Արդեն մի քանի օր է, ինչ ակտիվորեն քննարկվում է Լոռու եւ Տավուշի մարզերին պատուհասած աղետի պատճառները, որը գուցե եւ ամենեւին էլ բնական չէ, այլ արհեստածին:
Հիշեցնենք ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջի ապրիլի 19-ի հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է՝ ««ՁորաՀԷԿ-ի» շահագործման ընթացքում էներգահամակարգի աշխատանքի խափանումներով պայմանավորված՝ առաջիկայում հնարավոր է կայանի կանգ, որն էլ իր հերթին մինչեւ օգոստոս ամիս կարող է հանգեցնել ջրի բացթողումների կայանի ջրամբարից:
Վերջինս կարող է Ձորագետ եւ Դեբեդ գետերի վարարումների պատճառ դառնալ:
Վտանգներից խուսափելու համար հորդորում ենք ափամերձ տարածքներում ցուցաբերել առավել զգոնություն»»։
Չնայած այս զգուշացումներին՝ Լոռու Մարզի մարզպետ Արամ Ղազարյանը երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. – «Աղետն ու ապրիլի 19-ի հայտարարությունը իրար հետ փոխկապակցված չեն կարող լինել»։
Բացի բաց թողնված ջրի անթուլատրելի ծավալներից, շատ մասնագետներ պնդում են, որ աղետը կարող էր վրա հասնել նաեւ քարապայթեցման հետեւանքով եւ/կամ պատճառով: Բանն այն է, որ շատ վարորդներ հայտնել են, որ մինչ աղետի օրերը, իրենք ականատես են եղել քարերի պայթեցման եւ քարաթափման հենց հեղեղված ճամփեզրին: Այսինքն՝ պայթեցումները կարող էին նպաստել ջրերի վարարմանը, եւ ստացվում է, որ աղետի հիմքում գուցե մարդկային գործոնը կա:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ զրուցել է Լոռու մարզի մարզպետ Արամ Ղազարյանի հետ՝ հասկանալու համար՝ որքանով են իրական առաջ քաշված վարկածները:
Մարզպետը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց. – «Որտեղի՞ց նման տեղեկատվություն, շատ կներեք։ Ես զարմանում եմ, էլի, այդ տեղեկությունները որտեղի՞ց են, ինչո՞ւ են անհիմն տեղեկություններ տարածում, ձեզ ու մեզ ծանրաբեռնում։ Չկա նման բան»։
Մարզպետին նաեւ հարցրինք՝ ինչո՞ւ մարզպետարանը նախօրոք չի պատրաստվել աղետին, քանի որ հիդրոմետները, այդ թվում՝ նաեւ Գագիկ Սուրենյանը, նախապես զգուշացրել էին, որ սպասվում են առատ անձրեւներ եւ կարկուտ։
Մարզպետ Արամ Ղազարյանը, մեր հարցին չպատասխանելով, հորդորեց հետեւել «Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնին», քանի որ ուղիղ եթերներով տալիս են բոլոր հարցերի պատասխանները։
«Մենք ունենք միասնական տեղեկատվական շտաբ, որտեղ ուղիղ եթերով համապատասխան տեղեկություն ենք տրամադրում։ Խնդրում եմ՝ հետեւեք տեղեկատվական շտաբի տեղեկատվությանը, եւ հիմա, հարցերը որ բարձրաձայնում եք, ինձ դրանք տրվել են, եւ ես այդ հարցերին պատասխանել եմ», – ասաց մարզպետը։
«Ժողովուրդ» օրաթերթը նաեւ հետաքրքրվեց մարզի ղեկավարից՝ արդյո՞ք այս վարարման ռիսկը կանխատեսվել էր, եւ նախաձեռնվե՞լ են ինչ-որ աշխատանքներ, ինչին ի պատասխան՝ Ղազարյանն ասաց. – «Կանխատեսումները այնպիսին չէին եղել, որ կարող էր նման աղետ տեղի ունենալ։ Դրա համար խնդրում եմ կանխատեսումների մասին նման հարցադրումներ անընդհատ չանել, որովհետեւ կանխատեսումներն ամեն օր լինում են, եւ բնականաբար բոլորն էլ քաջատեղյակ են, որ լիներ, հաստատ այլ գործառույթներ կիրականացվեին»։
Նշենք, որ աղետի պատճառով տուժել են շատ քաղաքացիներ, Լոռու եւ Տավուշի մարզերի մի շարք համայնքներ պաշտոնապես հայտարարվել են աղետի գոտիներ:
Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը մարզպետին հարցրեց, թե ով պետք է պատասխանատվություն կրի՝ ոչ պրոֆեսիոնալիզմի, չհաշվարկված քայլերի եւ կանխատեսումներին ընդառաջ կանխարգելիչ գործառույթներ չիրականացնելու համար:
«Հիմա, որ երկրաշարժ է լինում, պատասխանատվություն ո՞վ է կրում. տարերային աղետ է, եւ մենք ունենք մեր պետությունում համապատասխան մարմիններ, որոնք զբաղվում են այդ հարցերով, եւ եթե որեւիցե պաշտոնատար անձ, որն իր գործառույթները պատշաճ չի կատարում, բնականաբար, ըստ ընթացակարգի, կատարվում են համապատասխան գործընթացներ։ Հիմա, եթե նմանատիպ անձինք կլինեն, որոնք պատասխանատվություն պետք է կրեն, մենք այդ մասին կտեղեկացնենք», – ասաց Ղազարյանը՝ ավարտելով զրույցը։
Այսպիսով՝ դատելով մարզային իշխանության ղեկավարի խոսքերից՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պայքարում է աղետի հետեւանքների դեմ, սակայն պատճառների, կանխարգելիչ գործողությունների մասով ոչինչ չի արվում: Ասել է, թե՝ Լոռվա եւ Տավուշի մարզերի դիմակայունության հարցը չի էլ քննարկվում:
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է վարել ԻԻՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Ալի Բաղերի Քանիի հետ։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացրել են, որ ի հաջորդումն մայիսի 22-ին Թեհրան ՀՀ վարչապետի պատվիրակության այցի՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը եւս մեկ անգամ իր գործընկերոջը ցավակցություն է հայտնել ԻԻՀ նախագահի, արտաքին գործերի նախարարի եւ նրանց ուղեկցող անձանց զոհվելու կապակցությամբ եւ արտահայտել իր զորակցությունը:
Ըստ աղբյուրի՝ զրուցակիցներն ընդգծել են, որ երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ բարիդրացիական կապերը խորն են ու ամուր եւ կկրեն շարունակական բնույթ: Արարատ Միրզոյանը եւ Ալի Բաղերի Քանին անդրադարձ են կատարել երկկողմ եւ տարածաշրջանային օրակարգին՝ շեշտելով մինչ այս ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման եւ ընթացիկ ծրագրերի շարունակականության ապահովման հարցում փոխադարձ պատրաստակամությունը:
Նշվում է, որ իրանական կողմն իր հերթին ցավակցություն եւ զորակցություն է արտահայտել ՀՀ Տավուշի եւ Լոռու մարզերում հեղեղումների հետեւանքով մարդկային զոհերի եւ վնասների կապակցությամբ:
ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ Գ. ՓԱՅԼԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովրդադեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ նախկին 5 պատգամավորի նկատմամբ Անկարայի 22-րդ քրեաիրավական դատարան արդեն 2-րդ անգամ մեղադրական է ներկայացվել: Այդ պատգամավորների թվում է նաեւ ազգությամբ հայ Գարո Փայլանը, ում չհաջողվեց 2023-ի համապետական ընտրություններից հետո այլեւս Թուրքիայի խորհրդարանում տեղ զբաղեցնել։
Նշվում է, որ նրանք մեղադրվում են «Քոբանիի դեպքերի» շրջանակում «Պետության միասնականությունն ու երկրի ամբողջականությունը խաթարելու», «37 անգամ մարդ սպանելու» եւ «31 անգամ մահափորձ իրականացնելու» եւ եւս այլ 29 հանցանք իրագործելու մեջ: Մեղադրականում պահանջվել է վերոհիշյալ հանցագործությունների իրականացման համար 5-ից յուրաքանչյուրին դատապարտել 19.680-ական տարով:
Հատկանշական է, որ ԺԴԿ-ի անդամների նկատմամբ նույն մեղադրականը ներկայացվել էր նաեւ նրանց պատգամավորության տարիներին, որը սակայն հենց իրենց պաշտոնական դիրքի՝ անձեռնմխելիության պատճառով էլ ընթացք չէր ստացել: Հիշեցնենք, որ Սիրիայի Քոբանի քաղաքի ուղղությամբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված հարձակումների դեմ իրենց բողոքն արտահայտելու համար 2014-ի հոկտեմբերի 6-ից 8-ը Թուրքիայում ցույցեր էին անցկացվել, ինչի հետեւանքով էլ ձերբակալվել էին մեծ թվով մարդիկ, այդ թվում՝ նաեւ կուսակցական գործիչներ:
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԹԻՐԱԽԱՎՈՐԵԼ Է ԵԿԵՂԵՑԻՆ
Հայ Առաքելական եկեղեցու եւ հատկապես Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի եւ իրեն ուղեկցող հոգեւորականների նկատմամբ ոստիկանական ուժերի վերաբերմունքի վերաբերյալ արձագանքները բազմաթիվ են:
Այդ մասին հայտարարություն է տարածել «Թաթոյան հիմնադրամը»:
«Ներկայիս իշխանությունը Ոստիկանությանը օգտագործում է հանուն իր քաղաքական շահերի՝ թիրախավորելու համար Հայ Առաքելական Եկեղեցուն, հեղինակազրկում ոստիկանությանը ու դրանով իսկ թուլացնում պետության անվտանգությունը։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետության անվտանգության կարեւոր բաղադրիչ է եւ ունի սահմանադրական կարգավիճակ։ Այս մասին անգամ գրված է 2020թ. Ազգային անվտանգության ռազմավարության մեջ։
Իր հերթին Ոստիկանությունը պետության անվտանգությունն ու իրավակարգն ապահովող հենասյուներից է։
Նախ Եկեղեցու՝ իբրեւ կառույցի, հոգեւորականների թիրախավորումը թուլացնում է պետությունը, պառակտում հասարակությունը, հրահրում է ներքին թշնամանք թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։
Այս արշավն ուղղակիորեն կազմակերպում եւ իրականացնում է այսօրվա իշխանությունը, քանի որ դա է պահանջում նրա քաղաքական շահը. դա իշխանություն, պաշտոններ պահպանելու միջոց է։ Այսինքն՝ եկեղեցու նկատմամբ քաղաքական հաշվեհարդարի համար օգտագործվում է Ոստիկանությունը։
Այս ամենը հասարակության մեջ ոստիկանների նկատմամբ հասկանալիորեն առաջացնում է վրդովմունք, վիրավորանքներ ու բացասական վերաբերմունք առհասարակ, ինչն էլ իր հերթին Ոստիկանությանը դարձնում է ագրեսիվ նման վերաբերմունք դրսեւորող մարդկանց նկատմամբ։
Ընդ որում, այդ մարդկանց նկատմամբ ագրեսիվ վերաբերմունք է առաջանում նաեւ հասարակության այն մասի մոտ, որոնք իշխանության աջակից են, իշխանական քարոզի զոհ կամ այլ վերաբերմունք ունեն Առաքելական եկեղեցու նկատմամբ։ Այս ամենը հղի է անկանխատեսելի վտանգավոր հետեւանքներով։
Ստացվում է՝ քաղաքական գործող իշխանությունը հանուն իր շահերի թուլացնում է մեր պետության անվտանգության ու ամրության հենասյուները՝ Ոստիկանությունն ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, ինչպես նաեւ հասարակության մեջ առաջանում անհանդուրժողականություն, հրահրում է ներքին թշնամանք՝ խորացնելով լարվածությունն ու պառակտումը»։