Տեղատարափ անձրևների հետևանքով Հայաստանի հյուսիսային շրջաններում առաջացած ջրհեղեղները մարդկային զոհերի և խոշոր նյութական վնասների պատճառ են դարձել: Որոշ բնակավայրերում ջրի և ցեխի մակարդակը գրեթե երկու մետր բարձրանալով՝ առաջ է բերել բազմաթիվ ենթակառուցվածքների և տների փլուզում: Հայաստանի իշխանությունների խնդրանքով Շվեյցարիան պատրաստվում է աղետի գոտի գործուղել Մարդասիրական օգնության կորպուսի մասնագետներ, որոնք, մասնավորապես, իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում: Տեղում իրականացվելիք աշխատանքների համար Շվեյցարիան նախատեսում է առավելագույնը 500 000 շվեյցարական ֆրանկ գումար: Այդ մասին հայտնում են Հայաստանում Շվեյցարիայի դեսպանությունից:
Ավելի քան 400 մարդ տարհանվել է հեղեղումներից տուժած բնակավայրերից: Բազմաթիվ ենթակառուցվածքներ, մասնավորապես՝ ճանապարհներ և կամուրջներ, ինչպես նաև գազատարներ և ջրամատակարարման համակարգեր, վնասվել կամ շարքից դուրս են եկել: Որոշ գյուղերում տներ են փլուզվել, իսկ ցեխը և ջուրը գրեթե երկու մետր բարձրացել են: Հաշվի առնելով աղետի ծավալները՝ Հայաստանի իշխանությունները դիմել են Եվրամիության քաղաքացիական պաշտպանության (EUCPM) համապատասխան մեխանիզմներին՝ խնդրելով, մասնավորապես, գործուղել քաղաքացիական շինարարության ոլորտի ճարտարագետների:
Շվեյցարիան անմիջապես արձագանքել է այս խնդրանքին՝ առաջարկելով համապատասխան օգնություն: Ստանալով Հայաստանի իշխանությունների դրական պատասխանը և շահագրգռությունը՝ Շվեյցարական զարգացման և համագործակցության գործակալությունը (SDC) Հայաստան է գործուղում Մարդասիրական օգնության կորպուսի (SHA) ութ մասնագետ, այդ թվում՝ ճարտարագետներ և տեխնիկական մասնագետներ: Նրանք Շվեյցարիայից Հայաստան են մեկնել երեկ երեկոյան՝ նպատակ ունենալով աջակցելու Հայաստանի իշխանություններին վնասված կամուրջների և այլ ենթակառուցվածքների գնահատման հարցում:
Շվեյցարական զարգացման և համագործակցության գործակալությունը (SDC), որ արդեն իսկ ներկա էր Հայաստանում և Հարավային Կովկասում, հրատապ արձագանքման այս ծրագրի համար նախատեսել է մինչև 500 000 շվեյցարական ֆրանկ աղետի գոտում, որը նաև երկրի ամենակարիքավոր շրջանների թվում է: Միաժամանակ Շվեյցարիան շարունակում է ուշիուշով հետևել Եվրոպայում և հարևան երկրներում հեղեղումների իրավիճակին: Շվեյցարիան պատրաստ է արագ արձագանքելու յուրաքանչյուր օգնության դիմումի: