ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կուռք դարձրած Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն, ով ստորագրում է Նիկոլ Փաշինյանի ամեն խոսքի տակ, այս անգամ ուղղուց շեղվել է։
Վարչապետը հայտարարում էր, որ ՀՀ ինքնիշխան տարածքը 12 հազար 743 քառ․ կիլոմետր է, իսկ Առուշանյանը MediaHub-ի հետ զրույցում ասել է, որ իր համար Հայաստանի Հանրապետության սահմանը Մեծ Հայքի քարտեզն է՝ 15 նահանգներով և 641 հազար քառակուսի կիլոմետրով։
Առուշ Առուշանյանը 2008 թվականի օգոստոսից հիմնադրել է «Գոր Մետալ» ՍՊԸ-ն և զբաղվել է ձեռնարկատիրական աշխատանքներով։ Համայնքի ղեկավար է ընտրվել 2017 թվականի նոյեմբերի 5-ին, ապա 2021 թվականի հոկտեմբերի 17-ին համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրության արդյունքում կրկին ընտրվել է համայնքի՝ համամասնական ընտրակարգով համայնքի ղեկավար։
Ինչևէ, անդրադառնալով Առուշ Առուշանյանի 2023 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրին՝ արձանագրում ենք, որ նախորդ 2022 թվականի հայտարարագրի համեմատ Գորիսի համայնքապետի աշխատանքի վարձատրությունն ավելացել է։
Առուշ Առուշանյանը 2022 թվականի հաշվետու տարում ստացել է տարեկան 2 մլն 152 հազար դրամ աշխատանքի վարձատրություն՝ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքապետարանի աշխատակազմի կողմից, իսկ 2023 թվականի հայտարարատու տարում ստացել է 2 մլն 778 հազար դրամ աշխատանքի վարձատրություն։
Ստացվում է, որ Առուշանյանի աշխատանքի վարձատրությունը մեկ տարում ավելացել է 600 հազար դրամով։ Եթե առաջ Առուշանյանն ամսական ստանում էր գրեթե 179 հազար դրամ, ապա այժմ ամսական ստանում է 231 հազար դրամ։
Առուշանյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 268 հազար դրամ, իսկ նախորդ տարվա կանխիկ դրամական միջոցները՝ 300 հազար դոլարը, 100 հազար եվրոն և 210 մլն դրամը նվազել են՝ դառնալով 300 հազար դրամ, 100 հազար դրամ և 210 մլն դրամ։
Հարցական է, թե ինչու է հայտարարագրում նույն թվերը պահպանվել, սակայն փոխարժեքն այս անգամ դրամով է ներկայացրել։
Առուշանյանի հայտարարագրում բացակայում է ծախսերի մասին հատվածը։
Առուշ Առուշանյանի տրանսպորտային միջոցը, որը բոլոր տարիների հայտարարագրերում առկա է պահպանվել ՝ ZIL մակնիշի 1930 թվականի արտադրության, որը գնվել է 2016 թվականին։
Առուշանյանի անշարժ գույքերը նախորդ տարվա համեմատ փոփոխություն չեն կրել։ Պահպանվել է Գորիս համայնքում գտնվող 2 հողամասը, որից մեկը 2019 թվականին համայնքապետը նվիրատվություն է ստացել։ Պահպանվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այն շինությունները և արտադրական նշանակության շինությունը, որոնք կրկին գտնվում են Գորիս համայնքում։
Հարցական է, թե այս ունեցվածքի ֆոնին Առուշ Առուշանյանի, որ արժանիքի համար է նրա աշխատանքի վարձատրությունն ավելացել ՀՀ պետական ֆինանսական միջոցներից։
Հիշեցնենք, որ аzdarar.am-ից դեռ 2023 թվականի դեկտեմբերին, տեղեկացել էինք, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով ծանուցագիր է ստացել` հրավիրվելով դատախազություն։
Նաև Առուշանյանն այն շռայլ համայնքի ղեկավարն է, ով գնել է 000 OO 00 գոլդ համարանիշը։
ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ համարանիշները ձեռք է բերվել «Առանցք» ՍՊԸ-ի կողմից։ Ուսումնասիրության արդյունքում ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկացել էինք, որ «Առանցք» ՍՊԸ-ն պատկանում է Գագիկ Սամվելի Առուշանյանին, ով ՍՊԸ-ի տնօրենն է։
Ըստ ՀՀ ընտրողների պետական ռեգիստրի՝ Գագիկ Առուշանյանը բնակվում է Սյունիքի մարզի Գորիս համայնքում և գրանցված է նույն հասցեում, որտեղ գրանցված է նաև Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, այսինքն՝ Գագիկ Առուշանյանը համայնքապետի հայրն է։
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ համարանիշները գրանցված են Mercedes-benz G63 AMG 4.0 մեքենայի վրա։
Էմմա Միքայելյան