Սերժ Սարգսյանը «պատժեց» թատերական աշխարհի ներկայացուցիչների՞ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ հայտնի դարձավ, թե ովքեր արժանացան  ՀՀ նախագահի մրցանակի: Այս տարի, սակայն, թատերական ասպարեզից ոչ ոք պետական մրցանակի չարժանացավ, թեև  եղան  որոշ ներքին դժգոհություններ: Տիկնիկային թատրոնի գեղ. Ղեկավար Ռուբեն Բաբայանից armlur.am լրատվականը հետաքրքրվեց ` միթե 2013-ի ընթացքում չէին ստեղծվել այնպիսի գործեր, որոնք արժանի էին  պետական մրցանակի:

Բաբայանի խոսքով `  այս տարի մրցանակ չտալու որոշումը պատկանում է հանձնաժողովին: «Դժվարանում եմ ասել, արդյոք պետական  մրցանակի արժանացած գործերը ներկայացվել էին հանձնաժողովի դատին»,- ասաց Բաբայանը:

Ըստ արվեստագետի, եթե ընտրվում է հանձնաժողով,ապա պետք  է հարգել և նրա որոշումը, և նրա անդամներին: «Խնդիրն այն է, որ ժամանակ առ ժամանակ անտեսվում են հանձնաժողովի որոշումները»,- կարծում է տիկնիկային թատրոնի գեղ. ղեկավարը:

Արդյոք հանձնաժողովի թե այս, թե նախորդ տարիների գործունեությունը  հաշվի առնելով ` կարելի է  օբյեկտիվ  համարել նրա գործունեությունը: «Արվեստը սպորտ չէ, որ ասես, դու բարձրացրել ես 100, իսկ մյուսը `  120 կգ, հանձնաժողովի անդամները սուբյեկտիվ մարդիկ են, որոնք, կարծում եմ, գաղտնի են քվեարկում: Բոլոր դեպքերում  արվեստում օբյեկտիվ ոչինչ լինել չի կարող»,-  մանրամասնեց մեր զրուցակիցը:

Նախորդ տարի տեղի ունեցավ  Հայաստանի թատերական գործիչների միության համագումարը, որտեղ պետք է ընտրեին միության նախագահի: Մինչ բուն քվեարկությունը միության որոշ գործիչներ սուր ելույթներով հանդես եկան ` այդ կերպ քննադատելով ներկայիս իշխանությանը ու նրա որոշ օղակների:  Միգուցե այս ելույթներն էին պատճառը, որ նախագահը որոշեց «պատժել» թատերական աշխարհի ներկայացուցիչներին:

Ռուբեն Բաբայանը համաձայն չէ. «Այդ ո՞վ է սուր խոսում: Եկեք սև կատու չփնտրեք այն սենյակում, որտեղ նա չկա:  Նախ ես չեմ համարում, որ այդ համագումարը սուր հարց է բարձրացրել: Երկրորդ `  հանձնաժողովի  անդամները կարգին, ինքնուրույն մարդիկ են, առաջնորդվում են  պրոֆեսիոնալ սկզբունքներով: Հիմա հարմար չի եղել, ոչ մեկին էլ չի տվել»:

Ռուբեն Բաբայանը կարծում է, որ ցանկալի կլինի հրապարակայնացվի այն գործերի անունները, որոնք ներկայացված են նախագահի մրցանակի, ավելին `  հանձնաժողովը  պետք է  խիստ մոտեցում դրսևորի և  ոչ բոլոր գործերը  ընդգրկի: «Իսկ այսօր ցանկացած  գործ դառնում է  պետական մրցանակի հավակնորդ, որն իջեցնում է պետական մրցանակի արժեքը»,- ասաց   արվեստագետը:

Բաբայանը խորհուրդ է տալիս մեր արվեստագետներին քիչ մտածել մրցանակների  ու շքանշանների մասին, հակառակ դեպքում նա դադարում է արվեստագետ լինել: Ի վերջո ամենամեծ գնահատականը հանդիսատեսի գնահատականն է:

Սոնա Դավթյան




Լրահոս