ԱՆՏԵՍՈՒՄ ԵՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարություն է տարածել. «Հարգելի՛ հայրենակիցեր, Արցախից բռնի տեղահանությունից հետո բազմաթիվ արցախցիներ դիմում են՝ հստակ տեղեկություն ստանալու կուտակային կենսաթոշակային համակարգով կուտակած գումարների ճակատագրի վերաբերյալ։ Խոսքն ընդհանուր առմամբ մոտ 17 մլրդ դրամի եւ մոտ 34,5 հազար շահառուի մասին է։

Հաշվի առնելով խնդրո առարկայի վերաբերյալ արցախցիների շրջանում բարձր հետաքրքրվածությունը՝ մեր կողմից իրականացվել են ուսումնասիրություններ, որոնք հանգում են հետեւյալին՝
– 2024 թ. հունվարի 16-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը լրացում է կատարել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում, որով հնարավորություն է ստեղծվել մասնակիցների համար կուտակված միջոցները իրենց ցանկությամբ փոխանցելու այլ կուտակային կենսաթոշակային համակարգում բացված հաշվին, կամ էլ հետ ստանալու՝ փոխանցելով այն իրենց բանկային հաշիվներին։ 2024 թ. փետրվարի 29-ին ԱՀ կառավարության որոշմամբ հաստատվել է վերոնշյալ օրենքից բխող համապատասխան ընթացակարգը։
– Հարցի շուրջ Արցախի կառավարությունը քննարկումներ է ունեցել շահագրգիռ կառույցների՝ ՀՀ կենտրոնական բանկի, «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի եւ ֆոնդի կառավարիչ «Ջեներալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ?ի հետ, որոնց կողմից եւս որեւէ խոչընդոտ գործընթացի իրականացման տեսանկունից չի ներկայացվել։
– Ըստ էության՝ Արցախի Հանրապետության համապատասխան մարմինների եւ շահագրգիռ այլ կառույցների կողմից ապահովվել է անհրաժեշտ բոլոր իրավական ընթացակարգերը, որոնք ԱՀ քաղաքացիներին հնարավորություն են տալիս կամ հետ ստանալու կուտակված միջոցները, կամ էլ դրանք փոխանցելու ՀՀ կուտակային համակարգում գործող այլ ֆոնդի։ Ըստ օրենքի՝ գործընթացը պետք է ավարտվեր 2024 թվականի նոյեմբերին։
– Սակայն 2024 թվականի մայիսին ՀՀ կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ համաձայն որի նախատեսվում է, որ կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցը, իր դիմումի համաձայն, կարող է իր կուտակած միջոցները տեղափոխել ՀՀ կենսաթոշակային կուտակային համակարգ, իսկ համապատասխան դիմումի բացակայության դեպքում, միջոցները տեղափոխվելու են օրենքի ուժով։
– Փաստորեն ՀՀ կառավարության առաջարկած նախագծով հնարավորություն չի ստեղծվում կուտակված միջոցները մասնակցին վերադարձնելու համար, այլ միայն սահմանվում է, որ դիմումի առկայությամբ կամ առանց դրա կուտակված գումարները փոխանցվելու են ՀՀ կուտակային կենսաթոշակների համակարգում գործող այլ ֆոնդի։
Ըստ էության՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, փաստացիորեն չունենալով որեւէ լիազորություն կուտակված գումարների ճակատագրի տնօրինման մասով, շրջանառվող օրենքի նախագծով փորձում է ներդրումային ֆոնդի գումարները տեղափոխել ՀՀ կենսաթոշակային ֆոնդ՝ զրկելով կուտակային համակարգի մասնակցին սեփական միջոցները տնօրինելու հնարավորությունից։
Հայաստանի Հանրապետության կառավարության համար արդեն ընդունված վարքագիծ է դարձել բռնի տեղահանվածներին վերաբերող հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնել առանց պատշաճ հանրային քննարկման, առանց ներառականություն ապահովելու՝ անտեսելով առնվազն իրենց վերաբերող հարցերի շուրջ լսված լինելու իրավունքը»։
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

