ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԿԱՍԿԱԾԵԼԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ղուլարյանի սկանդալային ազատումից հետո Կառավարությունը դժվարությամբ, բայց կարճ ժամանակում նրան փոխարինող գտավ։
Քաղաքաշինության ոլորտում երկարամյա փորձ ունեցող Ղուլարյանին փոխարինեց Հայաստանի ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը։ Վարդանյանը այս պաշտոնին նշանակվել է 2020 թվականին։
Այսպիսով՝ ներկայացնենք, թե ինչ ունեցվածք է հայտարարագրել նորանշանակ քաղշին կոմիտեի նախագահը։
Եղիազար Վարդանյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 2 անշարժ գույք՝ անհատական բնակելի տուն եւ հողամաս։
Անհատական բնակելի տունը գտնվում է Երեւանում եւ ձեռք է բերել 2012 թվականին, երբ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) աշխատակազմի ղեկավարն էր, որտեղ նույն պաշտոնում աշխատել է 2006-2014 թվականներին։ Իսկ հողամասը ձեռք է բերել 2011 թվականին. այն գտնվում է Կոտայքի մարզի քաղաք Ծաղկաձորում։
Ստացվում է՝ Վարդանյանը ունեցվացքի զգալի մասը կուտակել է նշված համալսարանում աշխատակազմի ղեկավար եղած ժամանակ։
Եղիազար Վարդանյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։
Հայտարարագրից հասկանում ենք, որ Կոմիտեի նախագահը «ՄերԱրմինվեսթ» ՍՊԸ-ից, որ բնակարանների կառուցապատող է, ունի փոխառություն, սակայն այդ մասին, հայտարարագրերից ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդի մասին, պաշտոնի ստանձնման կամ դադարեցման օրվա դրությամբ բաժնում ոչ մի հիշատակում չկա։ Ստացվում է՝ Վարդանյանն ունի եւս մեկ անշարժ գույք, որն արժե 27 մլն 109 հազար դրամ, սակայն հայտարարագրում պատշաճ հիշատակում չկա։
Վարդանյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 14 հազար 400 եվրո, 26 հազար 800 դոլար եւ 39 մլն 500 հազար դրամ գումար։
Հետաքրքիրն այն է, որ այս գումարների աղբյուրը եւս հիշատակված չէ։
Գումարի քանակը կասկած է առաջացնում, քանի որ հաշվետու ժամանակաշրջանի՝ 2023 թվականի եկամուտները կազմել են ընդամենը 6 մլն 112 հազար դրամ, որն էլ ստացել է համալսարանից, որտեղ աշխատել է գրեթե 17 տարի։
Սակայն նման համեստ պաշտոնում աշխատող անձը, դժվար թե նման գումարներ կարողանար կուտակել։

Իշխող ՔՊ խմբակցության ներսում շատ հարցերում հակասությունները գնալով խորանում են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մայիսի 28-ին Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելը նոր կրքեր է բորբոքել իշխող ֆրակցիայի ներսում: Նրանցից շատերը թե’ առանձին զրույցներում, թե’ նիստերի ժամանակ իրենց դժգոհությունն են հայտնել ու հասկացրել են՝ Վեհափառի մուտքը խոչընդոտելն իսկապես անթույլատրելի էր ու, ըստ էության, քայլ էր Եկեղեցու դեմ: Չնայած ՔՊ «վերնախավի» արդարացումներին, թե՝ ոստիկաններն ընդամենը որոշ պարզաբանումներ ստանալու նպատակով են կանգնեցրել Վեհափառին, ՔՊ-ական պատգամավորների մեծ մասը ցույց է տվել, որ հաշտ չէ այդ միջադեպի հետ եւ դա համարում է քայլ՝ ընդդեմ Հայոց եկեղեցու: Սակայն, մեծ մասամբ նրանք այս մասին խոսում են մտերմիկ զրույցներում, իսկ հրապարակավ 180 աստիճանով տարբեր բաներ են ասում:

Երեկ դատավոր Հարություն Մանուկյանը պետք է հրապարակեր ՀՀ նախկին ոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործով վճիռը, սակայն այն հետաձգվել է եւ կհրապարակվի հունիսի 3-ին։ Պարզվում է՝ այս վճռից առաջ ԲԴԽ-ն, Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ Դատական դեպարտամենտի պատրաստած ֆիլմի հիման վրա, դատավոր Հարություն Մանուկյանի վերաբերյալ կարգապահական վարույթ էր հարուցել ու օրեր առաջ կարգապահական վարույթը կարճել է, ու չի բացառվում, որ վարույթի կարճմամբ իշխանությունները ակնկալում են նախկին պաշտոնյաների մասով իրենց համար ցանկալի որոշումներ ստանալ դատավորներից. ուստի չի բացառվում՝ Լեւոն Երանոսյանի մասով խիստ ու ծանր որոշում լինի։ Դատական համակարգում վստահ են՝ 8-9 տարվա ազատազրկումն անխուսափելի է։ Հիշեցնենք, որ 2018 թվականի «հեղափոխության» օրերին Բաղրամյան պողոտայում լուսաձայնային նռնակ կիրառելու առիթով հարուցված քրեական գործով է նա մեղադրյալի աթոռին: Օրեր առաջ Երանոսյանն իր վերջին խոսքն ասաց դատարանում։ Մեղադրող դատախազը պահանջել է 11 տարվա ազատազրկում։ Դատավոր Հարություն Մանուկյանը գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Հիշեցնենք, որ Հայաստանի նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանը մեղադրվում է հեղափոխության օրերին ոստիկանության կողմից հատուկ միջոցներ կիրառելու ժամանակ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Լեւոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ, դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից եւ էականորեն վնասել են քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը, ինչպես նաեւ անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ։ Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը, վկայակոչելով Երանոսյանի ցուցմունքը, փոխանցել էր՝ հեղափոխության օրերին Երեւանի թե՛ Բաղրամյան պողոտայում, թե՛ Արցախի փողոցում ստեղծված իրադրությունն այնպիսին էր, որ կային հատուկ միջոցներ կիրառելու պայմաններ, հիմքեր, եւ այդ միջոցները կիրառվել են։ Հավելենք, որ նույնպիսի միջոցներ կիրառվել են ներկա իշխանության օրոք նաեւ անցած տարի սեպտեմբեին՝ կառավարության դիմաց, սակայն որեւէ պատիժ ու քրգործ չկա:

Գյումրիում երեկվանից աժիոտաժ է: Ինչպես արդեն հայտնի է, այսօր Բագրատ Սրբազանը եւ նրա աջակիցները ավտոերթով գնալու են դեպի Գյումրի, որտեղ միջոցառում եւ արդեն երեկոյան հանրահավաք է սպասվում: Հանրահավաքը տեղի կունենա Գյումրիի Թատերական հրապարակում՝ 18:00-ին: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Գյումրիում Բագրատ Սրբազանի գալուն ընդառաջ՝ երեկվանից ակտիվ մթնոլորտ է, քաղաքացիները պատրասվում են նրան դիմավորելուն: Տեղեկացանք, որ մի խումբ գյումրեցիներ պատրաստվում են Սրբազանին եւ նրա աջակիցներին դիմավորել: Այնտեղ է լինելու նաեւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը, որը եւս ընդառաջ է գալու Բագրատ Սրբազանին: Ինչպես մեր աղբյուրներն են հայտնում, երեկվանից քաղաքում ոստիկանական ուժերի կուտակում է սկսվել:




Լրահոս