Արարատ Միրզոյանը և Միխայիլ Զիբերտը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ընդգրկուն և հավակնոտ օրակարգի մի շարք հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայիլ Զիբերտին։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ընդգրկուն և հավակնոտ օրակարգի մի շարք հարցեր։

Մտքեր են փոխանակվել գործընկերության նոր օրակարգի շուրջ: «Մենք լիահույս ենք, որ այս նոր օրակարգը կներառի բոլոր առանցքային բաղադրիչները և գործիքակազմը՝ գործընկերության զարգացման դինամիկային ու նպատակներին, ինչպես նաև ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ուղղուն համահունչ»,- ընդգծել է նախարար Միրզոյանը: Կարևորվել է ինչպես ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շարունակական կյանքի կոչումը, այնպես էլ դրանից անդին առկա հնարավորությունների առավելագույնս իրացումը:

Արարատ Միրզոյանը և Միխայիլ Զիբերտը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են ՀՀ-ում ԵՄ մշտադիտարկման առաքելությանը, ՀՀ դիմակայության ամրապնդման ուղղությամբ քայլերին, տնտեսական ոլորտում համագործակցության հարցերին:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։

ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումները։ Արարատ Միրզոյանը շեշտել է 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացի շարունակականության կարևորությունը: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ հարկավոր է օգտագործել առկա իրական հնարավորությունը հարատև խաղաղության հասնելու համար:




Լրահոս