկելը, ինչը հնարավորություն չի տա բազմահազար մարզասերների գալ խաղերը դիտելու: Գումարած սրան՝ «Փյունիկը» չունի նաեւ մարզվելու տեղ, դաշտեր, որոնք կունենա Վրաստանում: Փաստորեն, ֆեդերացիան ոչ միայն չի տրամադրում կենտրոնական մարզադաշտը, այլեւ զրկում է թիմին միջազգային խաղերից առաջ մարզվելու բավարար պայմաններից: Տարօրինակն այն է, որ երկար ժամանակ խորացող «Փյունիկ»-ՀՖՖ կոնֆլիկտն այսպիսով տեղափոխվում է բոլորովին այլ հարթություն, ու առաջացնելու է տասնյակ հազարավոր հայ երկրպագուների զայրույթը ու ներիշխանական լարված իրավիճակում կարող է պայթյունի տանել: