Անկարան ողջունում է Բաքվի և Երևանի միջև բանակցություններում առաջընթացը և ակնկալում է խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Բաքվի էներգետիկ շաբաթվա բացման արարողության մասնակիցներին ուղղված ուղերձում։
Թուրքիայի նախագահը շնորհավորել է Ադրբեջանին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանը (COP 29) հյուրընկալելու կապակցությամբ։
«Թուրքիան պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին այդ միջոցառման անցկացման հարցում»,- ասված է ուղերձում, որն ընթերցել է երկրի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը:
Էրդողանի ուղերձում նաև նշվում է, որ Անկարայի և Բաքվի համագործակցությունը էներգետիկ ոլորտում օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին։ Նա ընդգծել է, որ երկու երկրների կապերն ամուր են բոլոր ոլորտներում: