Մաքսային տեսուչն ապրանք տեղափոխող իրանցի 11 վարորդից սպառնալիքով կաշառք է ստացել․ վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մաքսային տեսուչի կողմից ԻԻՀ քաղաքացիներից կաշառք ստանալու փաստերով քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։

Այս մասին հյաղորդագրություն է տարածել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձի կողմից ԻԻՀ քաղաքացիներից տարբեր չափերով կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր:

Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՊԵԿ Մեղրիի մաքսակետի մաքսային տեսուչ Վ. Մ.-ն 2024 թվականի ապրիլի 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Իրանի Իսլամական Հանրապետությունից տարբեր տեսակի և քանակությամբ ապրանքներ ՀՀ տեղափոխող բեռնատարների 11 վարորդների իրավունքները ոտնահարելու սպառնալիքով նրանցից պարբերաբար կաշառք է ստացել: Մասնավորապես՝ ՊԵԿ մաքսային տեսուչը նշված վարորդների բեռնատար տրանսպորտային միջոցներն ու բեռները անհարկի սպասեցնելու և այդ կերպ ԵԱՏՄ օրենսդրությամբ սահմանված կարգով ուղեկցող փաստաթղթերում և էլեկտրոնային տեղեկատվական համակարգում նշումներ կատարելու գործընթացում խոչընդոտներ ստեղծելու սպառնալիքով նրանցից պահանջել և ստացել է մանր չափի կաշառք:

Կաշառք ստանալու համար ՊԵԿ մաքսային տեսուչ Վ. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (11 դրվագ):

Վ. Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:




Լրահոս