Ազգային ժողովրդավարական դաշինքի (NDA) առաջնորդները, որի մեջ մտնում է ընտրությունից հետո հրաժարական տված վարչապետ Նարենդրա Մոդիի «Բհարաթիա ջանաթա» կուսակցությունը, չորեքշաբթի կայացած նիստում միաձայն Մոդիին ընտրել են NDA-ի ղեկավար, հաղորդում է The Hindustan Times-ը:
Հայտարարության համաձայն՝ դաշինքը «կշարունակի աշխատել Հնդկաստանի ժողովրդի կենսամակարդակի բարելավման ուղղությամբ՝ հանուն երկրի համակողմանի զարգացման»։
Մոդին իր հերթին շնորհակալություն է հայտնել բոլոր դաշնակիցներին և խորհրդարանի անդամներին, որոնք միաձայն իրեն ընտրել են NDA-ի ղեկավար:
Երեքշաբթի Հնդկաստանում խորհրդարանի ընտրության արդյունքների հրապարակումից հետո Մոդին և նախարարների կաբինետը պաշտոնապես հրաժարական էին տվել։ Երկրի նախագահ Դրաուպադի Մուրմուն ընդունել էր հրաժարականը։ Այժմ Մոդին և նրա նախարարները կշարունակեն կատարել իրենց պարտականությունները մինչև նոր կառավարության ընտրությունը։