ՀՀ-ին է մոտենում հերթական ցիկլոնը, որը բավականին ակտիվ է լինելու․Գագիկ Սուրենյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 4-ի կեսօրից մինչև երեկո Հանրապետության առանձին հատվածներում կլինեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։ Հունիսի 5-ից 6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը և ներկայացրել առաջիկա օրերին սպասվող եղանակային պայմանները։

Հունիսի 7-ից սկսած Սև ծովի շրջաններից ՀՀ-ին է մոտենում հերթական ցիկլոնը, որը բավականին ակտիվ է լինելու։

«Եթե հունիսի 7-ին նրա գործունեության արեալը կընդգրկի Շիրակը, Լոռին, Տավուշը, Կոտայքն ու Գեղարքունիքը, ապա հունիս 8-ից 14-ը ՀՀ ողջ տարածքը կլինի այդ ցիկլոնի ազդեցության գոտում։ Հունիսի 7-ին հյուսիսային շրջաններում, 8-ից 14-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ մեծ մասի շրջաններում, հատկապես գիշերն ու կեսօրից հետո, սպասվում են անձրև ու ամպրոպ, առանձին հատվածներում մեծ է կարկտահարությունը։ Առանձին օրերին ՀՀ առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտեսիվ»,- նշել է նա։

Սուրենյանի խոսքով՝ մինչև հունիսի 7-ը ներառյալ ՀՀ-ն գտնվելու է հարավ-արևելքից ներթափանցող տաք օդային ազդեցության գոտում, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանը կլինի հունիսի 6-ից մինչև 7-ն ընկած ժամանակահատվածում, մայրաքաղաքում և Արարատյան դաշտում ջերմաստիճանը կհասնի մինչև 35 աստիճանի։

Հունիսի 7-ից սկսած տաք օդային ալիքը նահանջելու է, երկրում զովություն բերող հոսանք է ներթափանցելու։ ՀՀ ողջ տարածքում ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով։ Հունիսի 11-ին ջերմաստիճանները կլինեն +25-+26 աստիճանի սահմաններում։




Լրահոս