Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC)՝ որպես Հայաստանում ձեռներեցության աշխարհի գավաթի (EWC) ազգային կազմակերպիչ, շնորհավորել է EWC Armenia 2024-ի ազգային հաղթող դարձած երեք ստարտափներին, որոնք անցել են միջազգային փուլ՝ ներկայացնելու Հայաստանը։
2019 թվականից ի վեր EWC-ն վերածվել է աշխարհի ամենամեծ եւ ամենատարբեր ստարտափ մրցույթների եւ աջակցության ծրագրերի հարթակի: EWC-ին ամեն տարի մասնակցում են 370 000 ձեռներեցներ ավելի քան 200 երկրներից։ Մրցույթի հաղթողները ստանում են 1 միլիոն դոլար դրամական մրցանակ եւ այլ հնարավորություններ՝ վերապատրաստումներ, մենթորություն ստարտափի զարգացման բոլոր փուլերում, ինչպես նաեւ նեթվորքինգ:
Այս տարվա EWC Հայաստանի ազգային եզրափակիչը իսկապես նորարարության եւ ձեռներեցության տոն էր. տեխնոլոգիական էկոհամակարգի տարբեր ուղղություններ ներկայացնող մասնագետներ հավաքվել էին լսելու մրցույթի տասը հայկական առաջատար ստարտափների ելույթները եւ տեսնելու, թե որ երեք թիմերը կանցնեն EWC 2024 Global Finals:
Ազգային ժյուրիի որոշմամբ մրցող 10 ստարտափներից հաղթող ճանաչվեցին Archestr-ը, Maquaponics-ը եւ Nomiq-ը, որոնք կմիանան EWC Top 250 ստարտափներին եւ կմասնակցեն GEN-ի (Համաշխարհային ձեռներեցության ցանց) վիրտուալ bootcamp-ին՝ նախապատրաստվելու գլոբալ եզրափակչին։
Ըստ EWC Հայաստանի ազգային կազմակերպիչ Նժդեհ Հովհաննեսյանի՝ EWC մրցույթում տարեցտարի ավելի բազմազան եւ հետաքրքիր են դառնում գաղափարները:
Ազգային եզրափակչի ժյուրիի կազմում էին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ռուբեն Սիմոնյանը, Գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման ազգային խորհրդի գործադիր խորհրդի անդամ, UC Berkeley, SkyDeck գլխավոր խորհրդական Կարեն Գյուլբուդաղյանը, Formula VC-ի անդամ, BANA Angels-ի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը, EPAM Երեւանի տնօրեն Բենիամին Գյուրջյանը, ինչպես նաեւ «Այբ» հիմնադրամի խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը:
Բացի գլխավոր մրցանակներից միջոցառման ընթացքում հատուկ մրցանակներ հանձնվեցին նաեւ FAST հիմնադրամի եւ STAN-ի, ինչպես նաեւ Rooqet & InnWork-ի ու Team Telecom Armenia-ի կողմից։
Մրցույթի ազգային փուլն արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվում է Team Telecom Armenia-ի աջակցությամբ։ Ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը՝ որպես տեխնոլոգիական գործընկեր, մրցանակներ հանձնեց հաղթող երեք թիմերի անդամներին եւ կարեւորելով ստարտափների դերը նշեց. – «Հաղթողներից առաջին թիմը Archestr-ն էր՝ միակը «early stage»-ում: Archestr-ը SaaS հարթակ է, որը հեշտացնում է նախագծումից մինչեւ շինարարություն գործընթացը՝ ընդլայնելով աշխատանքային հոսքերը շենքերի դիզայներների, ընդհանուր մատակարարների համար: Նրանք արդեն ունեն վճարող օգտատերերի բազա եւ հաճախորդներ աշխարհի տարբեր անկյուններից:
Հաջորդը MAquaponics-ն էր: Նրանք նախագծում եւ տեղադրում են համակարգեր, որոնք կենդանիների գոմաղբը վերածում են օրգանական պարարտանյութի: Սննդանյութերով հարուստ պարարտանյութերը հարմար են հիդրոպոնիկ տեղակայման, կաթիլային ոռոգման եւ ավանդական գյուղատնտեսության համար:
Համահիմնադիր եւ Ponic Systems-ի ինժեներ Մելինե Բիլբուլը նշում է, որ այս հաղթանակը վերահաստատում է իրենց աշխատանքի նշանակությունը Հայաստանի ապագայի եւ կանաչ գյուղատնտեսության ավելի լայն ոլորտի համար։ «Դա մեզ դրդում է շարունակել առաջընթացը եւ մեր ջանքերը ավելացնել մրցույթի հաջորդ փուլում՝ օգնելով մեզ բարձրացնել մեր ստարտափն ավելի մեծ բարձունքների»:
Ի վերջո, երրորդ հաղթողը Nomiq-ն էր՝ վեբ-ի վրա հիմնված քիչ կոդով հարթակ backend-ի մշակման համար: Այս ստարտափը հեղափոխում է ծախսերի օպտիմիզացումը եւ արագացնում բարդ լուծումների շուկա դուրս գալու ժամանակը՝ ավտոմատացնելով կոդերի ստեղծումը եւ հնարավորություն տալով արագ փոխակերպում գաղափարից հավելված:
EWC-ն այս տարվա մրցույթի համար ստացել էր շուրջ 60 հայտ, որոնցից միայն 10-ին հաջողվեց GEN-ի միջազգային ժյուրիի ընտրության փուլն ու հասնել ազգային եզրափակիչ։
ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ First Fisher ԵՎ First Run ԽԱՂԵՐԸ
ftNFT ֆիջիթալ տարածքում տեղի է ունեցել թերեւս ամենից տարբերվող, հետաքրքիր, ուսուցողական ու ինտերակտիվ Fastex Meetup-ը:
Միջոցառման խոսնակը Fastex-ի գործառնությունների գծով տնօրեն Մհեր Թունյանն էր, որը մանրամասն ներկայացրեց արդեն իսկ մեծ հետաքրքրություն առաջացրած First Fisher եւ First Run խաղերը, որոնք գործում են Բահամուտ բլոկչեյնի վրա: Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել տեղում փորձարկել առաջարկվող խաղերը եւ ստանալ միավորներ։
Միջոցառման մասնակիցները կատարել են հատուկ առաջադրանքներ, որոնց արդյունքում ստացել են NFT-ներ եւ դրանց ֆիզիկական տարբերակը՝ բրենդավորված շապիկ: Խաղերի ընթացքում ձեռք բերված միավորներն էլ փոխարկվել են FTN-ի: Վազքուղու վրա 5-7 րոպեում 1կմ վազած մասնակիցներից յուրաքանչյուրին տրվել է 25 FTN-ի չափ Dzook Coin:
Հավելենք, որ առաջիկա հանդիպումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է հետեւել Fastex-ին սոցիալական հայտնի հարթակներում։
ՔԱՐԿՈՓՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՋՐԱԾԱԾԿ Է
Քարկոփ գյուղն ամբողջությամբ ջրածածկ է, շուրջ 7 բնակավայրեր կապ չունեն Ալավերդի քաղաքի հետ:
Մայիսի 25 եւ մայիսի 26-ին Լոռու եւ Տավուշի մարզերում առաջացած աղետի հետեւանքով ամենամեծ վնասը հասցրել է Դեբեդ գետը։
Այս մասին երեկ կառավարության նիստի ընթացքում նշել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Նրա խոսքով՝ աղետի օրը գետում 6 անգամ ավելի ջուր է եղել, ինչի հետեւանքով այն վարարել է։
«Փրկարար ծառայությունը մեծ ուժով ներգրավվել է 456 փրկարար ծառայողների, որոնք տարհանել են 443 մարդկանց, հիմա Սանահին Կայարան թաղամասում է, որ կա 143 անձ, որոնք գետի այլ ափում են, նրանց անհրաժեշտ պարագաները հասնում են պարանի միջոցով։ Կան հսկայական վնասված ենթակառուցվածքներ, 2 կմ է հասնում տարբեր հատվածնների վնասվածքները։ Երկու կմ հատվածից վնասված են ենթակայաններ, սյուներ, հարակից ենթակառուցվածքներ, բավական երկար ժամանակ կպահանջվի երկաթուղու վերականգնամ համար», – ասել է նա։
Նախարարի խոսքով՝ կան տարբեր նշանակության 20 վնասված կամուրջներ։ Հատկապես Ախթալայի եւ Քարկոփի կամուրջների վնասվածքների պատճառով շուրջ 7 բնակավայրեր կապ չունեն Ալավերդի քաղաքի հետ։ Ջրային հատվածներում կան լուրջ վնասվածքներ, ընդհանուր չափը դեռեւս գնահատել հնարավոր չէ։ Նախարարը կարեւորեց, որ հիմա անհրաժեշտ է բոլոր գերատեսչությունների ներգրավվածությունը, կարիք կա մշակելու աջակցության ծրագրեր, հասկանալ, թե փոխհատուցման ծրագրերը ինչպես պետք է իրականացնել։