ՀԵՐՔՈՒՄ Է ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը օրերս Ազգային Ժողովում հայտարարեց, որ կարծում է՝ եկել է ժամանակը՝ Հայ առաքելական եկեղեցին պիտի հարկվի։
«Մենք պետք է հասկանանք՝ հարկային այն պարտավորությունները, որոնք բոլորի համար առկա են, եկեղեցու հանդեպ ինչո՞ւ չի կիրառվում։ Ես կարծում եմ, որ մոտ ժամանակներում պետք է քննարկենք այս հարցը»,- ասել է ԱԺ նախագահը։
Սիմոնյանի խոսքով՝ եկեղեցին մոմ, գինի, կոկա-կոլա է ծախում, հարստանում է, բայց հարկ չի վճարում։
Այսօր Ազգային Ժողովի հանձնաժողովներում շարունակվում է ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումները։
Քննարկման ընթացքում ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հայտարարեց, որ եկեղեցին վճարում է հարկեր։
Հավելենք նաեւ, որ Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին արդեն մի քանի տարի է հազար խոշոր հարկատուների շարքում է։
Ավելին, ըստ ՊԵԿ-ի հրապարակումների, 2023 թվականի վերջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2023թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին զբաղեցրել է 768-րդ տեղը եւ վճարել է 435 մլն 405 հազար դրամ գումար։
Ստացվում է, որ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հերքում է ԱԺ նախագահի՝ ՀՀ ամենաբարձ ամբիոնից հնչեցրած ամպագոռգոռ հայտարարությունները։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

ԿՄԵԿՆԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 29-ին կարգադրություն է ստորագրել, որում ասված է.
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2024 թվականի մայիսի 29-ի Կ-155-Ա կարգադրությունը՝ կարգադրում եմ.
1. 2024 թվականի հունիսի 3-6-ը Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով 2024 թվականի հունիսի 3-6-ը կգործուղվի Լյուբլյանա։

ՊԱՏՐԱՍՏ Է ՕԳՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՔ ՄԵԿՆԵԼ
Հայաստանի իշխանությունները դրական են արձագանքել հանրապետությունում տեղի ունեցած ջրհեղեղի հետ կապված ռուսական կողմի օգնության առաջարկին։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ Մոսկվան, որպես Երեւանի դաշնակից, միշտ պատրաստ է օգնության ձեռք մեկնել՝ ելնելով հանրապետության կարիքներից։
«Մենք եւս մեկ անգամ մեր ցավակցությունն ենք հայտնում աղետի հետեւանքով զոհվածների ընտանիքներին եւ ընկերներին, իսկ տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

ԵԿԵՂԵՑՈՒՆ ՀԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կարծում եմ՝ այն, ինչ ենթադրում է կրոնական նպատակ, չպետք է հարկվի, այն, ինչ օտարվում է, դրա դիմաց գումար է գանձվում, այդտեղ ավելորդ չէ մտածել» – այս մասին երեկ՝ մայիսի 31-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով Եկեղեցու հարկելու հնարավորությանը:
«Եթե հավատացյալը ցանկանում է հանգանակություն անել առանց հասցեավորման, այդտեղ խնդիր չկա, իսկ եթե ինչ-որ մի պարագա վաճառվում է շահույթ ստանալու նպատակով, կարծում եմ՝ ակնհայտ է, որ պետք է հարկվի»,- ասաց Բադասյանը:
Բադասյանը տեղեկացրեց, որ այս պահին հարկային օրենսգրքով սահմանված են հարկային արտոնություններ որոշակի ծիսական պարագաների օտարման մասով, անշարժ գույքի հարկի արտոնություններ են սահմանված:
Նա հայտնեց, որ եկեղեցու հարկման վերաբերյալ որեւէ նոր նախագիծ չկա:

ՔՊ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԸՆՏՐՎԵԼ Է ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏ
ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը սոցցանցի իր էջում գրում է. «Փարաքար համայնքում ավագանու անդամների 11 կողմ ձայներով համայնքապետ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը։
Հիշեցնենք, որ 2,5 տարի առաջ կայացած ընտրությունների արդյունքով «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Դավիթ Մինասյան» դաշինքը կոալիցիոն հուշագիր էին կազմել, համաձայն որի համայնքի կառավարումն իրականացվելու էր 2,5 տարի Դավիթ Մինասյանի եւ 2,5 տարի Լյուդվիգ Գյուլնազարյանի կողմից։
Շնորհավորում եմ պարոն Գյուլնազարյանին եւ մաղթում արդյունավետ աշխատանք»։

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ
Ադրբեջանը Հայաստանից ակնկալում է ականապատ դաշտերի «ճշգրիտ քարտեզներ». այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի նախագահի՝ հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
«Ակնկալում ենք, որ Հայաստանը ճշգրիտ տվյալներ կներկայացնի մեր պահանջի համաձայն։ Սա կարող է դիտվել նաեւ որպես երկու կողմի միջեւ վստահության հիմնարար միջոց»,- ասել է նա։
Ամիրբեկովը նշել է, որ ականների վերաբերյալ հայկական կողմի տրամադրած տեղեկատվությունը շատ «անորակ է եւ ցածր մակարդակի»։




Լրահոս